Նշան Նահիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Տեր-Վահրամի Նահիկյան
Ծնվել է1883, օգոստոս
ԾննդավայրԽար­բեր­դի նա­հան­գ, Խար­բեր­դի գա­վառ­ի Հյու­սեյ­նիկ գյուղ
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունՄե­զի­րեի ֆրան­սի­ա­կան քո­լե­ջ
Բեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տետ
Մասնագիտությունբժիշկ
Կոչումբժշկա­պետ
ԿուսակցությունՀՅԴ
ԾնողներՏեր Վահ­րամ քա­հա­նա

Նշան Տեր-Վահրամի Նահիկյան (1883, օգոս­տո­ս, Խար­բեր­դի նա­հան­գ, Խար­բեր­դի գա­վառի Հյու­սեյ­նիկ գյուղ - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Տեր-Վահրամի Նահիկյանը ծնվել է 1883 թվականի օգոստոսին, Խար­բեր­դի նա­հան­գի Խար­բեր­դի գա­վառի Հյու­սեյ­նիկ գյուղում։ 1895 թվականին սուլթան Աբ­դուլ Հա­միդ II-ի կազմակերպած հայկական ջարդերի ժամանակ թուրքերը հորը՝ Տեր Վահրամ քահանային կացնահար սպանել են։ Վայրենիները սրախողխող են արել նաև երկու եղբայրներին ու երկու քույրերին։

12-ամյա Նշանը սրունքից ու գլխից կացնահար վիրավոր, ուժասպառ և արյունաքամ վիճակում հանձնվել է մորը, որի գլխին ևս կացնի հարվածի 3 վերքեր կային։ Նշանը բուժվել է Մեզիրեի ֆրանսիական քոլեջի հիվանդանոցում։ Այնուհետև մոր, կրտսեր եղբոր, երեք քույրերի և զարմիկի հետ ապաստանել է լատին կապուչինյան միաբանության որբանոցում։ 1900 թվականին ավարտել է Մեզիրեի ֆրանսիական քոլեջը։ 1900-1902 թվականներին նույն քոլեջում դասատու է աշխատել։ 1902-1904 թվականներին կապուչինյան միաբանության ղեկավարը նրան ուղարկել է Եդե­սիա, որտեղ դասատու է աշխատել։ 1904/1905-1909 թվականներին կապուչինյան միաբանության ղեկավար փեր (հայր) Ռաֆայելի նյութական աջակցությամբ ընդունվել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1905 թվականին լինելով ուսանող, մասնակցել է Բեյրութում ՀՅԴ կոմիտեի հիմնադրմանը։

1909 թվականի աշնանը վերադարձել է Մեզիրե և ամուսնացել տեղացի անվանի փաստաբան Միքայել Արսլանյանի դստեր հետ։ Կա­րի­նում բժիշկ, ապա՝ բժշկապետ է աշխատել, եղել սիրված ու հարգված անձնավորություն։ Եղել է հասարակական և քաղաքական եռանդուն գործիչ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով դարձել է Ծոփաց բարձրավանդակի (Խարբերդի շրջանի [կուսակցական ծածկագրությամբ՝ Լեռնասարի]) ՀՅԴ ակնառու դեմքերից մեկը, ընտրվել ՀՅԴ Լեռնասարի կենտրոնական կոմիտեի անդամ, հերթապահ։ Նրա միջոցով են պահպանվել ՀՅԴ հարաբերությունները նահանգապետի և կառավարական մարդկանց հետ։

Նրա տունը դարձել էր ՀՅԴ կուսակցության տունը, ուր հաճախ գալիս էին կուսակցական գործիչները։ 1914 թվականին, Առաջին աշխարհամարտը սկսվելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Հասան կալե և գերմանացի հրամանատարի ղեկավարության տակ զինվորական բժիշկ ծառայել։

Կարճ ժամանակից, բարեխիղճ ծառայության համար, արժանացել է գերմանացի հրամանատարի դրվատանքին և զինվորական աստիճանի բարձրացման։ Որոշ ժամանակ անց վարակվել է ժանտախտով, սակայն բուժվել և հրաշքով փրկվել է այդ մահասփյուռ հիվանդությունից։

Բժշկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի ապրիլին, կարճատև արձակուրդ ստանալով, հանգստանալու և ապաքինվելու նպատակով Կարինից եկել է Խարբերդ /Մեզիրե՝ ընտանիքի մոտ։ Մեզիրեում թուրք բժիշկներ Թևֆիկը և Զիան պահանջել են, որ նա ոչ պաշտոնապես օգնի իրենց, քանի որ բժշկական աշխատանքների կարիք կար։ Նշանը, կրկին ռազմաճակատ չուղարկվելու ակնկալիքով, նրանց հետ ամեն հանձնարարություն կատարելուն սիրահոժար համաձայնել է։ Նրան զինվորական կենտրոնական հիվանդանոցի գիշերապահ բժիշկ են նշանակել։

