Նորայր Նորիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Նորիկյան
Custom resized 28418130-1229-4b07-87ff-f38ef644a2d0
Ծնվել էնոյեմբերի 4, 1978(1978-11-04) (45 տարեկան)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավաբան
ԳործունեությունԻրավաբանություն, կուսակցական գործունեություն
Աշխատավայր«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

Նորայր (Նորիկ) Գվիդոնի Նորիկյան[1] (նոյեմբերի 4, 1978(1978-11-04)), կուսակցական[2][3][4][5], քաղաքական գործիչ[2], իրավաբան[1][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ից 2005 թվականներին Նորայր Նորիկյանը սովորել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ Միևնույն ժամանակ՝ 2002 թվականին, նա մասնակցել Է ՄԱԿ-ի «Երևանյան գրասենյակի» կողմից ֆինանսավորված և «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացված «Ապաստանի համակարգի զարգացումը Հայաստանում» խորագրով դասընթացին։ 2004 թվականին մասնակցել է հոլանդական «Քորդեյդ» կազմակերպության աջակցությամբ և «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և եվրոպական իրավունք» դասընթացը։

2005-ից 2007 թվականներին Նորայր Նորիկյանը սովորել և ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտակրթական Միջազգային Կենտրոնի» մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում։ 2006 թվականին ունկնդրի կարգավիճակով մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդին առընթեր «Քաղաքական դասընթացների դպրոցների ամառային համալսարանի» սեմինարին։ 2006-ից 2007 թվականներին սովորել և ավարտել է Եվրոպայի Խորհրդին առընթեր քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

Հանդիսանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի» հայցորդ։

2005-ից 2006 թվականներին Նորայր Նորիկյանն աշխատել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում որպես կադրերի և կազմակերպչական հարցերի գծով պրոռեկտոր։ Դասավանդել է «սահմանադրական իրավունք», «եվրոպական իրավունք», «Հայաստանի դատական համակարգ», «ԴԱՀԿ», «իրավապահ մարմինների գործունեություն», «մունիցիպալ իրավունք» առարկաները։ 2007-ից 2009 թվականներին աշխատել է Երևանի Գյուղատնտեսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես իրավունքի դասախոս։

Իրավաբանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-ից 2012 թվականներին Նորայր Նորիկյանը աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում որպես նախարարին առընթեր հասարակական խորհրդի իրավաբան։ 2012 թվականից մինչ օրս հանդիսանում է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենը[1], ինչպես նաև Հայաստանի փաստաբանների պալատի անդամ-փաստաբան[1]։ 2012-ից 2013 թվականներին պայմանագրային հիմունքներով որպես փաստաբան աշխատել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում»։ 2014 թվականին որպես փաստաբան պայմանագրային հիմունքներով աշխատել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի» իրականացման գրասենյակում։ Ունի հատուկ քաղաքացիական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Նորիկ Նորիկյանն իր համախոհ ընկերների հետ հիմնադրել է «Արդար Հայաստան» կուսակցությունը, հանդիսանում է կուսակցության նախագահը[2][3][4][5]։ Նրա ղեկավարած կուսակցությունն իր առաջնորդությամբ մասնակցել է 2021 թվականին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հավաքելով 0,6% ձայն[2]։ Որպես կուսակցության նախագահ՝ մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտախորհրդարանական ուժերի նիստերին[6]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-ից 2009 թվականներին Նորայր Նորիկյանը հանդիսացել է «Երիտասարդական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը։ 2004-ից 2005 թվականներին հանդիսացել է «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբան ուսանողների բաժանմունքի համանախագահը։

Նա ունի հրատարակած մի շարք վերլուծական և մասնագիտական հոդվածներ։

Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական և «Պաշտպան Հայրենյաց» մեդալներով։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]