Մասնակից:Էմիլիա Եգանյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճշմարիտ բարեկամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշմարիտ բարեկամը
Ժանրէպիկական
Ձևվիպակ
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886 թվական
ԿերպարներԳարասիմ Զաքարյան, Եղիզաբեթ (Լիզա), Սուրեն Արևելյան, Տիգրանիկ:
ՎիքիդարանԷմիլիա Եգանյան/Ավազարկղ5

«Ճշմարիտ բարեկամը» հայ գրող Նար-Դոսի տպագրած արձակ առաջին վիպակն է, գրված 1886 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը սկսում է գարնանային գեղեցիկ նկարագրումով։ Կիրակի էր։ Ալեքսանդրյան այգում զբոսնում էին ամուսիններ՝ Գարասիմ Զաքարյանը, նրա կին Եղիսաբեթը՝ Լիզան, և նրանց որդի Տիգրանիկը։ Այդ պահին նրանց կողքով անցնում է մի մարդ, որը գրավում է Զաքարյանի ուշադրությունը։ Վերջինս, շրջվելով, երկար նայում էր անցորդի ետևից, ինչը անհասկանալի էր կնոջ համար։ Մոտենում է անցորդին և ուրախ բացականչում․ նրանք վաղեմի ընկերներ էին, որ տասը տարի կլիներ,որ չէին հանդիպել միմյանց։ Այդ մարդը պ-ն. Սուրեն Արևելյանն էր, ում ծանոթացնում է նաև կնոջ և տղայի հետ։ Սուրեն Արևելյանը պատմում է, որ ճանապարհորդում է և կատարում է իր երիտասարդ տարիների մեծ երազանքը։ Ամուսինները նրան հրավիրում են իրենց տուն ընթրիքի։ Սուրենը համաձայնվում է, և բոլորը միասին գնում են տուն։ Երկար ժամանակ նրանք նստած խոսում էին: Սուրեն Արևելյանը պատմում էր իր ճանապարհորդությունից: Նրա պատմությունից երևում էր, որ նա ճանապարհորդել է գրեթե ամբողջ եվրոպական երկրներով և այժմ մտադիր է ճանապարհորդել ասիական երկրներով: Եղիսաբեթի ուրախությանը չափ չկար, չգիտեր թե ինչ աներ։ Նրանք միասին սկսում են թուղթ խաղալ, դա էլ վերջացնելուց հետո Գարասիմը կնոջը համոզում է, որպեսզի մի բան նվագի և երգի իրենց համար։ Ընկերոջը պատմում է, որ կինը երաժշտությամբ է զբաղվել երկար տարիներ և շատ լավ երգում, նվագում է։ Լիզան սկսում է նվագել ու երգել մի սիրային պիես։ Նա իսկապես նմանում էր երգչուհու։ Եղիսաբեթը վերջացնելով կարծես սպասում էր Սուրեն Արևելյանի կարծիքին։ Վերջինս ասում է, որ շատ լավ ստացվեց ամեն բան, ինչը մեծ երջանկություն է պարգևում մանկահասակ կնոջը։ Արդեն ուշ էր, երիտասարդը բոլորին հաջողություն է մաղթում և հեռանում։ Սուրեն Արևելյանը գրեթե ամեն օր կամ ինքն էր այցելում Գ. Զաքարյանի ընտանիքին, կամ նրանք էին գնում վերջինիս մոտ՝ «Grand Hotel» հյուրանոցը: Նրանք միասին գնում էին թատրոն կամ այլ որևիցե զվարճության վայր: Երկու շաբաթ անց միմյանց տեսնելը, միմյանց հետ զրուցելը դարձել էր անհրաժեշտություն։ Իսկ Լիզան օրեցօր ավելի մեծ զգացմունք էր տածում այդ երիտասարդի հանդեպ։ Նա չէր կարողանում իշխել սրտին և մոռանալ այդ զգացումը, որը հանցագործություն էր մայրական սիրո դիմաց։ Լիզան Սուրեն Արևելյանին տեսնելու համար, այլ տարբերակ չունենալով, դիմում է ամուսնուն։ Գարասիմը առաջարկում է հյուրանոց գնալ։ Ամուսինները գնում են, բայց ապարդյուն, այնտեղ էլ չեն գտնում Սուրեն Արևելյանին։ Լիզայի սիրտը