Մ. Պ. Արբուզովայի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ. Պ. Արբուզովայի դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
ՎայրԶնամենկա փողոց
Ճարտարապետական ոճամպիր
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մ. Պ. Արբուզովայի դաստակերտ (ռուս.՝ Усадьба М. П. Арбузовой), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն` Զնամենկա փողոց, տուն 8/13, շինություն 2։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զնամենկայի և ժամանակակից Ստարովագանկովսկի նրբանցքի անկյունում գտնվող հողակտորը, որն առաջացել էր ավելի խոշոր` Լևաշովի հողակտորի մասնատման արդյունքում[3], 1828 թվականին գնել է վաճառականուհի Մ. Պ. Արբուզովան։ Նրա ամուսինը` Դմիտրի Նիկոլաևիչը, եղել է փոխգնդապետ, Սուրբ Գևորգի շքանշանի IV աստիճանի ասպետ։ 1829 թվականի հատակագծում այդ վայրում արդեն պատկերվում է ամպիր ոճով կառուցված դաստակերտը։ П-աձև հատակագծով երկհարկանի գլխավոր տունը կողմնորոշված էր դեպի Զնամենկա և կանգնած էր նրա կարմիր գծով։ Բակում եղել է այգի, Վագանկովսկի նրբանցքի երկայնքով կառուցված էին մեկհարկանի դաստակերտային շինություններ։ Տան երկու կողմերում դրված էր դարպասով քարե ցանկապատ։ Դաստակերտի ճակատները դեղին էին, երկրորդ` գլխավոր հարկն աչքի է ընկնում բարձր պատուհաններով։ Նրանց վերևում հավասար հեռավորությունների վրա գտնվում էին դեկորատիվ տարրերը` ժապավեններով ծաղկեպսակներ, կողպեքային քարի վերևում պրոֆիլավորված գոտիներ և առատության եղջյուրներով մեդալիոններ[4]։

1833 թվականին Վագանկովսկի նրբանցքի շինությանը վարձակալությամբ հանձնելու նպատակով վերնահարկ է կառուցվել, ինչի հետևանքով կալվածքի նկարագիրը փոքր-ինչ հեռացել է դասականից։ 1884 թվականին տնատիրությունը բաժանվել է երկու մասի։ Հյուսիսայինը, որտեղ նախկինում այգի էր գտնվում, վաճառվել է ժառանգական պատվավոր քաղաքացուհի Վարվառա Լեպյոշկինային և առանձնացվել է համատարած ցանկապատով։ Ճարտարապետ Բ. Վ. Ֆրեյդենբերգը այս նոր կալվածքում կառուցել է երկհարկանի շենք (№ 10, շինություն 1), որը 1930-ական թվականներին վերնակառուցվել է` դառնալով քառահարկ։ Վարվառա Լեպյոշկինայի մահվան պահին` 1901 թվականին, Արբուզովայի նախկին կալվածքը ևս նրա սեփականությունն էր։ 1909-1911 թվականներին դաստակերտի գլխավոր տանը կից, փողոցի և նրբանցքի անկյունում, ճարտարապետներ Նիկոլայ Բլագովեշչենսկին և Ֆեոդոր Շեխտելը կառուցել են Ալեքսանդր Շամշինի վեցհարկանի եկամտաբեր տունը։ Արդյունքում դաստակերտի շինություններից մեր օրերն է հասել միայն գլխավոր տունը[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Городская усадьба, начало XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Левина, Ирина. «Городская усадьба В.Я.Лепешкиной». Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,0 4,1 Мезенцева, Юлия. «Усадьба М.П. Арбузовой» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.