Հսկայական ձեռքի ֆենոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հսկայական ձեռքի ֆենոմեն (անգլ.՝ giant hand), ավիացիոն հոգեբանության մեջ տարածված տարածական կողմնորոշման խախտում, որի դեպքում օդաչուին թվում է, թե թռիչքի ղեկավարմանը մասնակցում են որոշակի կողմնակի ուժեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենոմենը նկարագրել են Մալկոլմը և Մանին[1], այլ տվյալներով՝ օդաչու և բժիշկ Ն․ Քինգը[2]։ Նա բացատրում է, թե ինչու են շատ օդաչուներ համառորեն մնացել ապակողմնորոշված, թեև գիտակցել են այդ փաստը և ի վիճակի են եղել քայլեր ձեռնարկել ինքնաթիռի ղեկավարումը չկորցնելու համար[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ազդեցությանը ենթարկվող օդաչուն կեղծ զգացողություն է ունենում, թե ինքնաթիռը սխալ է արձագանքում իր գործողություններին․ հենց որ օդաչուն փորձում է այն բերել անհրաժեշտ դիրքին, նրան թվում է, թե օդանավն ընդունում է այլ, ավելի կայուն դիրք[3]։ Երկայնակի սռնիի ապակողմնորոշման դեպքում օդաչուին կարող է թվալ, որ «հսկայական ձեռքը» բռնում և բաց է թողնում ինքնաթիռի թևը, իսկ լայնակի սռնիի ապակողմնորոշման դեպքում թվում է, թե այդպիսի մի ուժ իջեցնում է ինքնաթիռի առաջամասը[1]։

Հանդիպման հաճախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հսկայական ձեռքի» պատրանքը բավականին հաճախ հանդիպող երևույթ է․ համաձայն հետազոտությունների՝ այն զգացել է հարցմանը մասնակցած օդաչուների 15%-ը[1]։ Այն օդաչուները, ովքեր առաջին անգամ են բախվում այս խնդրին, կարող են չհասկանալ տվյալ իրավիճակի պատճառը և հայտնվել փակուղու առջև։ Այդ իսկ պատճառով ինքնաթիռի տիրապետումը կորցնելու մասին հաղորդագրությունը ոչ միշտ է վկայում անսարքության մասին․ դրա իրական պատճառը կարող է լինել տարածության մեջ օդաչուի ապակողմնորոշվածությունը։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենոմենը հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ անձի կողմնորոշումը կախված է տարածության մեջ իր դիրքի և շարժումների ոչ միայն գիտակցական, այլև անգիտակցական իրազեկվածությունից՝ պրոտոպատիկ զգայունությունից, որն անհրաժեշտ է նաև ռեֆլեկտիվ բնույթի կամային շարժումների համար։ Գիտակցական կողմնորոշումը իմաստալից է, քանի որ ենթակա է ճշգրտման, կարելի է ստուգել դրա հավաստիությունը, համարել ոչ ստույգ՝ այլ զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության հետ համադրելու արդյունքում։ Ի տարբերություն դրա՝ դիրքի անգիտակցական զգայությունը համարվում է իռացիոնալ, կազմված է ուղեղաբնի և ուղեղիկի կողմից կողմնորոշման առաջնային զգայության արդյունքում ստացվող տեղեկատվությունից և չի ենթարկվում ռացիոնալ փոփոխության[1]։

Անգիտակցական զգայության միջոցով ստացվող տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ինչպես կողմնորոշման ռեֆլեքսների, այնպես էլ կամային շարժումների իրականացման համար։ Այդ պատճառով վերջինների արդյունքը հաճախ կարող է տարբերվել ռացիոնալ տեսանկյունից ակնկալվողից, եթե այն տեղեկատվությունը, որի վրա հիմնվում է օդաչուն, չի համընկնում ռացիոնալ ընկալվողի հետ։ Ապակողմնորոշված օդաչուն կարող է փորձել գիտակցաբար փոխել ինքնաթիռի թեքության անկյունը, սակայն իր օրգանիզմի գործունեությունից կախված չգիտակցվող տեղեկատվությունը կարող է ցույց տալ, որ այդպիսի շարժումը կլինի անարդյունավետ, նույնիսկ՝ վտանգավոր։ Կամ էլ օդաչուն կարող է նկատել, որ ինքնաթիռի դիրքը փոխելուն ուղղված գործողությունն անհրաժեշտ է կրկնել, քանի որ ձեռքի ենթագիտակցաբար ղեկավարվող շարժումները մեխանիկորեն ինքնաթիռը վերադարձնում են նախկին դիրքին՝ չնայած վերահսկողությունը թարմացնելուն ուղղված գիտակցական փորձերին և գործողություններին։ Այդ կերպ տարածության մեջ դիրքի անգիտակցական ընկալումը ներգործում է ոչ կամային և կամային շարժումների ընդհանուր վերջնական ուղու վրա և հանգեցնում «հսկայական ձեռքի» պատրանքին[1]։

Ֆենոմենի կանխարգելում և գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրանքի առաջացումից խուսափելու համար օդաչուն պետք է սահմանազատի կամային գործողությունները ավտոմատացված վարքագծից։ Այդ նպատակով դրա ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում ղեկանիվը կառավարել բթի և ցուցամատի օգնությամբ, այլ ոչ թե ամբողջ ձեռքով[1]։ Օդաչուների համար նախատեսված ամերիկյան ուղեցույցն առաջարկում է պատրանքը վերացնելու նպատակով կարճ ժամանակով բաց թողնել ղեկանիվը, ինչպես նաև կիսում է այն օդաչուների հաջողված փորձը, ովքեր պատրանքի ժամանակ ղեկանիվը կառավարել են միայն մատների ծայրերով կամ նույնիսկ ծնկներով։ Ընդ որում, ղեկանիվը նորից նույն ձևով բռնելու արդյունքում պատրանքի ազդեցությունը կրկնվել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Jeffrey R. Davis, Robert Johnson, Jan Stepanek. Giant hand // Основы аэрокосмической медицины = Fundamentals of Aerospace Medicine. — Philadelphia: Lippincott Williams & Wilkins, 2008. — С. 186. — 724 с. — ISBN 978-0-7817-7466-6
  2. «Перевёрнутый мир: стоим ли мы на пороге «психологической мутации»?». Наука и техника (ռուսերեն). pravda.ru. 21.10.2003. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Четверть всех авиакатастроф происходит из-за иллюзий пилотов». Новости (ռուսերեն). Аудиторский центр Оценка Рисков. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Joint Aerospace Physiology Student Guide. Naval Air Training Command, 2002. С. 54. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]