Jump to content

Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղվանուատուիթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղվանուատուիթանգարան

Վանուատուի ազգային թանգարան, գտնվում է Պորտ Վիլա քաղաքի Վանուատուի մշակութային կենտրոնում։ Թանգարանը ընդգրկում է ցուցասրահներ, որոնք ներկայացնում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կզղիների մշակույթն ու պատմությունը։ Վանուատուի թանգարանը համարվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազգային, մշակութային արժեքավոր հաստատություններից մեկը, որոնք, ի հեճուկս եվրոպական թանգարանագիտության սկզբունքներին, մշակում են աշխատանքի նոր նորմեր՝ շեշտը դնելով ավանդական պրակտիկայի վրա։

Վանուատուի մշակութային կենտրոնը հիմնադրվել է 1959 թվականին[1] և ի սկզբանե նախագծվել է այնպես, որ ընդգրկի նաև թանգարան։ 1960 թվականին ստեղծվում է Ղեկավարման խորհուրդ, որի մեջ մտնում էին անդամներ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Վանուատուից[2]։ Առաջին տարիներին թանգարանը կենտրոնացած էր հիմնականում գաղութատիրական շրջանը ներկայացնող ցուցասրահների ներկայացման վրա։ 1989 թվականին թանգարանի ղեկավարումը մասնագիտությամբ մարդաբան Կիրկ Հաֆմանից անցավ Ջեք Կեյթադիին[2]։

Պաշտոնական բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին մշակութային կենտրոնն ու թանգարանը տեղափոխվում են նոր կառուցված շենք[2]։ Վերջինս ուներ 45 մետր երկարություն ու 20 մետր լայնություն, նրա ճարտարապետական ոճը վերցված էր հյուսիսային կղզիների ճարտարապետական կառույցներից[3]։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, որին հաջորդեցին մշակութային ու ծիսական քառօրյա միջոցառումներ։ Անցկացված փառատոնը մայրաքաղաքում հավաքեց հասարակության տարբեր շերտերին և ցույց տվեց, որ թանգարանը նրանց բոլորի սեփականությունն է։ Փառատոնի շրջանակներում իրականացվեց նաև Կաստոմի (նշանակում է՝ ազգային մշակույթ) ընծայման արարողություն։ Թանգարանի բացման օրը ևս պատահական չէր ընտրվել․ նոյեմբերի 17-ը նշվում էր որպես Մշակույթի ազգային օր[3]։

Թանգարանի շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է ընդհանուր կառույցում, որը ներառում է ցուցասրահ, որտեղ էլ ներկայացվող ցուցանմուշները պարբերաբար փոխվում են[2]։ 2003 թվականից թանգարանն ունի արխիվային հատված, որը հայտնի է Տաբուի սենյակ անունով, որտեղ պահպանվում են ազգային մշակույթին առնչվող առարկաներ, դրանք ցուցադրելու գործընթացը ևս իրականացվում է ազգային ավանդույթներին համապատասխան։ Վանուատուի թանգարանն ընդգրում է նաև պահեստ, որում պահվող ցուցանմուշները կամ փխրուն են ցուցադրության համար, կամ էլ վերջնականապես չեն ուսումնասիրվել[2]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում գործում է Կաստոմի (ազգային մշակույթի) դպրոց, որտեղ Վանուատուի երիտասարդներին դասավանդում են ազգային արվեստ ու պատմություն[4]։ 2020 թվականին թանգարանը կազմակերպեց Վանուատուի հնագիտական պեղումները ներկայացնող ցուցահանդես[5]։ 1990-ականների ցուցանմուշների թվում են ժամանակակից արվեստի նմուշներ, ազգային կենցաղը ներկայացնող սրահներ[2]։

Ազգային թանգարան, Պորտ Վիլա

Վանուատուի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է երկրի տարածքին առնչվող հնագիտական և էթնոգրաֆիկ օբյեկտներ, ինչպես նաև կենսաբանական ու երկրագիտական նմուշներ[1]։ Հավաքածուի մեջ ընդգրկված են դիմակներ[6], գոնգեր, կանոեներ, խեցեղեն, կենդանիների և թռչունների ցուցանմուշներ յուրաքանչյուր կղզուց, ինչպես նաև բնիկների նյութական մշակույթը նկարագրող հնագիտական առարկաներ[1]։ Երկրագիտական հավաքածուն ներառում է կրիաների մեիոլանիդ ընտանիքին պատկանող տեսակների ոսկորներ, որոնք հայտնաբերվել են Թեոումայում կատարված պեղումների արդյունքում։ Հնագիտական հավաքածուն ներառում է լուսանկարների արխիվ, այդ թվում ցեղապետ Ռոյ Մատայի գերեզմանի պեղումներից լուսանկարներ[7]։ Ֆոտոնկարների մեկ այլ արխիվում պահվում են կղզիներում արված ավազապատկերներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։