ավելի մեծ ցավ է պատճառում իրեն։ Մի գարնանային առավոտ Լիզայի ամուսինը տանը չէր, իսկ նա նստած էր շատ տխուր, բայց թե որն էր պատճառը, ամենևին էլ հայտնի չէր։ Այդ րոպեին սենյակ է մտնում Գարասիմը, բայց մանկահասակ կինն այն աստիճան էր մտքերի մեջ խորասուզված, որ չի նկատում անգամ դռան բացվելը։ Գարասիմը, Լիզային տեսնելով, ժպիտը դեմքին սկսում է խոսել։ Ամուսինը փորձում էր հասկանալ, թե կինը ինչու է այդքան տխուր և մռայլ տրամադրությամբ։ Լիզան շատ սառը և ի միջի այլոց էր պատասխանում ամուսնու հարցերին, ասում, թե իբր ամեն ինչ կարգին է, պարզապես գլուխն է ցավում։ Գարասիմը կնոջն ասում է, որ ճանապարհին հանդիպել է Սուրեն Արևելյանին և վերջինս խոստացել է, որ ժամը տասնմեկին կայցելի իրենց տուն, իսկ ինքը ժամը մեկին կվերադառնա։ Մինչ այդ Լիզային խնդրում է, որպեսզի լավ ընդունի հյուրին, միասին ինչ-որ բանով զբաղվեն, մինչ իր վերադառնալը։ Մանկահասակ կնոջ դեմքը այնպես է պայծառանում, կարծես քիչ առաջ ինքը չէր վատ տրամադրությամբ նստած։ Արդեն ժամը մոտ էր, և մանկահասակ կնոջ սիրտն ավելի արագ էր զարկում, նա իր մեջ վճռում է, որ ինչ ուզում է լինի, բայց առանց երիտասարդի իր համար շատ դժվար է ապրել։ Սուրեն Արևելյանը այդ պահին ներս է մտնում, Լիզան նրան շատ լավ է ընդունում, զրուցում են, երիտասարդն ասում է, որ մեկ կամ երկու օրից կհեռանա։ Այդ խոսքերը կարծես Լիզայի սրտում վիշտ են առաջացնում։ Հանկարծ նա դեմքը ծածկում է ձեռքերով, և սանձահար հեկեկանքը սկսում է խեղդել նրա կոկորդը: Սուրեն Արևելյանն անմիջապես մոտենում է տիկնոջը հասկանալու համար՝ ինչ է կատարվում։ Մանկահասակ կինը արցունքների միջից ասում է, թե արդյո՞ք այսքան ժամանակ ոչինչ չի հասկացել նա։ Երիտասարդը միանգամից սթափվում է, սենյակում լռություն է տիրում, կարծես Սուրենը հասկանում է նրան։ Սուրեն Արևելյանը երկար լռությունից հետո սկսում է խոսել։ Ասում է, որ ցավում է տիկնոջ համար, բայց ոչինչ անել չի կարող և, որ ամենակաևորն է, պետք է խղճա Տիգրանիկին։ Երիտասարդը շարունակում է խոսել, ասելով, որ ինքը, իբրև ճշմարիտ բարեկամ, իբրև սրտակից, միայն այդ ընտանիքի երջանկությունն է ցանկանում: Տիկնոջը բացատրում է, որ եթե անգամ հիմա կատարվի նրա սրտի ուզածը, հետագայում ավելի վատ է լինելու, ավելի լավ է սկզբում դժվար լինի, բայց հետո երջանիկ ապրի ընտանիքի կողքին։ Ուղղակի հեռատեսություն պետք է ունենալ այդ ամենը հասկանալու համար։ Եղիսաբեթը, որն այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ լսում էր, հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ իր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը։ Հաջորդ առավոտ ամուսինը, մանկահասակ կնոջը տեսնելով, վախեցավ․ նրա դեմքին գույն չկար, չէր խոսում և ամուսնու դեմքին չէր նայում։ Լիզան գնում է սենյակ և ծածուկ սկսում է լաց լինել։ Անցնում է բավականին ժամանակ, երբ դուռը կամաց բացվում է, և ներս է մտնում մի աղախին և հայտնում կնոջը, որ Սուրեն Արևելյանն իրեն նամակ է ուղարկել: Կինը կլանված սկսում է կարդալ։

