Ճապկի սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապկի սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հոնածաղկավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Տեսակ Ճապկի սպիտակ
Լատիներեն անվանում
Cornus alba Լ.


Ճապկի սպիտակ (լատին․՝  Cornus alba Լ.), հոնազգիներ ընտանիքի, ճապկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, նուրբ, ճկուն, մեծ մասամբ ուղիղ կամ դեպի ցած հակված, սակայն չարմատակալող ճյուղերով։ Ընձյուղները մեծ մասամբ վառ նարնջակարմրավուն, երբեմն՝ սևակարմրավուն, հազվադեպ՝ կարմրագորշավուն են։ Միջուկը լայն է, սպիտակ։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները լայն էլիպսաձև են, ձվաձև, էլիպսաձև, 3-10 սմ երկարությամբ, 2-7 սմ լայնությամբ, գագաթում սուր կամ մեծ մասամբ սրված, կլորավուն կամ սեպաձև հիմքով, վերևի կողմից՝ կնճռոտ, մուգ կանաչ, նոսր, տերևի մակերեսին պառկած մազմզուկներով, 4-6 զույգ կողմնային ջղերով։ Կոթունն ունի 0,5-3 սմ երկարություն։ Ծաղկաբույլերը վահանաձև են, տափակ կամ թեթևակի ուռուցիկ, 3,5-5 սմ տրամագծով, խիտ, 2-4 սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Ծաղկակալն ունի 2-5 մմ երկարություն, բաժակի ատամիկներն աննկատ են կամ շատ կարճ, պսակաթերթիկները ձվաձև են կամ ձվաձև նշտարաձև, 4-5 մմ երկարությամբ։ Առէջները գրեթե հավասար են կամ երկար են պսակաթերթիկներից։ Սերմնարանը մազմզուկապատ է։ Կորիզապտուղը համարյա գնդաձև է, 7-8 մմ երկարությամբ և 6,5-7,5 մմ լայնությամբ, սկզբում կապտավուն, հասունանալիս՝ կապտասպիտակ կամ սպիտակ։ Կորիզը էլիպսոիդաձև է, ծայրերում սեղմված։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկում է մայիսին, հունիսին, հաճախ համարյա ամբողջ ամռան ընթացքում, երբեմն երկրորդ անգամ՝ աշնանը։Տարածված է Նախկին ԽՍՀՄ-ի Եվրոպական մասում (Վերին Վոլգայի, Կամայի, Հյուս. Դվինայի և Պեչորայի ավազաններում), Արևմտյան և Արևելյան Սիբիրում, հեռավոր Արևելքում, Մոնղոլիայում, Հյուսիսային Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում, Ճապոնիայում։ Աճում է գետահովիտներում, գետածոցային անտառներում և մացառուտներում՝ այլ թփատեսակների հետ միասին։ Լավ է աճում ամենատարբեր հողերում։ Բավական ստվերատար է։ Լավ է դիմանում քաղաքի պայմաններին։ Աչքի է ընկնում բարձր ցրտադիմացկունությամբ, շոգադիմացկուն է։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ տերևներով և տարբեր գույնի ընձյուղներով։ Մեր հանրապետությունում մշակվում է ամենուրեք, առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1 -32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 151-152։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապկի սպիտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապկի սպիտակ» հոդվածին։