Jump to content

Մասնակից:Անահիտ Ա/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայքար (Նար-Դոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Ա/Ավազարկղ3
ՏեսակՎեպ
Ժանրէպիկական
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1911
ՎիքիդարանԱնահիտ Ա/Ավազարկղ3

«Պայքար»-ը Նար-Դոսի վեպերից է։ Այն գրել է 1911 թվականին։



Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շաբաթ օր՝ մեծ պասի նախավերջին օրը, եկեղեցու բակում նստած էր Օսանը իր գեղեցկուհի հարսի՝ Մանեի հետ։ Բարեկամներից մեկը՝ ծերունի Զաքարն այդ պահին ևս գալիս է այդտեղ։ Մոտենում է նստած կանանց և հարձ ու փորձ անում։ Ծերունին ոչ մի մտերիմ ազգական չուներ, նրան օգնում էր միայն Օսանի որդին՝ Գրիգոր Սերգեյիչը։ Իսկ եղբոր որդին՝ Աշոտ Բադամյանը, ում պահել և ուսման էր տվել Զաքարը, չգիտեր անգամ՝ ծերունին ո՞ղջ է, թե՞ մեռած։ Զրույցի ըթացքում մոտենում է նաև Հոռոմսիմը։ Տխուր էր, բողոքում էր որդուց՝ Սեդրակ Նասիբյանից, անիծում նրան, քանի որ սոված էր թողել կնոջն ու երեխաներին, մորը և աշխատած գումարը վատնում էր մի անբարոյական կնոջ ՝ Հեղինե Սոլիկյանի վրա, ում բոլորը ճանաչում էին։ Տանը եղած ժամանակ էլ փայտով ծեծում էր կնոջը։ Մանեն և Հեղինեն մանկության ընկերուհիներ էին, և այս ամենն այնքան մեծ ազդեցություն է ունենում Մանեի վրա, որ այցելում է Հեղինեին, ով ապրում էր քրոջ՝ Սալոմեի հետ։ Զրուցում են միասին, և Հեղինեն Մանեին վստահեցնում է, որ նման բան չկա, և ինքը՝ Նասիբյանն է, որ հանգիստ չի տալիս իրեն։ Հենց այդ պահին պատուհանից տեսնում են Նասիբյանին, ով շտապում է Հեղինեի տուն։ Հեղինեն Մանեին պարտադրում է մնալ և համոզվել, որ ոչինչ չկա իրենց մեջ, և ինքը այդ տղամարդուն երես չի տալիս։ Երբ Նասիբյանը ներս է մտնում, Հեղինեն անմիջապես սկսում է խոսել, զայրացած հարցնել, թե ինչու՞ է վատ վարվում իր ընտանիքի հետ, չէ՞ որ ինքը տեղյակ չէ և ընդհանրապես կապ չունի այդ ամենի հետ։ Նրանք սկսում են վիճել, իսկ Նասիբյանը նկատողություն է անում Մանեին, որ խառնվել է այս ամենին։ Մանեն, չհանդուրժելով այս ամենը, բարկացած դուրս է գնում և հեռանում այդտեղից։ Նույն օրը Մանեին այցելում է եղբայրը՝ Վահանը։ Զատիկը շնորհավորելու պատրվակով Մանեին հյուր է գալիս Բադամյանը։ Զրուցում են իրենց մասին։ Նրանք սիրում են միմյանց, բայց Մանեն ասում է, որ ամուսնուն թողնել չի կարող, չնայած որ երջանիկ չէ, իսկ այդ ամենը վաղուց հասկացել է նաև Վահանը։ Բադամյանն ասում է Մանեին, թե նա կա´մ չի սիրում իրեն, կամ խաղում է իր զգացմունքների հետ: Մանեն հուզվում է, լաց լինում։ Եղբորը պատմում է Բադամյանի մասին, բայց նա լուռ է, ոչինչ չի ասում։ Հաջորդ օրը Բադամյանը նամակ է գրում Մանեին՝ հանդիպում խնդրելով, որպեսզի որոշեն , թե ինչ պետք է անեն: Մանեն մերժում է նրան, ասում է, որ ամուսնուն չի թողնի, նրա հետ չի գնա: Վահանը գնում է Բադամյանի մոտ՝ խոսելու և բացատրելու, որ Մանեն ամուսին ունի և պետք է հեռու մնա իր քրոջից։ Բադամյանն էլ գումար է պարտք լինում Վահանին։ Վերջինս նաև հիշեցնում է այդ մասին, վերցնելով 35 ռուբլին պահանջում է տալ նաև մնացորդ կոպեկները: Մի գիշեր Բադամյանը արթնանում