Շնորհակալություն (հուշամեդալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնորհակալություն հուշամեդալ (ֆր.՝ Médaille Merci), 2020 թվականի COVID-19 համավարակի ժամանակ մարդկանց առողջության համար պայքարող առօրյա հերոսներին նվիրված հուշամեդալ։ Թողարկել է Փարիզի դրամահատարանը 2020 թվականի ապրիլին։ Մեդալը արծաթապատ է, տրամագիծը 34 մմ է, քաշը՝ 17,7 գրամ[1]։

Մեդալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալի դիմերեսի կենտրոնում երեք կերպար է պատկերված` բուժաշխատող, շտապօգնության վարորդ և հրշեջ։ Նրանց ներքևում հինգ զույգ ծափահարող ձեռքեր են։

Աջ կողմում պատկերված են համաճարակի ընթացքում աշխատող մարդկանց՝ ֆերմերների, մանրածախ առևտրականների, գանձապահների, առաքիչների, փոստատարների և հավաքարարների մասնագիտությունների խորհրդանիշներ։ Ձախ կողմում բժշկության խորհրդանիշներ են՝ «15» և «18» թվերը, խաչը, «կյանքի աստղը» (շտապօգնության պատկերանիշը), Ասկլեպիոսի գավազանը, հիվանդանոցների խորհրդանիշը «H» տառը (կարճ՝ «hôpital»): Վերևում կորոնավիրուսը խորհրդանշող ամպ է, իսկ նրանից և կենտրոնական ֆիգուրներից վերև գրված է «MERCI» (շնորհակալություն)։

Մեդալի հակառակ կողմում աստղերի շրջանի մեջ Կոնտիի առափնյակում գտնվող Փարիզի դրամահատարանի շենքն է, նրա անունը՝ «Monnaie de Paris» և թողարկման տարին՝ 2020[1]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 15-ից Փարիզում գտնվող թանգարանն ու դրամահատարանի խանութը COVID-19 համավարակի պատճառով այցելուների համար փակ են։ Մեդալը վաճառվում է դրամահատարանի առցանց խանութի միջոցով։ Մեդալի գինը 8 եվրո է, որից 6 եվրոն դրամահատարանը փոխանցվում է Ֆրանսիայի բարեգործական հիմնադրամին (ֆր.՝ Fondation de France)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Médaille Merci métal couleur argent». monnaiedeparis. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.