Մագնեզիումի համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնեզիումի համաձուլվածքներ - համաձուլվածքներ, որոնց հիմնական բաղադրիչը մագնեզիումն է; Առավել ամուր և կրակակայուն մագնեզիումի համաձուլվածքներ մշակվում են մագնեզիում - մետաղ համակարգի հիման վրա։ Մագնեզիումի համաձուլվածքները բաժանվում են 2 հիմնական խմբի, ձուլման համաձուլվածքներ՝ ձևավոր ձուլվածքների արտադրության համար, և դեֆորմացվող համաձուլվածքներ՝ մամլումով, գլոցումով, կռումով և դրոշմումով կիսաֆաբրիկատների արտադրության համար։ Արդյունաբերական մագնեզիումի համաձուլվածքների մեջ պարունակվում են Al-ի, Zn-ի, Μη-ի, Zr-ի, Th-ի, Ag-ի, Cd-ի, Li-ի, Be-ի, հազվագյուտ մետաղների և այլնի հավելանյութեր, որոնց ընդհանուր քանակությունը առավել լեգիրված մագնեզիումի համաձուլվածքներում հասնում է 10-14%-ի։ Վնասակար խառնուրդներ են Ni-ը, Fe-ը, Si-ը և Cu-ը, որոնք նվազեցնում են մագնեզիումի համաձուլվածքների կոռոզիակայունությունը։ Մագնեզիումի համաձուլվածքներն ամենաթեթև մետաղական կոնստրուկցիոն նյութերն են, որոնց խտությունը, բաղադրությունից կախված, փոփոխվում է 1360-2000 կգ/մ3 սահմաններում։ Ամենափոքր խտությունն ունեն մագնեզիում-լիթիումային համաձուլվածքները։ Առավել կիրառելի մագնեզիումի համաձուլվածքների խտությունը 1760-1810 կգ/մ3 է, այսինքն՝ մոտավորապես 4 անգամ փոքր է պողպատի խտությունից և 1, 5 անգամ՝ ալյումինի համաձուլվածքների խտությունից։ Մագնեզիումի համաձուլվածքների ջերմային ընդարձակման գործակիցը միջին հաշվով 10-15%-ով ավելի մեծ է, քան ալյումինի համաձուլվածքներինը։ Մագնեզիումի համաձուլվածքների առաձգականության մոդուլը հավասար է 41-45 Գն/մ2 (4100-4500 կգ/սմ2)։ Ցածր ջերմաստիճանների դեպքում մագնեզիումի համաձուլվածքների առաձգականության մոդուլը, հոսունության և ամրության սահմանները մեծանում են, իսկ երկարացումը և հարվածային ճլությունը՝ նվազում։ Մագնեզիումի համաձուլվածքներ լավ մշակվում են կտրումով։ Կիրառվում են ավիացիայում, հրթիռաշինության, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, լուսանկարչական և կինոսարքավորումների արտադրության համար։ Մագնեզիումի համաձուլվածքներից պատրաստված դետալները կարող են աշխատել կրիոգենային և բարձր ջերմաստիճաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png