Նղրյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նղրյաններ, իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Սերել են Հեթումյան արքայատան հետ խնամիացած Բարձրբերդի իշխանական տնից։ Եղել են Ճկեր գավառի Նղիր բերդի տերը (այստեղից էլ՝ նրանց Նղրյաններ պայմանական տոհմանունը)։Առաջին Նղրյաններից հիշվում է Կոստանդին իշխանը (մահացած 1308 թ.),որն իրեն համարել էր Հեթում Ա թագավորի հայր Կոստանդինի թոռը։ Նրա որդիներն էին Վասակը(մահացած 1328 թ.), Հեթումը և Բաղդինը (Պաղտին)։ Օշին թագավորի օրով (1308–1320 թթ.) Հեթումը կարգվել է արքունի ատենապետ, ապա՝ ջամբռլա (հազարապետ), իսկ Օշինի մահից հետո՝ նաև մանկահասակ Լևոն Դ թագավորի խնամակալներից մեկը։ Հեթումի եղբայր Բաղդինը վարել է մարաջախտության գործակալությունը (1329–1336 թթ.)։ Նրա ավագ որդի Կոստանդինին իշխանների խորհուրդը 1345 թ.-ին հռչակել է Հայոց թագավոր (տես Կոստանդին Դ)։ Վերջինիս հաջորդել է Հեթում ջամբռլայի որդի Կոսաանդինը (տես Կոստանդին Ե)։ Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից հետո Նղրյանների մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։