Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ45
Մարի-Էմանուել Բայոն (ֆր.՝ Marie-Emmanuelle Bayon), նաև Մարի-Էմանուել Բայոն-Լուի (Marie-Emmanuelle Bayon-Louis, ), ֆրանսիացի երգչուհի, դաշնակահարուհի և կոմպոզիտոր:
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարի-Էմանուել Բայոնը ծնվել է 1746 թվականի օգոստոսի 30-ին կամ 31-ին[1][К 1] Մարսի կոմունայում (Օրն վարչություն): Նրա ծագման, երիտասարդ տարիների և կրթության մասին քիչ բան է հայտնի[3]: 1760-ական թվականների վերջին նա արդեն հայտնի էր Փարիզի արտիստական շրջանակներում և այցելում էր, մասնավորապես, Մադամ Ժանլիսի հայտնի սրահը, որտեղ հանդես էր գալիս որպես դաշնակահարուհի[3]:
1769 թվականին հրատարակվել են նրա վեց սոնատները կլավեսինի կամ դաշնամուրի համար։ Այս ժամանակահատվածում նա նաև կլավեր էր սովորեցնում Անժելիկ Դիդրոյին՝ Դենիս Դիդրոյի դստերը։ 1770 թվականին Մարի-Էմանուելն ամուսնացել է ճարտարապետ Վիկտոր Լուիի հետ։ Կարճ ժամանակ անց ամուսինները տեղափոխվել են Բորդո, որտեղ Լուի-Վիկտորը նախագծել և կառուցել է թատրոնի շենքը[4]: 1774 թվականին նրանք ունեցել են աղջիկ՝ Մարի-Էլեն Վիկտուարը[3]: 1780 թվականին ընտանիքը վերադարձել է Փարիզ[4]:
Ամուսնական զույգի հետագա կյանքի մասին քիչ տեղեկատվություն է պահպանվել. հնարավոր է, որ նրանք հեռացել են Փարիզից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Լուի Վիկտորը մահացել է 1800 թվականին Փարիզում, Մարի-Էմանուելը մահացել է 1825 թվականի մարտի 19-ին Օբուվայում[3]:
Մարի-Էմանուել Բայոնի ամենահայտնի ստեղծագործությունը «Մամխի ծաղիկը» կատակերգական օպերան է (ֆր.՝ Fleur d’Épine), որի պրեմիերան կայացել է 1776 թվականի օգոստոսի 22-ին Փարիզի իտալական թատրոնում։ Նրա չհրապարակված ստեղծագործությունները չեն պահպանվել. դրանց թվում էին այլ կատակերգական օպերաներ, կամերային երաժշտություն և «Սուրբ Պետրոսի տոն» դիվերտիսմենտը (ֆր.՝ La fête de Saint Pierre)[5]: Մարի-Էմանուել Բայոնին է վերագրվում Ֆրանսիայում դաշնամուրի հանրահռչակումը[3][4]:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Women Composers of Classical Music, 2011, էջ 43
- ↑ Deborah Hayes, 1990, էջ 16
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Claudia Schweitzer
- ↑ 4,0 4,1 4,2 Women Composers of Classical Music, 2011, էջ 44
- ↑ Deborah Hayes. «Bayon Louis [née Bayon], Marie Emmanuelle». Grove Music Online.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Deborah Hayes Marie-Emmanuelle Bayon, Later Madame Louis, and Music in Late Eighteenth-Century France // College Music Symposium. — 1990. — Т. 30. — № 1. — P. 14—33.
- Mary F. McVicker Marie Emmanuelle Bayon // Women composers of classical music: 369 biographies from 1550 into the 20th century. — McFarland & Company, 2011. — P. 43—44. — ISBN 978-0-7864-4397-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Claudia Schweitzer. «Bayon, Baillon, Marie-Emmanuelle, verh. Louis». Europäische Instrumentalistinnen des 18. und 19. Jahrhunderts (գերմաներեն).