«Հարգելի տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով: Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ: Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը: Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառության պատճառը: Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետ այսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղել — նա արժանի է դրան: Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի սրտե ցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեզ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ: Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թե ոչ. այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին: Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողություն խնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին: Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: Հիշեցեք իմ խոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է:

Ձեզ միշտ բարի ցանկացող՝

Սուրեն Արևելյան»[1]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարասիմ Զաքարյան
  • Եղիզաբեթ (Լիզա)
  • Տիգրանիկ
  • Սուրեն Արևելյան

Նար-Դոսի նմանողության կնիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան)

1886 թվականին Նար-Դոսը գրում է իր առաջին արձակ գործերը՝ այստեղ էլ որոշ ժամանակ մնալով նմանողության տիրակալ ուժի ներքո: Նշույլ առ նշույլ ձգտում է գտնել իր ստեղծագործական ինքնահաստատման սահմանները՝ հեղինակի անհատականությունից բնավորության որևէ գիծ, ծանոթ հոգեբանական ընդհանրացում փոխանցելով կերպարին, այս կերպ անցնելով բնականոն ճանապարհը: Նրա առաջին արձակ երկերը՝ «Ճշմարիտ բարեկամ» և «Նունե» վիպակները (հետագայում իր տեսակին բնորոշ համեստությամբ սխալ էր համարում դրանց տպագրության հանձնելը) հիմնականում ներառում են եվրոպական սալոնային կամ բուլվարային կոչված վեպերի սյուժետային կանոնիկ զարգացումներ: Գրողը խոստովանել է՝ գրական ուսումնառության սկզբում «կարդացել եմ ֆրանսիական, ինչպես ասում են, բուլվարային ռոմաններ»։ Երկու վիպակների ոճն էլ ցուցադրական գեղեցկախոս և վերամբարձ ռոմանտիկական է, միաժամանակ զգացվում է գրողի՝ պատկերավոր մանրամասներ ցուցադրելու կարողությունը: Սկիզբը հուշում է մուտքի պատկերավորման ավանդական կանոնիկ տեսարան. երկու վիպակներում էլ՝ ամառային բնապատկեր, գեղեցիկ այգի, թռչունների կախարդիչ երգ։ «Ճշմարիտ բարեկամ»-ում՝ պատուհանից դուրս նայող մտախոհ գեղեցկուհու ինքնամփոփ հառաչանք ու «հանկարծ դուռը բացվեցավ և ներս մտավ մի միջահասակ մարդ»։ «Նունե» վիպակում՝ գեղեցիկ բնապատկերին անտարբեր օրիորդի հառաչանքներ, և «այդ միջոցին հանկարծ բացվեցավ պատշգամբի դուռը, և շեմքի վրա մի հաստափոր մարդ երևաց»։ Այնուհետև կառուցվածքային նույն կանոնիկությամբ բացվում են զուտ անձնական-կենցաղային դրամատիկ ապրումները, զարգանում սրված զգացմունքայնությամբ, որը տրվում է հաճախ ձգձգվող նկարագրային պատումի մեջ և ստանում գեղեցկաբան հանդիսավոր ավարտ: «Ճշմարիտ բարեկամ» վիպակում դրաման խորանում է այն բանի հետևանքով, որ հերոսուհու՝ Լիզայի ամուսինը՝ Գարասիմ Զաքարյանը, իր թուլակամությամբ, անճարակ ու կույր բարեհոգությամբ, կարծես ավելի է նպաստում, որ կնոջ մեջ խորանա սերը ընկերոջ՝ Սուրենի նկատմամբ: Հաջորդում են «սալոնային» սիրո և տառապանքի զգայացունց պատկերներ, որոնք ավարտվում են սեփական զգացմունքը զոհաբերելու բարձրագոչ պարտավորություններով[2]: Գրողը միշտ չէ, որ կարողանում է ազատվել պարզունակ և ինքնակա, կոնֆլիկտի և կերպարների զարգացմանը որևէ չափով չնպաստող իրավիճակներ ստեղծելու գայթակղությունից, և դրանք կրկնվում են տարբեր գործերում, ինչը նկատելի է «Ճշմարիտ բարեկամ», «Քնքուշ լարեր», «Զազունյան» երկերում: Ահա այսպիսի մի օրինակ. Զաքարը հյուրերին զբաղեցնելու համար առաջարկում է «դուռաչկի» խաղալ և մանկամտորեն պարզաբանում. «Այդ խաղը շատ եմ սիրում, չնայած որ «դուռակը»՝ հիմարը միշտ ես եմ մնում»: Կերպավորման հետևողականության առումով վատ չէ, որ հերոսը կարծես թե հաճույք է զգում իր մասին խիստ խոսքեր ասելիս, բայց այդ դրությունը ուղղակիորեն կրկնվում է նաև «Ճշմարիտ բարեկամ» վիպակում: Այստեղ նույն հանգամանքներում Զաքարյանը (այնտեղ՝ Զաքարը), առաջարկում է նույն թղթախաղը՝ կրկնելով. «Այդ խաղն ես շատ եմ սիրում, թեպետ այդ խաղալիս «դուռակը»− հիմարը ես եմ մնում միշտ»: Երկուսն էլ իրենց ընկերների հասցեին պարզունակորեն կրկնվող գովաբանություններով կարծես միտումնավոր պարտադրում են կանանց, որ սիրահարվեն նրանց: Բայց հետո կնոջ տառապանքը, իր համար անհասկանալի հիվանդագին կռվարարությունը անկարող ու հուսահատ վիճակի մեջ են գցում լավատես ու մշտաժպիտ Զաքարին, որը հանուն սիրած կնոջ պատրաստ է ամեն ինչի, սակայն լինելով թույլ բնավորություն՝ չի կռահում պատճառը, չգիտի՝ ինչ անի: Եվ ստիպված դիմում է կնոջ ընկերուհուն՝ խոսափողային մի կերպարի. «Բայց ախր, ես տանջվում եմ… Ախր Էմման ատում է ինձ, զզվում է ինձանից, իսկ դուք գիտեք, թե ինչպես ես սիրում եմ նրան»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նար-Դոս (1989). Երկերի ժողովածու, հատոր առաջին. Խորհրդ․ գրող. էջեր 283–284.
  2. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 237–238.
  3. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 246–247.