Մասնակից:Wikilexis/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (1925-2012), արվեստաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան
Ծնվել է1925թ.
ԾննդավայրԹբիլիսի
Վախճանվել է2012թ․
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1925 թվականին Թիֆլիսում (Թբիլիսի): Հայրը՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, տնտեսագետ էր, մայրը՝ Լյուբով Տեր-Գաբրիելյանը (Գյոդակյան), մանկավարժ: Ծնողները սերում էին Շուշիից: 1926 թվականին ընտանիքը տեղափոխվում է Երևան և բնակարան ստանում այժմյան Կողբացի, այն ժամանակ՝ Թումանյան փողոցի նորակառույց շենքում: Նույն փողոցում էր գտնվում այն ժամանակվա կառավարության նստավայրը՝ Ժողկոմխորհը, որի նախագահը՝ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հրավիրում է Ալեքսանդրի հայրիկին աշխատելու Պետական բանկում, որպես տնօրենի տեղակալ ֆինանսական հարցով և ավագ տնտեսագետ: Ալեքսանդրի ավագ քույրը՝ Էլեոնորան, ընդունվում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, իսկ Ալեքսանդրը՝ ջութակի դասարան: Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Ալեքսանդրը ստամոքսի խոցի պատճառով ազատվում է զինվորական ծառայությունից: 1942 թվականին մեկնում է Մոսկվա և ընդունվում Կինեմատոգրաֆիայի բարձրագույն պետական ինստիտուտ՝ ՎԳԻԿ, սակայն միջոցների բացակայության պատճառով այնտեղ ուսումը չի շարունակում և վերադառնում է Երևան, որտեղ 1943 թ. ընդունվում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

1937 թվականը և ստալինյան բռնաճնշումները խորը հետք են թողնում Ալեքսանդրի կյանքում: Մի շարք ավագ ծանոթներ, բարեկամներ բռնաճնշումների են ենթարկվում, սպանվում: Ալեքսանդրի ծնողները, և նրանց շնորհիվ ինքը՝ մանուկ հասակից, շփվում էին շատ երևելիների հետ՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Իսահակյանի և այլն: Սպանվում է (կամ ինքնասպան է լինում) ձերբակալված Սահակ Տեր-Գաբրիելյանը (Ստալինի մահից հետո նրան հետմահու արդարացնում են և այն փողոցը, որտեղ գտնվում էր նրա նստավայրը, վերանվանում Տեր-Գաբրիելյան): Ալեքսանդրի մեկ այլ ազգական՝ գիտնական, պետական գործիչ, ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը սպանվում է, աքսորվում է նրա եղբայրը՝ պատմաբան, պետական գործիչ, հետագայում ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը: Ալեքսանդրի հայրը թեև չի բռնադատվում, սակայն, պաշտոնը թողնելով, ինքնագաղթում է Ղազախստան:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Ալեքսանդրն աշխատում է Ռուսական, ապագայի Գ. Սունդուկյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոններում որպես դերասան և նվագում նվագախմբերում որպես ջութակահար: 1953 թվականին, Ստալինի մահից հետո, նրան հրավիրում են աշխատելու նոր կազմավորվող Կուլտուրայի մինիստրություն (Մշակույթի նախարարություն, մինչև 1955 թ.՝ Արվեստի գծով գլխավոր վարչություն)՝ կերպարվեստի բաժին: Այդ թվականից սկսած նա ավելի քան երեք տասնյակ տարի աշխատում է այդ բաժնում, դառնալով Կերպարվեստի և թանգարանների բաժնի / վարչության բազմամյա ղեկավար:

Նախարարությունում իր աշխատանքի ընթացքում Տեր-Գաբրիելյանը կազմակերպում է բազում ցուցահանդեսներ, հիմնադրում թանգարաններ և այլ միջոցներով աջակցում կերպարվեստի գործիչներին: Նրա շրջապատն այդ տարիներին կազմում են հայ արվեստի շատ երևելի գործիչներ՝ Սարյանը, Մինասը, Ռաֆո Իսրայելյանը, Ջիմ Թորոսյանը, Երվանդ Քոչարը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը, Արտո Չաքմաքչյանը, Առաքել Առաքելյանը, Սերգեյ Փարաջանովը, Անատոլի Պապյանը, Երվանդ Գոջաբաշյանը, Լևոն Լազարևը, Միքայել Մազմանյանը և այլք: 1950-ականների վերջին նա մասնակցում է «Ամերիկյան գրաֆիկա» ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում, երբ ստալինյան դարաշրջանից հետո առաջին անգամ ամերիկյան խոշոր ցուցահանդես է ժամանում Երևան: 1965 թվականին կազմակերպում է Հայաստանի մշակութային օրերը Բուլղարիայում. այստեղ արժանանում է Ռուսսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման:

