Նարնջագույն գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարնջագույն գիրք (Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ Բարենորոգումները Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26 - 1914 թվականի մայիսի 10, ռուսերեն՝ Сборник дипломатических документов. Реформы в Армении. 26 ноября 1912 года10 мая 1914 года. Петроград, 1915), Հայկական հարցի նախապատերազմյան շրջանի պատմությանը նվիրված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրատարակած փաստաթղթերի ժողովածու։ Պարունակում է 159 փաստաթուղթ Կ. Պոլսի ոուսական դեսպանատան և ԱԳՆ նամակագրություններ ու հեռագրեր, հայկական բարենորոգումների հարցի շուրջ Ռուսաստանի ԱԳՆ և Կ. Պոլսի ու եվրոպական մայրաքաղաքների ռուսական դեսպանների փոխանակած հուշագրեր և այլ փաստաթըղթեր, Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանների, պատրիարքարանի ու Ամենայն հայոց կաթողիկոսության, ինչպես նաև թուրքական կառավարության հետ ռուս, դիվանա գետների առնչությունների ու բանակցությունների վերաբերյալ զեկուցագրեր, հայկական բարենորոգումների ծրագրի նախագծեր և այլն։ Ունի ընդարձակ հավելված, ուր տեղ են գտել թուրքական կառավարության շրջաբերականները եվրոպական երկրների իրենց դեսպաններին, ընդհանուր տեսուչների համար նախատեսված հրահանգները, Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913 թ. հուլիս) նիստերի սղագրությունը (ֆրանս.), ինչպես նաև Օսմանյան կայսրության 6 հայկական վիլայեթների (Արևմտյան Հայաստանի) ազգագրական կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Այս ժողովածուի հիման վրա Ռուսաստանի դիվանագիտական արխիվը լույս ընծայեց «Հայաստանի ապագա կառուցվածքը» (Будущее устройство Армении. Третья оранжевая книга. П., 1915) գիրքը, որը, հրատարակիչների ասելով, Թուրքիայում հայկական հարցի վերջին փուլի «ամենալիակատար ու ճշմարտացի» պատմությունն է։ «Ռուսական դիվանագիտության ջանքերով, որը ամուր աջակցություն գտավ Եռյակ համաձայնության տերությունների կողմից, ձեռք բերվեցին այնպիսի արդյունքներ, որոնք համարձակ կարելի է ամփոփել որպես Հայաստանի ապագա ինքնավարության հիմքեր։ Սակայն բռնկած պատերազմը Թուրքիայի հետ, ցավոք, իհարկե, կուշացնի այդ դրության լիովին իրականացումը, բայց չի խափանի այն...»[1]։

Այս գրքում արխիվային փաստաթղթերը դասակարգված և մեկնաբանված են հետևյալ հիմնական խորագրերի տակ՝ «Տերությունների վերաբերմունքը Հայաստանին», «Հայաստանի ռուսական կազմակերպումը», «Թուրքական չարչիությունը», «Հայաստանի նոր պետական կարգը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Будущее устройство Армении. Третья оранжевая книга. П., 1915, էջ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։