Մասնակից:ՆինաԱզատյան359/Ավազարկղ4
Տանտիրոջս աղջիկը | |
---|---|
Հեղինակ | Նար-Դոս |
Ժանր | վիպակ |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Հրատարակման տարեթիվ | 1901 |
Վիքիդարան | ՆինաԱզատյան359/Ավազարկղ4 |
«Տանտիրոջս աղջիկը», վիպակ գրված Նար-Դոսի կողմից, որը արտացոլում է թիֆլիսահայ կյանքը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տանտիրոջս աղջիկը» վիպակը լույս է տեսել 1901 թվականին «Նոր-Դար» թերթում: Նար-Դոսի կարծիքը կարևոր է գործը հասկանալու համար.[1]
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը, որը ուսուցիչ էր, հայտնվում է Թիֆլիսում, կեցության հարցերը լուծելու համար վարձում է բնակարան և բնակվում այնտեղ: Տան տերը հայ էր՝ Սերգեյ Ավետիչը, իսկ նրա կինը՝ վրացի: Կնոջը գիժ-Կեկել էին անվանում, քանի որ կռվարար էր: Այդ էր պատճառը, որ ուսուցիչը ցանկանում էր հեռանալ այդ տնից: Բայց մի օր տուն են վերադառնում տան տիրոջ աղջիկը՝ Քալին, և տղան՝ Ալեքսանդրը: Քալին գալու հենց առաջին օրվանից գրավում է ուսուցչի ուշադրությունը: Տան տերը որոշել էր իր զավակներից մեկին քահանա դարձնել և հանձնում է ուսուցչին աշակերտելու: Քալին մի օր ցանկանում է մասնակցել եղբոր պարապմունքին: Ուսուցիչը առաջարկում է հաջորդ օրվանից հայերեն պարապել Քալիի հետ: Բայց հաջորդ օրը բարձր ճիչեր լսելով՝ իջնում է ցած ու տեսնում, թե ինչպես է հարբած ամուսինը հարվածում կնոջը: Օգնում է կնոջը և երբ հեռանում էր նրանցից, ամուսինը հարվածում է նրան թիկունքից: Ուսուցիչը ուշագնաց է լինում: Նրան սկսում է խնամել ապագա բժիշկ Ալեքսանդրը և այն կինը, ում փրկել էր: Ապաքինվելուց հետո սկսեց պարապմունքը Քալիի հետ: Նրանք սկսեցին մտերմանալ, և այդ մտերմությունը վերածվեց սիրո: Քալիի ծնողները զգացին դա ու պատրվակներ բերելով՝ տնից հեռացրին ուսուցչին: Սակայն քահանա դառնալ ցանկացող տղայի՝ Կոլյայի հետ շարունակում են պարապմունքները: Կոլյան դառնում է Քալիի և ուսուցչի միջև կապ հանդիսացող օղակ: Կոլյան հիվանդացավ ու սկսեց չհաճախել պարապմունքների: Դա առիթ հանդիսացավ ուսուցչի համար, որ տեսակցի աշակերտին, ինչպես նաև Քալիին: Քալիի վերաբերմունքից ուսուցիչը չէր կարողանում հասկանալ փոխադարձ է արդյոք իր սերը, թե ոչ:
Մի օր պատահաբար հանդիպում է Քալիին ու եղբորը: Հարմար առիթը բաց չի թողնում և օգտվելով միայնությունից՝ պատմում է իր զգացմունքների մասին Քալիին: Ուսուցչին պարզ դարձավ նաև իր զգացմունքների փոխադարձ լինելը: Սակայն, ի զարմանս ուսուցչի, Քալին չէր համարձակվում ընդդիմանալ ծնողներին, որոնք չէին համաձայնի իրենց ամուսնությանը, քանի որ «ուսուցիչ» աշխատանքը երբեք բարեկեցիկ կյանք չէր խոստանում: Վրդովված ուսուցիչը հանկարծ բարձրացնում է ձայնը, գրավում բոլորի ուշադրությունը, այդ թվում Ալեքսանդրի, որը ընկերների հետ հեռվում էր: Ամոթահար ուսուցիչը հաջորդ օրը ներողություն աղերսող նամակ է ուզում ուղարկել Քալիին: Կոլյան պարապմունքի չգնաց, և ուսուցիչը որոշեց քաղաքային փոստի միջոցով ուղարկել նամակը: Նամակը ընկնում է գիժ-Կեկելի ձեռքը: Նա էլ գնում է ուսուցչի տուն ու վիրավորում և անպատվում վերջինիս: Դրանից հետո այլևս չի տեսնում Քալիին:
Վեց տարի անց ուսուցիչը հանդիպում է այն կնոջը, ում փրկել էր հարբեցող ամուսնուց և տեղեկանում Քալիից: Պարզվում է, որ նրան ամուսնացրել էին հարուստ ու ծեր մարդու հետ:
Մի օր էլ ուսուցիչը Հավլաբարում հեռվից տեսնում է Քալիին, որը մոր ու սկեսուրի հետ գնում էր գրբացի մոտ: Այսպես ավարտվում է վիպակը[1]:
Վիպակի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տանտիրոջս աղջիկը» վիպակի գլխավոր հերոսը ուսուցիչն է: Վիպակը պատմում է հենց ինքը հիշատակարանի ձևով: Նա զգայուն է, մանավանդ սիրո հարցում: Սակայն նրա համար ավելի կարևոր է իր «արժանապատվությունը»: Բայց և սիրո համար նա կարող էր կյանքը վտանգի ենթարկել: Զայրույթի պահին կատարում է լավ չմտածված քայլեր, այնուհետև դժգոհում իր արարքից: Բայց կուզեր նման հատկություն չունենալ: Եվ սիրած աղջկա մեջ ամենից շատ դուր էր գալիս այն հատկանիշը, որ բարկությունից հետո, մի րոպե չանցած, կրկին ժպտում էր: Մի ուրիշ հատկանիշ ևս գրավում էր ուսուցչին՝ պարզամտությունը և միամտությունը, որոնք կրկին բացակայում էին իր բնավորությունից[2]:
Քալիի կերպարը սյուժետային ընթացքում զարգանում է՝ կորցնելով իր ինքնությունը և հասնելով ինքն իրենից ազատվելու սահմանին: Այստեղ սեփակնան անձի բռնադատյալ զոհաբերությունը դառնում է անբարոյականություն: Պատճառը մտքի լայնության ու զգացմունքի խորության պակասն էր[3]:
Գաղափարը սիրո բռնադատումն է տնտեսական-սոցիալական ճնշումների կողմից[3]:
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուսուցիչ,
- Սերգեյ Ավետիչ,
- գիժ-Կեկել,
- Ալեքսանդր,
- Քալի,
- Կոլյա,
- հարբեցող,
- հարբեցողի կին,
- ուսուցչի ընկեր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/686 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024-03-15-ին.
- ↑ «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024-03-15-ին.
- ↑ 3,0 3,1 «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024-03-20-ին.
Կատեգորիա:Նար-Դոս Կատեգորիա:Նար-Դոսի ստեղծագործություններ Կատեգորիա:1901 գրականությունում