Իր գործունեության ընթացքում Տեր-Գաբրիելյանը կարևոր դերակատարություն է ունենում նաև այնպիսի նախաձեռնություններում, ինչպես «Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսի կազմակերպումը Լուվրում (1970), աջակցում է իր բազմամյա բարեկամ և գործընկեր Հենրիկ Իգիթյանին Մանկական պատկերասրահի (1970) և Ժամանակակից արվեստի թանգարանի (1972) կազմակերպման գործում, ինչպես նաև՝ Սարդարապատի հուշահամալիրի և թանգարանի, Փայտի թանգարանի, Ռուսական արվեստի թանգարանի (բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածու) ստեղծմանը: Մասնակցել է Հայաստանի տարածքում մոտ երեսուն թանգարանների և Մշակույթի տների կազմակերպմանը, ներառյալ Ձիթողցյանների տունը Գյումրիում, Հրազդանի պատկերասրահը, Օրբելիների թանգարանը Ծաղկաձորում և այլն:

1972 թվականին դառնում է Նկարիչների միության անդամ:

1986 թվականին, վերակառուցման ժամանակաշրջանի սկզբին, Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը նշանակվում է Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն: Այստեղ, հենվելով նվիրյալ աշխատակիցների օգնությանը (Սերգեյ Խաչիկօղլյան - Սարգիս Խաչենց, Հելլեն Գայֆեճյան, Մերի Սարգսյան, Ալիս Բաքրջյան, Ջեմմա Միրզոյան և այլք) իրագործում է մի շարք կազմակերպչական բարեփոխումներ, էքսպոզիցիոն փոփոխություններ: Առաջին անգամ Պատկերասրահի պատմության մեջ սկսվում է էքսպոնատների գիտական և համապարփակ հաշվառումը, հիմնված ժամանակակից մեթոդաբանության վրա: Ա. Տեր-Գաբրիելյանը զարկ է տալիս ռեստավրացիոն աշխատանքներին, արխիվացիայի նոր սկզբունքներ մշակելուն, հավաքածուների վերականգնմանը և վերակազմակերպմանը, նորոգումներ իրագործում, նկարների համար ավելի համապատասխան կլիմայական պայմաններ ապահովելու նպատակով տեղադրում օդորակիչներ և այլն: Պատկերասրահի գիտական քարտուղար Սերգեյ Խաչիկօղլյանին աջակցում է, որպեսզի վերջինս հիմնադրի հրատարակումների այն շարքը, որը հետագայում դառնում է «Սարգիս Խաչենց» հրատարակչություն՝ աջակցելով համաշխարհային արվեստաբանական և փիլիսոփայական մտքի հայերեն թարգմանության գործընթացին: Նույն տարիներին գրում է մի շարք հուշապատմություններ՝ 20-րդ դարի արվեստին, ստալինյան բռնաճնշումներին վերաբերող, և հրապարակում վերակառուցման ժամանակաշրջանի հայաստանյան մամուլում «Տխուր հուշարձաններ» խորագրի տակ (հղումները տե՛ս ստորև):

1990 թվականին հեռացվում է աշխատանքից, բախման մեջ մտնելով ինչպես Խորհրդային Հայաստանի վերջին կառավարության, այնպես էլ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդների հետ: Այդ պատմությունն ինքնին մանրամասն նկարագրվելու կարիք ունի, այն համառոտ արտացոլված է Հելլեն Գայֆեճյանի՝ 2019 թվականին լույս տեսած «Ավանգարդ ժամանակաշրջանի ռուսական և հայկական գեղանկարը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում (1900-1930)» ալբոմի վերջաբանում և այս հոդվածում:

Իր գործունեության վերջին տարիներին Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, լինելով Հանրապետական նշանակության անհատական թոշակառու, աշխատում է Հուշարձանների պահպանության պետական կոմիտեում՝ իր բազմամյա բարեկամ և համախոհ Լավրենտի Բարսեղյանի[26] ղեկավարության տակ: Թոշակի անցնելուց հետո աշխատում է «Մուզա» հասարակական կազմակերպությունում, ինչպես նաև որպես փորձագետ՝ արտահանման ենթակա արվեստի գործերի գնահատման հանձնաժողովում:


Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Նելլի Օհանյանը (1937-2018), աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, մասնակցելով մի շարք ֆիլմերի արտադրությանը՝ «Շեկ ինքնաթիռը», «Զինվորն ու փիղը» և այլն, եղել է Կինեմատոգրաֆիստների միության անդամ:

Իր ժառանգներն են երկու դուստրը՝ Անահիտ և Մարիամ, և որդին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալի անհայտ էջեր. տխուր հուշարձաններ (Երեկոյան Երևան, 1988)

Տխուր հուշարձաններ. արյան երկու բիծ (Երեկոյան Երևան, 1989, №160).

Տխուր հուշարձաններ. դատարկ թռուցիկներ (Ավանգարդ, 1991, № 93).

Տխուր հուշարձաններ. վիրավոր առյուծ. կյանքը շշուկով

Տխուր հուշարձաններ. անվերջանալի երկխոսություն

Իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան. Ծննդյան 75-ամյակի առթիվ» (2002, հայերեն, ռուսերեն)

Ս. Խաչիկօղլյան. «Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի գործունեությունը Հայաստանի պետական պատկերասրահում 1987-1989 թթ.» (ռուս.)

Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Գիշատիչի հետ վանդակում» (պատմվածք). կարդում է հեղինակը.

Մարկ Գրիգորյան. «Պուշկին 31 և Կողբացի 53». «Անծանոթ Երևան, 43». ԱՏՎ հ/ը

Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Հրանտ». հուշապատում-վեպ. «Անտարես», 2018, հատկապես գլուխ 60, էջ 429-434