Շամիրամի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շամիրամի սարավանդ, Շամիրամ, սարավանդ Հայաստանի Արագածոտնի մարզումում, Արագածի հարավային լանջին[1], Արարատյան գոգավորությունում[2]։ Բարձրությունը 1500—1600 մ, տարածքը 222 կմ²։ Կազմված է հրաբխային ապարներից (անդեզիտաբազալտներ, տուֆեր և այլն)։ Ունի բլրաալիքավոր, մասամբ՝ տափարակ ռելիեֆ։ Մասնատված է արկղաձև հովիտներով և ձորակներով։ Զարգացած են սելավային երևույթները, ջերմային և քիմիական (կարբոնատային կեղևի գոյացում) հողմահարումը։ Կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարեկան տեղումները 300—350 մմ են։ Գերակշռում են կարբոնատային գորշ, բարձրադիր մասերում՝ լեռնային շագանակագույն հողերը։ Հարավում տարածված է կիսաանապատային, հյուսիսում՝ չոր տափաստանային բուսածածկույթը։ Արհեստական ոռոգման պայմաններում զբաղվում են այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Առանձին տեղամասեր օգտագործվում են որպես արոտավայրեր։ Հյուսիսային մասը լեռնոտ է, հարավային՝ համեմատաբար հարթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 69 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png