Շվեյցարացի հայասերների միություն (Լիբանան)
Շվեյցարացի հայասերների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Լիբանան |
Հիմնադրված | 1896 |
Շվեյցարացի հայասերների միությունը (հիմնվել է 1896 թվականին) Լիբանանում սկսել է գործել 1920-ական թվականներին 2-րդ կեսից։ 1927 թվականից նրա հոգածության ներքո էր Լիբանանի հայ հաշմանդամների կենտրոնը, որն իբրե կարանոց 1922 թվականին հիմնել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն Ղազիր գյուղում։ Կարանոցը, որին կից գործում էին նաև կույրերին հատուկ դպրոց և արհեստանոց, 1946 թվականին փոխադրվել է Բուրջ Համադ թաղամաս, որտեղ և 1960 թվականին ավելացվել է կանանց ծերանոցի բաժինը։ 1989 թվականից ծերանոց են ընդունվում նաև տարիքավոր, միայնակ տղամարդիկ։ 1964 թվականից Բուրջ Համուդի ծերանոց կարանոցը, որտեղ 1998 թվականին պատսպարվել են շուրջ 150 ծերեր, այրիներ և կույրեր, գործում է հայ առաքելական և ավետարանական համայնքների ներկայացուցիչներից բաղկացած վարչության հովանավորության ներքո և ունի շուրջ 500 հազար դոլարի տարեկան բյուջե։ Ունի նաև դժվար սովորող, խուլ և կույր աշակերտների համար հատուկ դպրոցներ, աշխատանոց։
Հայ առաքելական և ավետարանական համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ առաքելական և ավետարանական համայնքները միասնաբար հովանավորում են Ազունիեի Ազգային բուժարանը (1923-1938 թվականներին գործել է ծովափնյա Մաամելթեյն ավանում), որտեղ պատսպարվում ու բուժվում են թոքախտավորներ և այլատեսակ հիվանդներ, ծերունիներ։
Այլ միություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեսիրական գործունեություն են ծավալում նաև Ս. Եդիա Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից ժողովրդապետության Հայ կաթողիկե աղքատախնամ միությունը (1939 թվականից), Բուրջ Համուդի Հայ կաթողիկե բարեսիրական միությունը, Հայ ավետարանական ընկերային ծառայության գրասենյակը (1936 թվականից) են։
Վերոհիշյալ բոլոր հայկական բարեսիրական հաստատություններն օժանդակում են նաև Լիբանանի ոչ հայկական համայնքներից իրենց դիմող անհատներին և ընտանիքներին, հատկապես՝ առողջապահության բնագավառում։
Հիվանդանոցներ, մայրանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում Բեյրութում գործել են նաև լիբանանահայ անհատ բժիշկների սեփականությունը հանդիսացող «Քրիսչըն մեդիքըլ սենթր», Մերուժան Պաղչեճյանի «Սուրբ Պողոս», Վարուժան Սահակյանի, Վահրամ Տոնելյանի, Գեղամ Հակոբյանի, Միսաք Պարսամյանի և Վահան Կյոչերյանի հիվանդանոցներն ու մայրանոցները։ 1960-1970-ական թվականներին «Հովարդ Կարագյոզյան», «Գալուստ Կյուլպենկյան», «Սթիվն Փիլիպոսյան» բարեսիրական հաստատությունների և Շվեյցարիացի հայասերների միության համատեղ ջանքերով Բեյրութի արվարձաններից Ռաուդայում կառուցված ժողովրդային բնակարաններին (ԷՀԼԱՆ) առընթեր գործում է նաև ընկերային մի կենտրոն, որը խորհուրդներ ու գործնական օժանդակություն է ցույց տալիս շրջանի շուրջ 145 հայ ընտանիքների։