Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» (անգլ.՝ Think globally, act locally), արտահայտություն, որն օգտագործվում է տարբեր համատեքստերում, այդ թվում՝ պլանավորման, շրջակա միջավայրի, կրթության, մաթեմատիկայի, բիզնեսի և կրոնի։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» արտահայտությունը հորդորում է մարդկանց մտածել ողջ երկրագնդի առողջության մասին և քայլեր ձեռնարկել իրենց իսկ համայնքներում և քաղաքներում։ Դեռ տարբեր երկրների կառավարությունների կողմից բնապահպանական օրենսդրության ընդունումից շատ առաջ մարդիկ միավորվում էին՝ պաշտպանելու իրենց միջավայրը և այնտեղ ապրող օրգանիզմներին։ Այս գործողություններն անվանում են ժողովրդական ջանքեր։ Դրանք տեղի են ունենում տեղական (լոկալ) մակարդակում և հիմնականում իրականացվում կամավորների և օգնող ուժերի միջոցով։

«Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» արտահայտությունն ի սկզբանե առաջացել է ժողովրդական մակարդակում, այդուհանդերձ այն ներկայումս ​​խիստ կարևորություն ունեցող գլոբալ հայեցակարգ է։ Կորպորացիաները, պետական ​​պաշտոնյաները, կրթական համակարգը և տեղական համայնքները նույնպես կարևորում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։

Ուորեն Հիփսը նշում է.

«Իրոք, կարևոր է գիտակցել, որ ամբողջ աշխարհում շուկաները տարբեր են, և կորպորացիայի փոխհատուցման ծրագրերը պետք է հավասարակշռություն հաստատեն ընկերության համընդհանուր սկզբունքների և տեղական միջավայրին հատուկ սովորույթների ու պրակտիկայի միջև[1]։

Արտահայտության ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե ով է առաջինն այս արտահայտությունը կիրառել բնապահպանական համատեքստում, վիճելի է։ Ոմանք նշում են, որ դրա հեղինակը Դևիդ Բրաուերն է[2], որը 1971 թվականին[3] հիմնադրելով բնապահպանական կազմակերպությունների «Երկրագնդի ընկերներ»[4] անունը կրող միջազգային ցանցը՝ արտահայտությունն ընտրեց որպես դրա կարգախոս։ Ոմանք էլ արտահայտության ստեղծումը 1977 թվականին վերագրում են Ռենե Դյուբոյին[5]։ Կանադացի ֆուտուրիստ Ֆրենք Ֆեդերը, որը 1979 թվականին նախագահել է «Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» անունը կրող համաժողովը, պնդել է, որ արտահայտության հեղինակն ինքն է[6]։ Արտահայտության հնարավոր հեղինակներից մեկն էլ համարվում է ֆրանսիացի աստվածաբան Ժակ Էլյուլը[7]։

Կիրառումը քաղաքաշինության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» արտահայտությունը վերագրվում է շոտլանդացի քաղաքաշինարար, սոցիալական ակտիվիստ, կենսաբան, սոցիոլոգ, բարերար և քաղաքային պլանավորման առաջամարտիկ Պատրիկ Գեդդեսին[8]։ Չնայած այս արտահայտությունը բացահայտ կերպով նշված չէ Գեդդեսի՝ 1915 թվականին լույս տեսած «Քաղաքները էվոլյուցիայի գործընթացում» գրքում[9]՝ գաղափարը (քաղաքաշինության համատեքստում) ակնհայտ նկատվում է տեքստում.

