Մակրոաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մակրոաշխարհ, հասկացություններ, որոնցով պայմանականորեն նշանակվում են օբյեկտիվ իրականության առանձին տիրույթներ՝ մատերիայի կազմակերպման որոշակի կառուցվածքային մակարդակներով։ Մակրոաշխարհը (սովորական՝ մակրոսկոպիկ մեծությունների աշխարհը) ընդգրկում է մեծ մոլեկուլների (մակրոմոլեկուլների), բյուրեղների, մակրոսկոպիկ մարմինների, երկրաբանական գոյացումների, մոլորակների և այլն կառուցվածքային մակարդակները։ Մակրոաշխարհում է ապրում և գործում մարդը, այդ պատճառով այն իրականության առավել հետազոտված մասն է։ Այդ «աշխարհի» մատերիական օբյեկտների՝ մակրոօբյեկտների շարժումները նկարագրվում են մեխանիկայի օրենքներով։

Մակրոաշխարհի հիմքը հանդիսանում են քիմիական տարրերը, որոնք պարզ և բարդ նյութերի բաղադրիչներ են: Քիմիական տարրերից յուրաքանչյուրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է: Հայտնի են 107 քիմիական տարրեր, որոնցից 89-ը հայտնաբերվել են բնության մեջ, մյուսներն ստացվել են արհեստականորեն՝ միջուկային ռեակցիաների միջոցով: Քիմիական տարրերը միմյանցից տարբերվում են ատոմների միջուկների լիցքով և էլեկտրոնային կառուցվածքով: Պարզ նյութը և նրա մոլեկուլները բաղկացած են միևնույն, բարդ նյութի մոլեկուլները՝ տարբեր տարրերի ատոմներից:

Մակրոաշխարհում այս քիմիական տարրերը միմյանց հետ կապվելով քիմիական և այլ կապերով առաջացնում են քիմիական միացություններ և ավելի բարդ նյութական համակարգեր: Այս համակարգերը կախված ջերմաստիճանից՝ դրսևորվում են տարբեր ագրեգատային վիճակներով:

Նյութի պինդ վիճակը բնութագրվում է ձևի կայունությամբ և ատոմների շարժման փոքր արագությամբ, որը կատարում է տատանողական շարժում իր կայուն հավասարակշռության դիրքի շուրջը: Նյութի այս վիճակը դրսևորվում է բյուրեղային և ամորֆ ձևերով:

Նյութի հեղուկ վիճակը դա պինդ և գազային վիճակների միջանկյալ կոնդենսացված ագրեգատային վիճակն է: Այս վիճակը օժտված է ինչպես պինդ մարմինների, այնպես էլ գազերի առանձնահատկություններով: Ունի նաև միայն իրեն բնորոշ հատկություններ, որոնցից ամենաբնութագրականը հոսունությունն է: Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, ունեն ազատ մակերևույթ, սակայն չեն պահպանում ձևը: Նյութը հեղուկ վիճակում է գտնվում եռակի կետում ունեցած ճնշումից բարձր ճնշումների դեպքում և բյուրեղացման ջերմաստիճանից մինչև եռման ջերմաստիճանն ընկած տիրույթում: Հեղուկը պինդ մարմիններից տարբերող կարևոր առանձնահատկություններից մեկը դա նա է, որ հեղուկի մասնիկների կինետիկ էներգիան բավարարում է հաղթահարելու պոտենցիալ արգելքները, և այն հաճախ փոխում է տատանման կենտրոնը: Իսկ ի տարբերություն գազերի, հեղուկների մասնիկները ունեն ուժեղ միջմոլեկուլային փոխազդեցության ուժ:

Նյութի գազային վիճակը դա նրա այն ագրեգատային վիճակն է, որի դեպքում տվյալ նյութի միմյանց հետ թույլ փոխազդող մոլեկուլներն ազատ շարժվում և զբաղեցնում են իրենց հատկացված ամբողջ ծավալը: Գազի մասնիկների միջին կինետիկ էներգիան շատ ավելի մեծ է նրանց փոխազդեցության միջին էներգիայից: Ի տարբերություն հեղուկ և պինդ մարմինների, գազերն ունեն փոքր խտություն և սեղմելի են:

Նյութի պլազմային վիճակը իրենից ներկայացնում է մասնակիորեն կամ լրիվ իոնացած գազ, որում դրական և բացասական լիցքերի խտությունները գործնականում հավասար են: Բոլոր նյութերը բարձր ջերմաստիճանում անցնում են պլազմային վիճակի: Պինդ, հեղուկ և գազային վիճակներում նյութի մասնիկները էլեկտրաչեզոք են և միմյանց հետ փոխազդում են միայն բախումների ժամանակ: Պլազմայում, բացի էլեկտրաչեզոք մասնիկներից, կան նաև ազատ էլեկտրոններ և իոններ, որոնք միմյանց հետ փոխազդում են հեռավորության հետ շատ դանդաղ նվազող կուլոնյան ուժով:

Մակրոաշխարհի նյութական համակարգերում մեծ դեր են խաղում նաև այսպես կոչված մակրոմոլեկուլներից կազմված համակարգերը: Մակրոմոլեկուլների հիմքը հանդիսանում են մոնոմերներ կոչված ցածրամոլեկուլային նյութերը, որոնց մոլեկուլները ռեակցիայի մեջ են մտնում իրար կամ այլ մոլեկուլների հետ և առաջացնում պոլիմերներ (վերջիններիս էլ ընդունված է անվանել մակրոմոլեկուլներ): Պոլիմերվող մոնոմերները հիմնականում մոլեկուլում կրկնակի, եռակի քիմիական կապեր կամ ցիկլային խմբավորումներ պարունակող խմբեր են: Պոլիմերները բարձրամոլեկուլային քիմիական միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի: Պոլիմերները լինում են բնական և սինթետիկ: Բնական պոլիմերները կամ մակրոմոլեկուլներն էլ հենց հանդիսանում են կենդանի իրական մատերիայի սկզբնաղբյուրը:

Մակրոաշխարհում մեծ դեր են խաղում նաև այսպես կոչված կոլուդների համակարգերը, որոնք առաջանում են գերհագեցած լուծույթների, գոլորշու ու գերսառեցրած հեղուկների կոնդենսացումից: Կոլուդների համակարգեր առաջանում են նաև հեղուկների փոշիացման և պինդ նյութերի խիստ մանրացման դիսպերսումից: Կոլիդ բարդ համակարգեր են հանդիսանում հողը, էմուլսիաները, ժելեները, փրփուրները, ծակոտկեն նյութերը և այլն:

Մակրոաշխարհի ամենամեծ նյութական համակարգերը դրանք մոլորակներն են, որոնք իրենցից ներկայացնում են Արեգակի շուրջը պտտվող, գրեթե գնդաձև երկնային մարմիններ: Չունեն սեփական լույս, լուսավորվում են Արեգակից:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>> -1987թ.  

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181 CC-BY-SA-icon-80x15.png