Մասնակից:TheDedushka/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում: Բնակավայրը տեղակայված է Հակարիի միջին հոսանքի ձախափնյա բլրապատ մասում: 


Մարաթուկը Արցախի հնագույն բնակավայրերից է: Ներկայիս գյուղը համադրելի է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու պատմության մեջ տեղ գտած Հակարի բնակավայրի հետ:  Արաբական աղբյուրներում  բնակավայրը ներկայացված է Ախար անունով:


Ուսումնասիրողներից Ա. Հակոբյանը որպես Հակարիի նախանվանում ներկայացնում է Մարաթուկ բնակավայրը, որն էլ եկվորները աղավաղել,դարձրել են Մուրադխանլի: Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք՝ լեռնագագաթին, գտնվում են միջնադարյան բերդի և մատուռի ավերակները: Բնակավայրը հայտնի է  Ղալալի անվանումով:


Ս. Սարգսյանի կարծիքով Ղալալին նույն Քարալի կամ Կառնակկաշ ամրոցն է, որի մասին խոսում է նաև Մ. Կաղանկատվեցին:


18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քուրդ ցեղապետերի ճնշման տակ տարածաշրջանի բնակատեղիները հայաթափվել էին:


19-րդ դարի սկզբներին հայկական բնակավայրում հաստատվել էին թրքախոս քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ: Գյուղը նրանք անվանեցին Մուրադխանլի:  Կարճ ժամանակահատվածում եկվորները հիմնականում ոչնչացրել են հայկական պատմամշակութային  արժեքները:


Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին:  Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Ղուբաթլիի շրջանի կազմում:


1993 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  ճնշման տակ բնակավայրը ազատագրվեց: 1996 թվականին այստեղ հաստատվել էին ՀՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ:


Մարաթուկը ընդգրկված է Ծաղկաբերդի համայնքի կազմում: Գյուղի աշակերտները սովորում են Ծաղկաբերդի միջնակարգ դպրոցում: Մարաթուկը էլեկտրաֆիկսացված է: Խմելու ջրի հարցը լուծվել է անհատական ջրհորների միջոցով:

Մարաթուկում 2010 թվականին կար 5 տուն, 14  բնակիչ, 2015 թվականին  5 տուն, 18 բնակիչ, 2018 թվականին  5 տուն, 19 բնակիչ: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: