Jump to content

Մասնակից:Հոբոսյան Իննա/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենչե պրովինցիան ժամանակակից Վիետնամի քարտեզի վրա

«Ոչնչացնել քաղաքն այն փրկելու համար» (այլ տարբերակ՝ «ոչնչացնել գյուղն այն փրկելու համար»), Վիետնամի պատերազմի (1965-1973) ամենահայտնի արտահայտություններից մեկը: Պատերազմի տարիներին այն լայնորեն օգտագործվել է ամերիկացի լրագրողների կողմից տարբեր հոդվածներում: Հաճախակի օգտագործման պատճառով այս արտահայտության բնօրինակը և դրա սկզբնաղբյուրը դժվար է որոշել:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի հունվարի 30-31-ին Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատը սկսեց իր առաջին ռազմավարական հարձակումը՝ գրոհելով երկրի ամբողջ տարածքում գտնվող քաղաքներն ու ռազմավարական օբյեկտները: Վիետնամի պատմության մեջ այս հարձակումը անվանվեց «Թեթի հարձակում»:

Հարձակման օբյեկտներից էր Բենչե ոչ մեծ քաղաքը (այժմյան Բենչե համանուն նահանգի մայրաքաղաքը), որը գտնվում է Սայգոնից հարավ՝ Մեկոնգ գետի դելտայում: Հարձակման արդյունքում քաղաքն այս կամ այն չափով անցավ Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատի վերահսկողության տակ։ ԱՄՆ-ի 9-րդ հետևակային դիվիզիայի ուժերը ավիացիայի և հրետանու աջակցությամբ հակառակորդի հետ մտան մարտի և կարողացան նրանց դուրս քշել քաղաքից: Մարտական գործողությունների արդյունքում Բենչեի բազմաթիվ տներ վնասվեցին կամ ավերվեցին։

1968 թվականի փետրվարի 7-ին «Ասսոշեյթեդ պրես»-ի թղթակից Փիթեր Արնեթը (հետագայում լայն ճանաչում ստացավ Իրաքում 1991 և 2003 թվականներին մարտական գործողությունների լուսաբանման արդյունքում) գործակալության սայգոնյան գրասենյակ գրություն ուղարկեց Բենչեի ճակատամարտի մասին: Գրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ ոմն ամերիկացի մայոր, որի անունը Առնեթը կտրականապես հրաժարվել է հրապարակել, հայտարարել է. «Անհրաժեշտ էր ոչնչացնել քաղաքն այն փրկելու համար» (անգլ.՝ It became necessary to destroy the town to save it)[1]: Արտահայտությունն իսկական իսկական սենսացիա առաջացրեց ԱՄՆ-ում, կիրառվեց նաև այլ լրատվամիջոցների կողմից և բազմիցս մեջբերվեց, այդ թվում՝ նաև Վիետնամում ամերիկյան քաղաքականության անհեթեթության ենթատեքստում։

Արժանահավատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ աղբյուրներ կասկածի տակ են դրել արտահայտության ճշմարիտ լինելու փաստը, մասնավորապես, այն պատճառով, որ Արնեթը չի հրապարակել արտահայտության հեղինակ մայորի անունը: «Նյու Ռիփաբլիք» թերթը արտահայտությունը վերագրել է մայոր Չեսթեր Բրաունին, որը ճակատամարտի ժամանակ պատասխանատու էր հրետանային և ավիացիոն աջակցության համար[2]: Սակայն, ինչպես վկայում է նախկին կապիտան Մայքլ Միլլերը, որը ծառայում էր ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսում և «Թեթի հարձակում» օպերացիայի ժամանակ գտնվում էր Ռատ-Քիեն քաղաքում (Բենչեի հարևանությամբ գտնվող քաղաք), արտահայտությունը հավաստի է և ասվել է բոլորովին այլ մարդու կողմից։ Ըստ Միլլերի՝ Բենչեի համար մղած մարտերից հետո 9-րդ հետևակային դիվիզիայի 39-րդ գումարտակում լրագրողների համար ասուլիս է տեղի ունեցել: Այդ ասուլիսը վարում էր գումարտակի՝ հասարակության հետ կապի բաժնի պետ մայոր Բուրիսը: Միլլերը հիշում է, որ հավաքված լրագրողները մշտապես բարձրացնում էին Բենչեում ավերածությունների թեման ԱՄՆ ուժերի կողմից կրակային ուժի կիրառման համապատասխանության համատեքստում։ Փորձելով զսպել լրագրողների ճնշումը՝ Բուրիսը, ի վերջո, անզգուշորեն հայտարարել է. «Մենք ստիպված էինք ոչնչացնել Բենչեն, որպեսզի փրկենք այն»։ Զրույցի ընթացքում անմիջապես միջամտել է գումարտակի հրամանատար փոխգնդապետ Դելյուկան և զրույցը հաջողությամբ հասցրել ավարտին[3]:

Հետաքրքիր է նշել, որ «Լոս Անջելես Թայմսի» թղթակից Ուիլյամ Թոուհին (անգլ.՝ Tuohy) մարտից մի քանի շաբաթ անց գրել է, որ մարտերի արդյունքում քաղաքը ավերվել է 25%-ով, այլ ոչ թե 80%-ով, ինչպես նախկինում հաղորդվել է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]