է՝ ցավը մարմնում: Ամբողջ ոսկորները ցավում էին և կտրատվում, իսկ մարմնում դող կար։ Զգում էր, որ սաստիկ հիվանդ է, բայց պետք է Մանեի մոտ գնար և զրուցեր։ Բայց տեսնում է մի կառք, որից իջնում էր Սանթրոսյանը։ Զարմանում է, որովհետև անսպասելի էր այդ ժամին տեսնել Մանեի ամուսնուն և հուսահատ վերադառնում է տուն։ Այդ գիշերն անցկացնում է շատ անհանգիստ։ Թոքերի բորբոքումն օրեցօր սաստկանում է։ Ութերորդ օրը հիվանդի վիճակն այնքան է վատանում, որ անկողնուց չի կարողանում վեր կենալ։ Երբ Սանթրոսյանը դուրս է գնում գործերով՝ Մանեն որոշում է գնալ Բադամյանի մոտ: Գիտեր, որ Հեղինեն այնտեղ է: Վազելով, շունչը հազիվ պահելով հասնում է կառքին, և տաս րոպե անց կառքը կանգ է առնում Բադամյանի բնակարանի առջև։ Հիվանդն այնքան վատ վիճակում էր, որ անգամ Մանեին չի ճանաչում և չի արձագանքում։ Նա միայն նայում է լույսի ուղղությամբ, առանց աչքերը թարթելու։ Մանեն իրեն է մեղադրում, որ երիտասարդն այդ աստիճան հիվանդացել է և ոչինչ չի գիտակցում։ Նույն օրը, մտնելով ամուսնու աշխատասենյակ, ամեն բան պատմում է Մանեն, ասում է, որ սիրում էր Բադամյանին, իսկ նա այժմ մահամերձ է։ Սանթրոսյանը ուշքի չի գալիս կնոջ խոստովանությունից, ամբողջ գիշեր մտածում է այդ դրության մասին։ Վերջինս գիշերը մտնում է Վահանի մոտ: Զրուցում են: Չգիտի ինչ կարելի է անել, տանջվում է: Վահանի հետ միասին մտնում են Մանեի սենյակ: Որոշում են զրուցել Մանեի հետ և լուծում գտնել այս հարցիին։ Սկզբում մտնում է Վահանը։ Մանեն պառկած էր տարօրինակ ձևով։ Գլուխը բարձի վրա չէր, մի ոտքը ծալված էր, մյուսը՝ կախված ցած։ Վահանը, մոտենալով, քրոջը տեսնում է անշնչացած ընկած։ Մանեն մահացել էր[1]։

Թուլակամության հոգեբանական և գաղափարական հիմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պայքար» վեպում թույլ բնավորությունների անորոշ վիճակը շատ ավելի կապվում է գաղափարական հակադրությունների և դրանց անհավասարակշիռ ու սուր ընկալումների հետ: Վեպը Նար-Դոսը մշակել է, նախնական տարբերակներն ունեցել են «Մանե», «Երկու բևեռների միջև» վերնագրերը, որոնք հուշում են, որ շեշտը պիտի դրվեր գլխավոր հերոսի հոգեկան պայքարի վրա: Վերջնական օրինակը ճիշտ է ներկայացնում բովանդակությունը՝ հերոսների անձնական հարաբերությունները, ներքին պայքարը համադրել գաղափարական-քաղաքական հոսանքների՝ լիբերալազատամիտների և պահպանողականների պայքարի հետ: «Նոր դար» պահպանողական հանդեսում իր աշխատանքը պատահականությանը վերագրելով՝ Նար-Դոսը փորձում էր ժխտել իր պահպանողական հայացքները: Սակայն վեպում գրողի ունեցած գաղափարական դիրքորոշումը՝ մերժել ազատամիտների հայացքները և ցույց տալ, որ դրանք ավելի պահպանողական են, և պահպանողական հոսանք նույնիսկ չկա, ինչ-որ չափով վկայում է նրա դատողությունների մեջ պահպանողական երանգների առկայության մասին: Վեպում անընդհատ պահպանվող ներքին լարվածությունը ոչ միայն այդ պայքարի նշանն է, այլև առաջին հերթին գլխավոր հերոսի՝ Մանեի անորոշ վիճակի, ինչ-որ չափով թուլակամության վկայությունը: Սկսվում է եկեղեցու բակում ծեր մարդկանց զրույցով, որի թեման դժգոհությունն է երտասարդներից, որոնք մոռացել են