Մարիամ Չիլինկիրյան-Ամբակումյան
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | գթության քույր |
Մարիամ Չիլինկիրյան-Ամբակումյան, գթության քույր, Եդեսիայի հերոսամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեթև կաղելու պատճառով նրան կոչել են «Թիմուր լենկ» մականունով։ Եղել է Եդեսիայի Կարմիր խաչի սյուներից մեկը։ Եդեսիայի հերոսամարտի ընթացքում նշանավոր է դարձել ոչ միայն որպես տիպար գթության քույր, այլև՝ մարտիկների խիզախ գործընկեր։ Երբ թուրքերի դիրքերից ճերմակ դրոշակ պարզվեց և հայտարարվեց, թե Ֆախրի փաշան երկու հոգի է ուզում բանակցություն վարելու համար, Մարիամը խիզախորեն առաջ է անցել, որին հետևել է մտերիմ ընկերուհի Ազնիվ Միրզոյանը։ Երբ նրանք հասել են թուրք փաշայի մոտ, վերջինս շատ հարգալիր վերաբերմունք ցույց տալով ասել է. «Զավակնե՜րս, ձեր քաջության վրա հիանում եմ։ Ցավում եմ, որ ստիպված եմ կռվել ձեզ պես հերոսների և հերոսուհիների դեմ։ Սակայն այլ կերպ չենք կարող վարվել պետությանը անհնազանդ լինողների հետ։ Խղճում եմ ձեր ժողովրդին։ Ցանկանում եմ, որ վերադառնաք ու խոսեք ձեր հրամանատարի հետ։ Դուք ձեր ունեցած ուժերով ավելին չեք կարող անել մի բանակի դեմ»։ Երկու հերոսուհիները փաշային պատասխանել են. «Շատ լավ եք խոսում։ Սակայն մոռանում եք, որ կռիվը մե՜նք չենք սկսել։ Մեր երիտասարդներին ու առաջնորդին տարաք սպանեցիք։ Ձայն չհանեցինք։ Ինչ որ պահանջեցիք` տվեցինք։ Այլևս ի՞նչ եք ուզում մեզանից։ Ձեր կատարած անգթությունների փոխարեն, գերի ընկած թուրք զինվորներին պահում ենք առանց վնաս հասցնելու։ Դադարեցրե՜ք հարձակումները և մենք դարձյալ հավատարիմ հպատակներն ենք կառավարության»։ Թուրք փաշան չի ընդունել նրանց առաջարկը, սակայն հայ հերուսուհիների անվեհեր ու կորովի կեցվածքը խորապես տպավորել է նրան։ Ամբողջ հերոսամարտի ընթացքում Մարիամը կռվել է մարտիկներին հավասար, խնամել վիրավորներին, մխիթարել հուսահատներին։ Հերոսամարտից հետո ժողովրդի բեկորներին առաջնորդել է դեպի ապահով թաքստոցներ կամ պատսպարել օտար հաստատություններում։ Շատերի պես Մարիամը ևս ձերբակալվել է ու դատապարտվել 101 տարվա բանտարկության։
1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազատվել է բանտից։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և հետագայում ամուսնացել Ամբակումյանի հետ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սահակեան Արամ, Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, Պէյրութ, 1955։
- Զէյթլեան Սոնա, Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ, Անթիլիաս, 1968։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։