Ոլորում (մշակում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոլորում (այլ կիրառումներ)

Ոլորում տեքստիլ արդյունաբերության մեջ, թելերի, մանվածքների, պարանների, ճոպանների, էլեկտրաքուղերի, էլեկտրահաղորդալարերի ու գորգերի ֆիզիկամեխանիկական մշակման ձև։ Լայն կիրառություն ունի տեքստիլ, տրիկոտաժի և կարի արդյունաբերությունում։ Ոլորման մեծությամբ, ուղղությամբ և բնույթով են պայմանավորված արտադրանքի ամրությունը, մաշակայունությունը, փափկությունը, հաստությունը, արտաքին տեսքը, ձև ընդունելու և պահպանելու, արդուկման և ծալք առաջացման հատկությունները, հետևապես և՝ որակը։ Ոլորքը բնութագրվում է մեկ մետր երկարությամբ թելին հաղորդած փաստացի ոլորների թվով, երկայնական առանցքի նկատմամբ մանվածքի և թելերի ձախ և աջ թեքվածությամբ։ Ձախ ոլորքի դեպքում թելի կամ մանվածքի բաղադրյալները՝ մանրաթելերը, աջից բարձրանում են վեր՝ թեքվելով դեպի ձախ, փաստորեն, մանվածքն իր առանցքի շուրջը թեքվածությամբ պտույտ է կատարում ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Աջ ոլորքի դեպքում մանվածքը ձախից գնում է վեր, թեքվում դեպի աջ և պտտվում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Բարդ ոլորքով մանվածքներում յուրաքանչյուր բաղադրյալը ոլորվում է առանձին, կամ մի քանիսը ոլորվում են սկզբում դեպի աջ, մյուսները՝ դեպի ձախ, որից հետո միացվում են և ոլորվում դեպի աջ կամ ձախ՝ մնացորդային ոլորով։ Վերջինը գործվածքի երեսաշերտում առաջացնում է հատուկ տեսք։ Հավասարակշռված թելերը ազատ վիճակում ինքնոլորում չեն տալիս, ոլորաօղակներ և հանգույցներ չեն առաջացնում, չեն խափանում արտադրական պրոցեսները, արատների պատճառ չեն դառնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 610