հավատը, եկեղեցի չեն գնում: Մեկը բողոքում է ինչ-որ Հեղինեից («Չաչանակի պես կխոսի, լիրբ-լիրբ կծիծաղի, պապիրոս կքաշի»), որը կապվել է իր ամուսնացած որդու (Նասիբյանի) հետ և կարող է ընտանիքի քայքայման պատճառ լինել։ Ծերունի Զաքարը դժգոհ է եղբոր որդուց (Աշոտ Բադամյանից), որը բոլորովին մոռացել է իրեն: Պայքարի առաջին ստվերագծումը հների և նորերի մեջ է, և քննադատվում է փաստորեն նորերի ազատամտությունը: Սկեսրոջ հետ նրանց մեջ է Մանեն, որի գեղեցիկ արտաքինի և նիհար կազմվածքի մեջ թաքուն լարվածություն կա, ինչը մեծանում է զրույցի ընթացքում, և վիճակի անորոշություն հուշող այս հանգույցը պետք է բացվի աստիճանաբար՝ ցուցադրելով հերոսի հոգեբանության առանձնահատուկ կողմերը: Իսկ այն, որ տարիքով նորերի սերնդից Մանեն ծերերի մեջ է և եկեղեցու բակում, ակնարկում է նրա մեջ պահպանողականության ինչ-ինչ շերտերի առկայության մասին: Հիմքում ազատամիտների և պահպանողականների վեճի առանցքներից մեկն է՝ եկեղեցին և ընտանիքը: Հաջորդ դրվագում Մանեն ընկերուհու՝ Հեղինե Սոլիկյան մոտ է: Նրա մեղադրանքը Հեղինեին, որ կարող է Նասիբյանի հետ կապը ընտանիք կործանել, որ իրեն ազատամիտ ներկայացնող Նասիբյանը արդեն իսկ ծեծում է կնոջը, Հեղինեն լսում է անընդհատ շարժվելով և գիրուկ մարմնով «արջի քոթոթի պես թմփալով» բազմոցին: Նրա խոսքը նախապաշարմունքների, ամուսնական բռնությունների, կնոջ անազատության մասին Մանեին «ցինիկական թվացին», սակայն միաժամանակ Մանեն «զգում էր, որ ընկերուհու ասածների մեջ ճշմարտություններ շատ կան, բայց չէր ուզում հաշտվել այդ ճշմարտությունների հետ»: Մանեի մեջ այս երկակիությունն ու անորոշությունը որոշիչ են մնալու մինչև վերջ՝ չնայած գրողի կանխակալ դիրքորոշումը ստիպելու է, որ վեճի մեջ առայժմ հաղթող լինի Մանեն, այսինքն՝ պահպանողականները: Կնոջ, ընդհանրապես մարդու ազատության հիմունքը կապելով բնության հետ՝ Հեղինեն ասում է, որ մարդը պետք է ապրի՝ բնության ձայնին լսելով: «Բնության ձայնը… դրանով խո անասուններն էլ են առաջնորդվում»,- Մանեի այս հակադարձումից հետո Հեղինեն ընդունում է իր պարտությունը: Անձնական ու գաղափարական պայքարի հոգեբանական բարդ, երբեմն հակասական շերտեր է ներառում Մանե-Բադամյան հարաբերությունը: Մանեն ամուսնացած է, ընտանեկան պարտավորությունների և ընդհանրապես պարտքի ենթական լինելու սկզբունքի հետևորդ (որը պահպանողականություն էր համարվում), սակայն սիրում է Բադամյանին, ով ազատամիտների պարագլուխներից է: Ակնհայտ է գրողի անհետևողականությունը, և որքան էլ Մանեի եղբայր Վահանը բացատրում է, որ դրա պատճառը այն է, որ Մանեի ամուսինը գործի բերումով միշտ դրսում է, իսկ երիտասարդ կինը տղամարդու՝ նաև ուժի և հովանու կարիք ունի, միևնույն է, փաստի հոգեբանական հիմնավորումը մնում է առկախ: Մանավանդ ազատամիտ Բադամյանը, նաև գրողի հավաստմամբ, կարծես իսկապես սիրում է Մանեին, բայց չի տեսնում, թե ընտանիքից դուրս այդ զգացմունքը ինչ տառապանք է բերում կնոջը: Նա նույնիսկ իր խաղի մեջ երբեմն նենգության է հասնում, ամեն կերպ պարտադրում, որ Մանեն տրվի իրեն նաև մարմնապես, և դիմում անգամ ցինիկ պատկերավորության. «Դուք շարունակում եք ինձ կերակրել բառերով… Ինչի՞ս է պետք առվի կարկաչը, երբ չեմ կարող ծարավս հագեցնել»:

