Նիմֆալիդներ (լատիներեն՝Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հազար, Հայաստանում՝ 60 տեսակ։ Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տալիս թիթեռին նստած դիրքում աննկատ մնալ։
Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք։ Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է։ Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ։ Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոստայնանման բներում։
Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա։ Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Նիմֆալիդներ և այլն)։ Հարսնյակները հաճախ մետաղ, փայլուն բծերով են, կախված են գլխիվայր։ Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները։
Նիմֆալիդների լայնորեն տարածված տեսակներից են՝ սևադեղնավուն (լատիներեն՝Nympha- los xantomelus), ցերեկային սիրամարգակն (լատիներեն՝Inachisio), անկյունաձև էգեյա (լատիներեն՝Polygonia egea), սադափաթիթեռ (լատիներեն՝Arginnis pandora), կարմիր ադմիրալ (լատիներեն՝Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (լատիներեն՝Vanessa cardui), դիդիմա (լատիներեն՝Melitaea didima) և այլն։ Որոշ հետազոտողներ վերջին տարիներին նիմֆալիդների ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթիթեռներին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։