Թվային հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային հավաքածում կարևոր նշանակություն ունի թանգարանի գործունեության մեջ՝ սկսած 1976 թվականից, երբ գործարկվեց Բանահյուսության ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում Վանուատուի բնակիչներին սովորեցնում են հավաքագրել բանավոր ավանդությունները[8]։ 1990 թվականին ծրագրի շրջանակներում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պատմած արդեն իսկ հազարավոր բանավոր ավանդություններ հավաքագրվեցին և թվայնացվեցին։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին թանգարանը սկսեց երկարատև համագործակցություն Ավստրալիայի ազգային համալսարանի հետ՝ լուծելու համար հնագիտական ցուցանմուշների հետ կապված մի շարք խնդիրներ[9]։ Հետազոտական գործունեության շրջանակներում պեղումներ են իրականացվել Էրրոմանգո, Մալուկու կղզիներում (1995), Էֆատեում (1996-1999), Թեոումայում (2004-2006)[10]։ 2002 թվականին գերմանացի նկարիչ Ինգո Կյուլը մասնակցեց Մշակութային կենտրոնի արշավին, որից հետո նրա աշխատանքները ցուցադրվեցին Վանուատուի ազգային թանգարանում, իսկ 2004-2005 թվականներին՝ Բեռլինի Էթնոգրաֆիկ թանգարանում[11]։ 2006 թվականին թանգարանում անցկացվեց խոշոր կոնֆերանս, որը Վանուատուի մշակութային ժառանգությանը վերաբերող, երկրում անցկացվող առաջին միջազգային կոնֆերանսն էր[10]։

Թանգարանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանուատուի ազգային թանգարանը չի հետևում եվրոպական թանգարանային նորմերին։ Թանգարանը մեծ աշխատանք է իրականացնում կղզու տարբեր համայնքների հետ, որպեսզի արձանագրի նրանց միջև կապերն ու դրանց նշանակությունը[2]։ Խոսելով թանգարանի աշխատանքի մասին Կիրկ Հաֆմանը ընդգծում է թանգարանի յուրահատուկ, հոգևոր գործունեության կարևորությունը։ Նա նշում է, որ Վանուատուի մշակույթում կան շատ ասպեկտներ, որոնք համարվում են տաբու, և արտաքին աշխարհը չունի կարիք դրանք ընկալելու, անգամ իրավունք չունի ճանաչելու, և այդ սահմանափակումներին պետք է հետևել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «National Museum of Vanuatu». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023-05-17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Geismar, Haidy; Tilley, Christopher (2003). «Negotiating Materiality: International and Local Museum Practices at the Vanuatu Cultural Centre and National Museum». էջեր 170–188. Վերցված է 2023-05-17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Huffman, Kirk W. (1996). «"Up and Over": The Opening of the Vanuatu Cultural Centre Complex's New National Museum Building». էջեր 47–56. Վերցված է 2023-05-17-ին.
  4. «Kastom stories and Sand Drawing». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023-05-17-ին.
  5. «An Exciting New Exhibition At The National Museum». Vanuatu Daily Post (անգլերեն). 2020-11-30. Վերցված է 2023-05-17-ին.
  6. «Wate Mohbat». museu.ms (անգլերեն). Վերցված է 2023-05-17-ին.
  7. «National Museum of Vanuatu». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023-05-17-ին. {{cite web}}: Text "Attractions" ignored (օգնություն); Text "Port Vila, Vanuatu" ignored (օգնություն)
  8. Bolton, Lissant (1994). «The Vanuatu Cultural Centre and Its Own Community». էջեր 67–78. Վերցված է 2023-05-17-ին.
  9. Bedford, Stuart; Spriggs, Matthew; Wilson, Meredith; Regenvanu, Ralph (1998). «The Australian National University—National Museum of Vanuatu Archaeology Project: A Preliminary Report on the Establishment of Cultural Sequences and Rock Art Research». էջեր 165–193. Վերցված է 2023-05-17-ին.
  10. 10,0 10,1 Taylor, J.; Thieberger, Nick (2011). «Working Together in Vanuatu: Research Histories, Collaborations, Projects and Reflections» (English). ANU Press. Վերցված է 2023-05-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Südsee-Wellen». www.smb.museum. Վերցված է 2023-05-17-ին.