«Տեղական հատկանիշները» անցյալի արտասովոր մնացորդները չեն, ինչպես սխալմամբ կարծում և ասում են դրանց ընդօրինակողները։ Դրանք ի հայտ են գալիս միայն այն դեպքում, երբ կա ամբողջ միջավայրի համապարփակ ըմբռնում և պատշաճ վերաբերմունք՝ զուգորդված տվյալ վայրի առանձնահատուկ էության և կենսակերպի նկատմամբ խորը կապով[10]։

Գեդդեսն էր նաև, որ ճարտարապետության և նախագծման մեջ ներդրեց «տարածաշրջան» հասկացությունը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել շրջակա միջավայրի խնդիրների դիտարկման գործում։ Գեդդեսը հավատում էր, որ պետք է աշխատել շրջակա միջավայրի հետ, այլ ոչ թե դրա դեմ[11]։

Քաղաքաշինությունը կարևոր է «Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» արտահայտության միտքը հասկանալու համար։ Քաղաքային կառավարումը և զարգացումը մեծապես ազդում են շրջակա միջավայրի վրա։ Ուղիները, որոնցով դրանք արվում են, կենսական նշանակություն ունեն շրջակա միջավայրի առողջության համար։ Իրենց գործունեությունը նոր վայրերում ընդլայնելիս կորպորացիաները պետք է հաշվի առնեն տարբեր գլոբալ համայնքները, որոնց հետ նրանք շփվելու են։ Ոչ միայն կորպորացիաները պետք է գիտակցեն գլոբալ տարբերությունները, այլև քաղաքային և գյուղական վայրերը, որոնք մտադիր են ընդլայնել կամ փոփոխել իրենց համայնքի դինամիկան Ինչպես ասվում է, «քաղաքային բնապահպանական բարդ խնդիրների լուծման և քաղաքներում կենսապայմանների բարելավման համար Քաղաքային բնապահպանական ռազմավարությունները (ՔԲՌ) ենթադրում են առկա քաղաքային բնապահպանական խնդիրների հաշվառում, դրանց համեմատական ​​վերլուծություն և առաջնահերթությունների առանձնացում, նպատակների, խնդիրների սահմանում, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար տարբեր միջոցների դիտարկում»[12]։

Կրթության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը լայն տարածում գտավ միջազգային կրթության ոլորտում և հետագայում խթանվեց Ստյուարտ Գրաուերի կողմից 1989 թվականին Սան Դիեգոյի համալսարանում իր հետազոտության միջոցով՝ «Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ։ Դելֆիի մեթոդով կրթական առաջնորդության ուսումնասիրություն՝ տեղական համայնքում միջազգային ռեսուրսների օգտագործման միջոցով»։ Հետազոտության մեջ այս արտահայտությունը վերագրվում է Հարլան Քլիվլենդին[13]։

Բնապահպանական խնդիրների կարևորությունն ընդունում են ոչ միայն կորպորացիաները, այլև կրթական համակարգը։ Ողջ աշխարհում պետական ​​պաշտոնյաները և դպրոցական խորհուրդները սկսում են դասավանդման նոր ձև մշակել։ Գլոբալիզացիան այժմ համարվում է աշխարհի ընկալման կարևոր հայեցակարգ։ Որոշ դպրոցներ կարծում են, որ կարևոր է գլոբալ խնդիրները սկսել քննարկել դեռ 5 տարեկանից։ Շատերի կարծիքով՝ աշակերտներն են համարվում ապագան, հետևաբար, «մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» հասկացության ըմբռնումը հիմնարար է ապագայի համար[14]։

Բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրույթը կիրառվում է նաև գործարար ռազմավարության մեջ, որտեղ բազմազգ կորպորացիաներին խրախուսվում է ամուր կապեր հաստատել նաև լոկալ մակարդակում։ Սա երբեմն արտահայտվում է «գլոբալ» և «լոկալ» բառերի միավորմամբ, որի արդյունքում ձևավորվել է «գլոկալ» բառը։ Այս եզրույթը 1980-ական և 1990-ական թվականներին օգտագործել են մի շարք ընկերություններ՝ իրենց գովազդային և բրենդինգի ռազմավարություններում։ Եզրույթի հեղինակը «Sony Corporation»-ի հիմնադիր Ակիո Մորիտան է։