Երբ բժշկի հանգստանալու ժամկետը լրացել է և նրան հետ են կանչել կենտրոնից, զինվորական հրամանատարությունը պահանջել է, որ նա մնա Խարբերդում, ինչը բժշկի համար մեծ մխիթարություն է եղել։ Խարբերդում գտնված ժամանակ իր զորամասից գոհունակության թղթեր է ստացել և նորից զինվորական աստիճանի բարձրացման արժանացել։

Խարբերդում մեծ ծառայություններ է մատուցել հայազգի զինվորներին։ Մի քանի օրից վերադարձել է Հասան կալե՝ զինվորական ծառայության։

1915 թվականի ապրիլի վերջերին, սովորականի պես գնացել է զորանոց՝ իր բժշկական պարտականությունները կատարելու, բայց նկատել է, որ զինվորներն իրեն չեն բարևում և միմյանց հետ փսփսում են։ Այդ օրը, նա հերթապահելիս է եղել բժիշկ Զիայի փոխարեն։

Ոստիկանները դիմել են բժիշկ Զիային, որպեսզի նա թույլ տա, որ Նշանը մի հիվանդի այցելի։ Զիան իմանալով, որ դա պատրվակ է, չի մերժել և Նշանին հրամայել է գնալ ոստիկանի հետ։ Ոստիկանները նրան առաջնորդել են հրամանատարի սենյակը, որտեղ պոկել են ուսադիրները և պահանջել, որ հանի իր զինվորական համազգեստն ու հանձնի սուրը։ Սա բժշկի համար տհաճ անակնկալ է եղել։ Սկզբում չի ցանկացել հնազանդվել, ապա զայրույթով լցված, հանել է համազգեստը և սուրը, ասելով. «Առէ՜ք ձեր հա­գուստ­նե­րը ձե­զի. մենք ան­կեղ­ծօ­րէն նա­յե­ցանք ձե­զի, բայց յի­մա­րա­ցած էինք… Առէ՜ք, ասոնք չե՜ն յմարիր մեզի»։

Այնուհետև երկու սվինավոր զինվորների ուղեկցությամբ նրան Մեզիրեի կենտրոնական բանտ են տարել։ 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ է իրականացրել։

Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել։ Նրանց բոլորին բանտարկել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին։ Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան Էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն։

Բժիշկ Նշան Նահիկյանը համարձակորեն առաջ գալով ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդե­սիա պի­տի ու­ղար­կեք, ավե­լի լավ է, որ ցե­րե­կով ու­ղար­կեք, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը իմա­նա, որ մենք Եդե­սիա ենք գնում, իսկ եթե ձեր հե­տին դի­տա­վո­րու­թյու­նը մեզ սպա­նելն է, կրկին ցե­րե­կով սպա­նեք և կա­խեք, որ­պես­զի հա­մայն Խար­բեր­դի ժո­ղո­վուր­դն ակա­նա­տես լի­նի մեր մա­հին»։ Չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը։ Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդ բեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել։

1915 թվականի հունիսի 25-ին/հուլիսին/օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների), Խարբերդ քաղաքի Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել։ Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը։ Բոլորը զոհվել են։

35 տարեկան Էդվարդ Թաշճյանը և 32 տարեկան Նշան Նահիկյանը կրակի բոցերի միջից դուրս են եկել կիսամեռ վիճակում։ Ոստիկանները սվիններով պատառոտել են նրանց։ 37 բանտարկյալների կիսամոխրացած դիակներն աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Նահիկյանի այրին ու որդի Վահրամը տարագրվել են Հա­լեպ, ապա՝ Բեյ­րութ, որտեղ Վահրամը ֆրանսիական դեսպանատան ակնառու պաշտոնյաներից մեկն է դարձել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Բախտիկեան Սարգիս (խմբագ իր), Ոսկեգետակ, տարեգիրք, Գ. տարի, Պէյրութ, 1948։
  • Հ ասկ աք աղ։ Բրոֆ. Տ. Կ. Լիւլէճեանի (Բագրատ) գրական վաստակը եւ 1915ի բանտի յուշերը, Ֆրէզնօ, 1955։
  • Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույն իսկ մարդ ու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թթ.), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեան, Պոսթըն, 1965 թ.։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ, Ե., 2000։
  • Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։