Jump to content

Նեոդարվինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոդարվինիզմ (նեո․․․ և դարվինիզմ), էվոլյուցիոն կոնցեպցիա, ստեղծել է 19-րդ դարի 80-90-ական թվականներին Ավգուստ Վայսմանը։ Նեոդարվինիզմի հիմքում ընկած են նրա հիպոթեզները «անընդհատ», «անմահ» սաղմնային պլազմայի գոյության (որի փոփոխությունները հնարավոր են հիմնականում ծնողական սաղմերի խառնման ժամանակ) և սաղմնային ընտրության մասին։ Վերջինս ընտրության սկզբունքը տարածում է ժառանգականության ներբջջային միավորների՝ դետերմինանտների վրա, որոնց ընտրությունը և անհավասարաչափ տեղաբաշխումը իբր բխում են սեռական բջջում դրանց միջև ընթացող պայքարից և հանգեցնում են կենսական նոր ձևերի առաջացման։ Այդ դեպքում դարվինյան բնական ընտրությանը տրվում է սաղմնային ընտրության պրոցեսում առաջացող ոչ պիտանի ձևերը խոտանողի դեր։ Նեոդարվինիզմի կոնցեպցիան պարունակում էր արդյունավետ գաղափարներ (ընդունում էր քրոմոսոմների դերը ժառանգականության պրոցեսում, հերքում ձեռքբերովի հատկանիշների ժառանգումը), սակայն ամբողջությամբ վերցված, որպես բնական ընտրության դարվինյան տեսության լրացման փորձ, սխալ էր։ Երբեմն նեոդարվինիզմը անվանում են ժամանակակից դարվինիզմ, որը պատմական տեսակետից սխալ և անհաջող արտահայտություն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 225