Կոնստանտին Մկրտչյան
Կոնստանտին Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1907 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1984 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ավիակոնստրուկտոր |
Ծնողներ | Նիկիտա Մկրտչյան, Նադեժդա Գորյուշկինա |
Կոնստանտին Մկրտչյան (մայիսի 29, 1907, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ակադեմիկոս Ա. Յակովլևի կոնստրուկտորական բյուրոյում բարձրաթռիչ կործանիչների ստեղծման աշխատանքների ղեկավար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Մկրտչյանը ծնվել է Շուշիում, 1907 թվականին մայիսի 29-ին, Կովկասում հանրահայտ ինժեներ Նիկիտա Մովսեսի Մկրտչյանի ընտանիքում։ Հոր մահից հետո, 1921 թվականին, ընտանիքի ծանր հոգսերը մնացել են ազգությամբ ռուս մոր` բժշկուհի Նադեժդա Գեորգիևնա Գորյուշկինայի վրա։ Կոնստանտին Մկրտչյանը 1930 թվականին ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմաէներգետիկայի ֆակուլտետը։ Նա որոշ ժամանակ ինժեներ է աշխատել Բաքվում, սակայն նրա հիմնական հետաքրքրությունն ավիացիան էր։ 1936 թվականին նա ընդունվում է Բաքվի օդաչուական դպրոցը, իսկ 1938 թվականին դարձել է Սևաստոպոլի ռազմածովային ավիացիայի կուրսանտ-օդաչու, իսկ 1941 թվականին՝ ինժեներ։ Որպես փորձարկող-օդաչու աշխատանքի է անցել Լենինգրադում։ 1943 թվականի սկզբին Կ.Մկրտչյանը տեղափոխվում է Մոսկվա` որպես քաղաքացիական ավիացիայի օդաչուահետազոտական ինժեներ-օդաչու և գլխավոր կոնստրուկտոր, որտեղ անմիջապես ակտիվ կերպով ընդգրկվում է խորհրդային ինքնաթիռաշինարարության գործին[2]։
Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին կարևորագույն դերակատարում է ունեցել խորհրդային հակաօդային պաշտպանության կազմակերպման գործում։
Շուշեցի Կոնստանտին Նիկիտայի Մկրտչյանը կարևոր դերակատարում ունեցավ Ա.Յակովլևի կոնստրուկտորական բյուրոյի կողմից միջին բարձրության Յակ-9 և սիրիական կործանիչների արդիականացման գործում։
Հայրենական մեծ պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմից հետո, 1946 թվականին Կոնստանտին Մկրտչյանը աշխատանքի է անցել Մոսկվայի էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտա-հետախուզական ինստիտուտում, որի այն ժամանակվա տնօրենն էր Արցախի Ծմակահող գյուղացի սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանը։ Երկար տարիներ Կոնստանտին Մկրտչյանը ղեկավարել է Իստրա քաղաքի այդ գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի լաբորատորիան, ապա դարձել այդ մասնաճյուղի տնօրենը։ Կ.Մկրտչյանը 1943 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ավագ գիտական աշխատողի գիտական կոչում։ Նա ուներ 10 գիտական աշխատություն և ստացել էր 18 գյուտի հեղինակային վկայագիր։ Ականավոր արցախցի Կոնստանտին Նիկիտայի Մկրտչյանը վախճանվել է 1984 թվականին 77 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայում։