Մամուլ (չափման միավոր)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամուլ (այլ կիրառումներ)
Մամուլ, չափի միավոր հրատարակչական գործում և պոլիգրաֆիայում։
- Հեղինակային մամուլը գրական ստեղծագործության ծավալի չափման միավոր է և հավասար է 40 հազար տպագրական նիշի (տառ, կետադրական նշաններ, թիվ, ինչպես նաև բառերի միջակա բացատներ) կամ բանաստեղծական նյութի 700 տողի կամ 3 հազար սմ2 տպված գրաֆիկական նյութի (պատկերազարդում, քարտեզ և այլն)։
- Թղթային մամուլը հրատարակության թղթի քանակի հաշվառքի միավոր է։
- Տպագրական մամուլը հրատարակության բնական ծավալի չափի միավոր է։ Տպագրական Մամուլի պայմանական միավոր է համարվում 60×90 սմ չափսի թուղթը։ Տպագրական Մամուլը կոչվում է նաև ֆիզիկական Մամուլ (70×90, 70×108, 84×108 սմ)։
- Հաշվա-հրատարակչական մամուլը տպագրական հրատարակության ծավալի հաշվառքի միավոր է և կազմում է 40 հազար նիշ կամ 700 բանաստեղծական տող կամ 3 հազար սմ2 գրաֆիկական նյութ։ Տպագրված ստեղծագործության ծավալը հաշվվում է հաշվա-հրատարակչական Մամուլով, որն ընդգրկում է գրական աշխատության իսկական ծավալը հեղինակային Մամուլով, բոլոր այլ կարգի տեքստային ու գրաֆիկական նյութերի ծավալը (խմբագրական առաջաբան, էջատիտղոս, էջահամար և այլն), որոնք տեղավորված են հրատարակությունում։ Հաշվա-հրատարակչական Մամուլը կիրառվում է հրատարակչական պլանավորման և հաշվարկի, խմբագիրների, տեխնիկական խմբագիրների, սրբագրիչների աշխատանքի չափը որոշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 197)։ |