Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոց Շուշիում, հիմնվել է 1864 թվականին, Պ. Շանշյանի, Պ. Պռոշյանի ու տեղացի Հախումյան ամուսինների ջանքերով։ Սկզբում գործել է Հախումյանների սեփական բնակարանից հատկացված հարկաբաժնում։ Տեսչուհի է ընտրվել Մ. Հախումյանը։ Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ և մայրեր։ Ուսուցումը տարվել է հայերեն։ Ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, վայելչագրություն, ձեռագործ, նկարչություն, երգեցողություն։ Մի քանի տարի գործելուց հետո փակվել է։ Վերաբացվել է 1876 թվականին, Ա. Սեդրակյանի ջանքերով, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց անվամբ։ Հետագայում նորից կրել է Մարիամյան անունը։ 1877 թվականին ունեցել է 4 ուսուցիչ, 70 աշակերտուհի։ 1884 թվականից անցել է միջնակարգ դասընթացի (13 ուսուցիչ, 171 աշակերտ)։ 1885 թվականին փակվել, 1886 թվականին վերաբացվել է որպես երկդասյան իգական դպրոց։ 1888-1889 ուսումնական տարում ունեցել է 199 աշակերտուհի։ Ուսումնական առարկաների թվում ավելացել են կրոնն ու բնական պատմությունը։ 1908-1909 ուսումնական տարում ունեցել է 5 բաժանմունք՝ 218 սովորողով։ 1913 թվականին շուշեցի Ղուկասյան եղբայրները ի հիշատակ իրենց հանգուցյալ քրոջ՝ Մարիամի, տեղի օրիորդաց դպրոցին հատկացրել են 200000 ռուբլի, Շուշիում գտնված իրենց տունը (40 հազար ռուբլի արժողությամբ), և դպրոցը կոչվել է Մարիամ-Ղուկասյան։ Բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն, բացի ռուսաց պատմությունից և աշխարհագրությունից։ 1915 թվականին ուներ 320 աշակերտ։ 1917 թվականին լրիվ միջնակարգ դպրոց էր։ Գործել է մինչև 1920 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png