Միջազգային հաշվարկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային հաշվարկներ, դրամական հաշվարկներ տարբեր երկրների ձեռնարկությունների , հիմնարկությունների, բանկերի, առանձին անձանց միջև։ Կապված են արտաքին առևտրի, վարկերի, կապիտալի երկարաժամկետ ներդրումների, տրանսպորտային ծառայությունների, տուրիզմի, արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների ապահովման, պահպանման, գործուղումների, պատվիրակությունների ուղևորությունների, ինչպես նաև միջոցների արտասահմանյան այլ բնույթի փոխանցումների (շահույթի, հոնորարի, ալիմենտի և այլն) հետ։ Միջազգային հաշվարկների հիմնական միջոցներն են՝ վճարման ու գանձման հանձնարարականները, չեկերը, փոխանցվող մուրհակները (տրատտա), ակրեդիտիվները։ Կապիտալիստական երկրների միջև փոխադարձ հաշվարկները կատարվում են կապիտալիստական գլխավոր պետությունների վալյուտաներով։ Խորհրդային երկրների միջազգային հաշվարկները հենվում են տնտեսական համագործակցության պլանային ու երկարաժամկետ ձևերի զարգացման վրա։ 1964 թվականի հունվարի 1-ից ՏՓԽ-ի անդամ-երկրների միջև հաշվարկներն իրականացվում են փոխանակային ռուբլով՝ Տնտեսական համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի միջոցով։ Սոցիալիստական երկրների միջազգային հաշվարկները կապիտալիստական պետությունների հետ կատարվում են վճարման երկկողմ համաձայնությունների հիման վրա (որոնցով սահմանվում են հաշվարկների կատարման կարգը, հաշվարկային վալյուտան, հաշիվների վարման ռեժիմը և այլն), իսկ զարգացող երկրների հետ հիմնականում անկանխիկ հաշվարկների համակարգով (քլիրինգ), ինչպես նաև զուտ վճարային ու խառը՝ վճարային-քլիրինգային բնույթի համաձայնություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png