Այս հարաբերությունների մեջ ուրույն է Մանեի եղբոր՝ Վահանի դերը, նա վեպի գեղարվեստական հաջողված որակն է: Նկատելով, որ բոլորը կամ ազատամիտ են, կամ պահպանողական՝ Վահանը շեշտում է, թե ինքը չեզոք է: Չեզոքությունը այն հիմունքն է, որով Վահանը իրեն բնորոշ հումորով ծաղրում է բոլորին, մանավանդ ազատամիտ կոչվածներին. «Այն Բադամյանը չէ՞: Մազերից ճանաչեցի… Նայիր մազերին, տասը ցախավել դուրս կգա», կամ՝ ահա «դարավերջի օրիորդ Սոլիկյանը, նրան սրտակից և, եթե չեմ սխալվում, կենակից Նասիբյանը», և կամ՝ «Մաշադիների աշխարհի ռադիկալ պուբլիցիստը… չոպոր անգլիացիների բուրդը գզող Նասիբյանը» (Հուշում է անգլիացիների ավանդական պահպանողականությունը): Վահանը ճիշտ է բացատրում Մանեի և Բադամյանի կապը: Բադամյանին, որի թույլ բնավորության դրսևորումներից է այն, որ կրկնում է, թե «շատ սխալվում եք, որ կարծում եք, թե վախենում եմ», Վահանը բացատրում է. «Դուք չեք կարողանում ճանաչել նրան, որին սիրում եք… Քույրս իր բնավորությամբ և աշխարհայացքով քրիստոնյա է, դուք՝ հեթանոս» (Ազատամիտ-պահպանողական պայքարը հների և նորերի հակասությունից հասավ մինչև հեռավոր անցյալ): Իհարկե, ծաղրը Վահանին պետք է գալիս նաև պաշտպանվելու, իր թերությունները կոծկելու, անգամ շահին հետամուտ լինելը չմոռանալու համար (Այդ հանդիպման ժամանակ նրբորեն Բադամյանին հիշեցնում է, որ նա հավանաբար հիշում է, որ փող է պարտք իրեն): Մանեի դրաման Վահանը բացատրում է նրանով, որ նա ժամացույցի ճոճանակի պես տարուբերվում է մի կողմից ծերերի՝ «ժամ ու պատարագ, պաս ու հաղորդ», մյուս կողմից՝ եկեղեցու կործանում, ապահարզան, սեր, առաջադիմություն պահանջողների միջև. ելքը ճոճանակի կանգ առնելն է, որը մահն է: Վահանի խոսքերով է «Պայքար» վեպը դառնում բանավեճ Շիրվանզադեի «Արամբի»-ի դեմ: Մանեի ամուսնու «հրեշ» լինել-չլինելը պարզորոշ չէ, քանի որ նա փաստորեն չի երևում գործողությունների մեջ: Մանեն կարող է «հրեշտակի» նման դիտվել՝ իր անորոշ թուլակամությամբ հանդերձ: Բադամյանը բոլորովին «ռոմանտիկ» չէ: Սրանով հանդերձ՝ «Պայքար» վեպի լուծումը շատ մոտ է Վահանի նշած սխեմային և «Արամբի» վեպի լուծումին. մահամերձ Բադամյանի մոտից Մանեն գալիս է տուն, ամուսինը եկել էր օտարությունից, նրա մոտ Մանեն ասում է. «Իսկ ես սիրում եմ նրան», առանձնանում իր սենյակում և ինքնասպան լինում: Այսինքն՝ գաղափարական պայքարի անորոշությունը իր կնիքն է դնում անձնական կոնֆլիկտների անհստակության վրա: Պահպանողական հակումներով Մանեն այս ուղղակի խոստովանությունից հետո փաստորեն դավաճանում է իր սկզբունքներին, մանավանդ դեռ վեպի սկզբում նա ներքուստ ընդունում էր Հեղինեի ասածների որոշ ճշմարտությունը: Հեղինեն ևս հեռանում է իր գաղափարներից և նախկին ազատամիտ կուսակիցներին ասում. «Ձեզ որ փետրահան անենք, տակներիցդ մի-մի մղդսի դուրս կգա» («մղդսի»- ոտքով Քրիստոսի գերեզմանը ուխտի գնացող. նկատի ունի կրոնամոլ պահպանողականությունը)[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 409–590.
  2. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն (PDF). ԵՊՀ. էջեր 197–202.