Ներկայումս մեծանում է այն կորպորացիաների թիվը, որոնք չափազանց կարևոր են համարում շրջակա միջավայրի վրա իրենց ընկերության պատճառած վնասի վերլուծությունը։ Բնապահպանական խնդիրների առնչությամբ պետական պաշտոնյաների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կորպորացիաների վրա գործադրած ճնշումը կենսական նշանակություն ունի դրանց իմիջի համար։ Գլոբալիզացիան զարգացող հայեցակարգ է ողջ գործարար աշխարհում։ Այն առաջին անգամ մշակվել է ճապոնացիների կողմից, իսկ այժմ մեծ տարածում է գտել ամբողջ արևմտյան հասարակության շրջանում։ Գլոբալիզացիան վերաբերում է ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ գործոնները հաշվի առնելով բիզնես վարելու պրակտիկային[15]։

Եկեղեցական համատեքստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ քրիստոնեական եկեղեցին ավանդաբար «մտածել է գլոբալ և գործել լոկալ», քրիստոնյա որոշ առաջնորդներ շրջել են կարգախոսը՝ առաջարկելով, որ եկեղեցին պետք է «մտածի լոկալ և գործի գլոբալ»՝ խրախուսելով տեղական առաջնորդների հզորացումը, այլ ոչ թե փորձի ուղղորդել և կառավարել նրանց կենտրոնից[16]։

Փոփոխված տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բնապահպանական մտահոգությունների աճի պատճառով շատ ակտիվիստներ փոփոխել են արտահայտությունը՝ «գործի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ»-ի՝ ընդգծելով ակտիվիզմի կարևորությունը ինչպես համաշխարհային մասշտաբով, այնպես էլ տեղական համայնքներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heaps, Warren (2010 թ․ մարտի 1). «"Think Globally, Act Locally" for Compensation Design». International HR Forum.
  2. David Brower (obituary), The Daily Telegraph, 8 November 2000; Joachim Radkau/Lothar Hahn, Aufstieg und Fall der deutschen Atomwirtschaft, München, 2013, p. 300.
  3. «History». Friends of the Earth International (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Christopher Reed: Obituary of David Ross Brower, The Guardian, 8 November 2000.
  5. Willy Gianinazzi, « Penser global, agir local. Histoire d'une idée », EcoRev'. Revue critique d'écologie politique, N. 46, Summer 2018, p. 24, who quotes: Rene Dubos, « The despairing optimist », The American Scholar, Spring 1977, p. 156.
  6. Keyes, Ralph. The Quote Verifier. Simon & Schuster. New York, NY 2006. 978-0-312-34004-9.
  7. Jacques Ellul, Penser globalement, agir localement, Pyremonde, Paris, 2006, quoting the review he did in 1968.
  8. Barash, David (2002). Peace and Conflict. SAGE Publications. էջ 547. ISBN 978-0-7619-2507-1.
  9. Geddes, Patrick (1915). Cities in Evolution. London: Williams.
  10. Geddes, Patrick (1915). Cities in Evolution. London: Williams. էջ 397.
  11. Boardman, Philip (1978). The Worlds of Patrick Geddes: Biologist, Town Planner, Re-educator, Peace Warrior. London: Routledge and K. Paul. ISBN 0-7100-8548-6. OCLC 4077121.
  12. «Urban Environment and Climate Change - Strategic Urban Environmental Planning». worldbank.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  13. Grauer, Stuart. Think Globally, Act Locally: A Delphi Study of Educational Leadership Through the Development of International Resources in the Local Community. University of San Diego, San Diego 1989.
  14. "THINK GLOBALLY, ACT LOCALLY: PROMOTING PRESCHOOL LEARNING ABOUT OTHER CULTURES." Monica Divitini, Magnus R. Jenssen, Kristin R. Skau.
  15. «Is Your Business Glocal? How to Think Globally and Act Locally». YFS Magazine - Startups, Small Business News and Entrepreneurial Culture. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  16. «Think Local. Act Global». craigrees.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]