Ներման աղոթք (Վահան Թոթովենց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներման աղոթք
Ժանրպատմվածք
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Գրվել է1916 թվական
ՎիքիդարանՆերման աղոթք

«Ներման աղոթք», Վահան Թոթովենցի մանրապատումներից է անցյալի անմեղ մի «մեղքի» մասին՝ գրված 1916 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը Թոթովենցի մանկական հիշողություններից մի դրվագ է։ Նա պատմում է, թե ինչպես էր մայրն իրեն սովորեցրել եկեղեցասեր ու ջերմեռանդ աղոթող լինել։ Մայրն ինքն էլ աստվածավախ ու աստվածապաշտ կին էր, որն աղոթում էր ոչ միայն իր, այլ նաև ամուսնու փոխարեն, ներում խնդրում ամուսնու համար, որ 30 տարի ի վեր եկեղեցի չէր գնում։ Նա տղային աստծո մասին պատմելով՝ փոխանցում էր իր միամիտ պատկերացումներն ու ասում.

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը…

Մի անգամ գյուղից մի քանի խնձոր էին բերել, որոնք մայրը պահել էր հյուրերի համար։ Դրանք մեծ ու փայլուն խնձորներ էին, և նա գողանում է այդ խնձորներն ու տալիս Զարուին՝ իրենց դրացու աղջկան։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով մի աղջիկ էր։ Թոթովենցը պատմում է, որ ինքը տղաների հետ չէր խաղում, այլ միայն Զարուի, իսկ Զարուի ծնողները շուտով Պոլիս պիտի տեղափոխվեին՝ իրենց հետ տանելով նաև աղջկան։ Ինքը տխուր էր և ցանկանում էր գոնե վերջին շնորհը բերել աղջկան։ Նա աղջկան տանում է այգի, նստեցնում խոտերին ու նրան տալով խնձորները՝ համբուրում աղջկա այտը։ Իսկ աղջիկը վերցնում է խնձորները՝ թողնելով, որ ընկերը համբուրի իրեն, իսկ երբ ուտում վերջացնում է խնձորները, փախչում է տուն։

Երբ տղան տուն է գալիս, նրան թվում է, թե մայրն արդեն գիտի այգում եղածի մասին. նա տղայի բոլոր հանցանքներն իմանում էր աչքերի մեջ նայելով։ Մայրը նրան տանում է պատշգամբ աղոթելու, և տղան աղոթում է.

Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես։

Իսկ մայրը, առնելով տղային իր տաքուկ գիրկը, ասում է, որ Աստված կների նրան գողության համար։

Գաղափարը և կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներման աղոթքը» մանկության տարիների մի անմեղ դրվագ Է, երազային վերհուշ, կենսագրական մի բեկոր, որում հեղինակը պատկերում է երեք դիմանկար՝ «քրիստոնյա և աստվածավախ» մոր, իր և իրենց դրացի փոքրիկ Զարուի դիմանկարները[1]։ Թոթովենցի մայրը, ինչպես հեղինակն է ասում «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպում, մայրը Քրիստոսից հետո երկրորդ քրիստոնյան էր։ Հայտնի է, թե Թոթովենցը ինչպիսի ջերմագին ու պաշտամունքի հասնող սեր է տածել դեպի մայրը[1] և նույն կերպ էլ կերտել է մոր կերպարն իր գրեթե բոլոր գործերում։ Զարուն գեղեցիկ մի աղջիկ էր, որին սիրում էր հեղինակը, բայց և նրա լավ ընկերն էր, խաղընկերը։ Աղջկա կերպարը պատմվածքում ընդգծված առանձնահատկություններ չունի, կարելի է միայն շեշտել, որ նա այնուամենայնիվ թողեց, որ ընկերը համբուրի իրեն։ Հեղինակի կերպարը վերհուշում առանձնանում է անկեղծությամբ, պարզությամբ և հենց այս կերպարում է ամփոփվում պատմվածքի գլխավոր գաղափարը՝ սերը։ Նվիրելով Զարուին անմեղ ձեռքով գողացված խնձորները՝ նա նվիրում է իր անկեղծ ու անմնացորդ սերը։ Հետո պատանու միամտությամբ խնդրում է Աստծուն այնպես անել, որ աղջիկը չգնա գյուղից։

Այսպիսով, պատմվածքում տեսնում ենք սիրո երեք արտահայտություն՝ սեր դեպի Աստված, դեպի մայրը և դեպի կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տոնոյան, Սեդա (2004). «2» (PDF). «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու («Ասողիկ» հրատարակչություն ed.). Երևան: էջ 12. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)