Մասնակից:Naira Gevorgi Poghosyan/Ավազարկղ
Ռետրովիրուսներ[1], (լատին․՝ Retroviridae, լատին․՝ retro-հետադարձ), ՌՆԹ պարունակող վիրուսների ընտանիք, որոնք վարակում են գլխավորապես ողնաշարավորներին։ Հայտնի ներկայացուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է։
Վարակվելուց հետո ռետրովիրուսների բջիջների ցիտոպլազմայում սկսվում է վիրուսային ԴՆԹ-ի գենոմի սինթեզը՝ վիրիոնային ՌՆԹ-ն օգտագործելով որպես մատրիցա (կաղապար)։ Բոլոր ռետրովիրուսները իրենց գենոմի ռեպլիկացիայի համար օգտագործում են հետադարձ տրանսկրիպցիայի մեխանիզմը՝ վիրուսային ֆերմենտ հետադարձ տրանսկրիպտազան վիրուսային ՌՆԹ-ի մատրիցայի վրա սինթեզում է ԴՆԹ-ի մեկ շղթան, այնուհետև սինթեզված ԴՆԹ-ի շղթայի մատրիցայի վրա սինթեզվում է երկրորդ՝ կոմպլեմենտար շղթան։ Առաջանում է ԴՆԹ-ի երկշղթա մոլեկուլը, որը բջջի բաժանման ժամանակ ներկառուցվում է քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ, երբ բացակայում է կորիզաթաղանթը (բացառությամբ ՄԻԱՎ-ի, որի ԴՆԹ-ն ակտիվ կերպով թափանցում է կորիզի մեջ) և հետագայում ծառայում է որպես մատրիցա վիրուսային ՌՆԹ-ների մոլեկուլների սինթեզի համար։ Այդ ՌՆԹ-ները դուրս են գալիս բջջակորիզից և բջջի ցիտոպլազմայում փաթեթավորվում են որպես վիրուսային մասնիկներ, որոնք ընդունակ են վարակել նոր բջիջների։ Ենթադրվում է, որ ռետրովիրուսները կարող են առաջացած լինել ռետրոտրանսպոզոններից (էուկարիոտ օրգանիզմների գենոմի շարժուն մասերից)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդաձև վիրիոններ են (վիրուսային մասնիկներ՝ կազմված նուկլեինաթթուներից և կապսիդից), 80-100 նմ մեծությամբ, ծածկված լիպոպրոտեինային թաղանթով, ունեն 8-10 նմ երկարության ելուստներ։ Կապսիդի ներսում գտնվում է պարուրաձև ռիբոնուլեինապրոտեինը (ռիբոնուկլեինաթթվի և սպիտակուցի ամբողջություն)։ Վիրիոնի լայնական կտրվածքում արտաքին թաղանթը, կապսիդային մեմբրանը և նուկլեոիդը դասավորված են կոնցենտրիկ (համակենտրոն) ձևով։ Զգայուն են եթերների նկատմամբ, ջերմության նկատմամբ անկայուն են, հարաբերականորեն ռեզիստենտ են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Ռետրովիրուսներին բնորոշ առանձնահատկությունը վիրիոնի կառուցվածքի մեջ մտնող ՌՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազայի առկայությունն է, որը այլ կերպ անվանում ենք հետադարձ տրանսկրիպտազա։ Վիրիոններն ունեն վեց կապսիդային սպիտակուցներ։ Կապսիդային սպիտակուցները կրում են հատուկ միջտեսակային հակածիններ և հանդիսանում են վիրուսների բաժանմանը ցեղերի և ենթացեղերի։ Գլիկոպրոտեինները հանդիսանում են տիպային հատուկ հակածիններ, մասնակցում են չեզոքացման ռեակցիաներին։ Ռետրովիրուսների գենոմը ներկայացված է միաշղթա ՌնԹ-ով, որի մոլեկուլային զանգվածը կազմում է 7 մեգադալտոն և կազմված է երկու կրկնօրինակներից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է ամբողջական գենոմ և պարունակում է միատեսակ գենետիկական տեղեկատվություն, սակայն հայտնի չէ, արդյոք երկուսն էլ գործում են։ Ռետրովիրուսների ընտանիքին պատկանող մի շարք վիրուսներ առաջ են բերում կենդանիների քաղցկեղային հիվանդություններ՝ լեյկոզ, սարկոմա։
Կյանքի ցիկլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետրովիրուսը կիսում է իր գենետիկական նյութի գործառույթը․ ինֆեկցիոն ֆունկցիան, այսինքն՝ ինքնատարածման ֆունկցիան կատարում է վիրուսային ՌՆԹ-ն, իսկ վիրուսային գեների էքսպրեսիան և ՌՆԹ-ի մոլեկուլների սինթեզը, որոնք այնուհետև գենետիկական տեղեկատվությունը կտեղափոխեն մյուս բջիջներ, կատարում է վիրուսային ԴՆԹ-ն։ Վիրուսային ինֆեկցիայի հետևանքով, ընկնելով բջջի ներսը, ռետրովիրուսային ՌՆԹ-ն ծառայում է որպես մատրիցա ԴՆԹ-ի սինթեզի համար հետադարձ տրանսկրիպցիայի ճանապարհով։ Այդ ԴՆԹ-ն ներկառուցվում է գենոմային ԴՆԹ-ի մեջ և դառնում է բջջի գենոմի անբաժանելի մասը։
- ↑ ↑ Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии : Учебное пособие для студентов медицинских вузов / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова. — М. : Медицинское информационное агентство, 2003. — С. 132. — ISBN 5-89481-136-8.