Ողջակիզման և ցեղասպանության հետազոտություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ողջակիզման և ցեղասպանության հետազոտություններ», ցեղասպանության պատմությամբ զբաղվող անգլիական, ամերիկյան և իսրայելյան հասարակական կազմակերպությունների և գիտական կենտրոնների միջազգային հանդես։ Լույս է տեսնում անգլ., Երուսաղեմում, 1985 թվականից. պարբերականությունը (1988 թվականից)՝ տարեկան 4 համար։ Հրապարակում է տարբեր ժամանակաշրջաններում զանազան երկրներում տեղի ունեցած ցեղասպանության պատմության գիտական նյութերը՝ ընդգրկելով քաղաքականության, սոցիոլոգիայի, հոգեբանության, գրականության, բժշկության և այլն ոլորտները։ Հայերի ցեղասպանության մասին լույս են տեսել հետևյալ հոդվածները. Ե. Բաուեր, «Բնաջնջման տեղը պատմության մեջ», Վ. Տատրյան, «Հայերի և հրեաների ցեղասպանության ընդհանրությունները» և «Թուրքական բժիշկների դերը օսմանյան հայերի ցեղասպանության մեջ, Ռ. Մելսոն, «Հայերի 1915 թվականի ցեղասպանության պատճառների մասին», Ջ. Ռեյդ, «Պատերազմի համադրույթն ու ցեղասպանության դրդապատճառները Օսմանյան կայսրությունում» և այլն։ 1990 թվականի 1-ին եռամսյակի համարը ամբողջովին նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png