Ողյումպ կամ Ողյումպ քուրմ, մ.թ. I-II դարերի հայ պատմագիր, կենսագրական որևէ տվյալ նրա մասին չի պահպանվել։ Հիշատակվում է միայն Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում, որը նրան է վերագրում «Մեհենական պատմություն» անունով երկը։ Ըստ պատմահոր Ողյումպը Դարանաղի գավառի Անի ամրոցի տաճարի քուրմ էր և իր պատմությունում նկարագրում է Երվանդ Դ-ի և Արտաշես Ա-ի ժամանակաշրջանի իրադարձությունները։ Այդ պատմության (Երվանդի և Արտաշեսի պայքարը գահի համար, Արտաշատի հիմնադրումը, Արտաշեսի արշավանքներն ու ագրարային բարեփոխությունները ևն) ճշմարտացիությունը հաստատվում է հունա–հռոմեական պատմիչների (հատկապես Ստրաբոնի) և Արտաշես Ա–ի արամեերեն արձանագրությունների տվյալներով։ Ողյումպի և նրա երկի գոյությունը (որ հայագիտության մեջ երկար ժամանակ կասկածելի է համարվել) հիմնավորվում և հաստատվում է նորագույն հետազոտություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 611)։