Հովհարի լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիցի Գոթլիբ. «Հովհարով տիկին», 1877

Հովհարի լեզու, Հովհարային լեզու, կավալերների և տիկնանց հատուկ գաղտնի նշանային լեզու, որը մեծ տարածում ուներ Ֆրանսիայում 17-18-րդ դարերի երկրորդ կեսին։

Հովհարի լեզուն բազում տարբերակներ ուներ՝ կախված հասարակական խմբից և նույնիսկ քաղաքից։ Մարդիկ այն ժամանակներում դա «կարդում էին» զրույցի ընթացքում՝ հովհարի դիրքի փոփոխություններով, ձեռքերի դիրքով, բացված և ակնթարթորեն փակված առանձին թերթիկների քանակով։ Թեպետ հովհարը գտնվում էր կանանց ձեռքին, այդ գաղտնի լեզվի նրբությունները պետք է իմանար տղամարդը, որին հասցեագրված էր ուղերձը։

Հովհարային լեզուն սիրային խաղերի ընդունված մաս էր։ Դրան բավականին մեծ ժամանակ էին հատկացնում պարերի և վարվելակարգի դասերին։ 1757 թվականին Փարիզում լույս է տեսել «Չորս գույների դասագիրքը» (Le Livre de Quatre Couleurs)[1], որտեղ մանրամասն նկարագրվում էին կանացի արդուզարդը և շարժուձևը։ Գրքում առանձին տեղ էր հատկացված հովհարի լեզվին։ Հովհարը դարձել էր բարձր խավի կյանքի անբաժանելի պիտույք։ Դրա միջոցով կանայք արտահայտում էին, կամ էլ, ընդհակառակը, թաքցնում էին իրենց զգացմունքները։ Ֆրանսիայում ասում էին. «Հովհարը գեղեցկուհու ձեռքում աշխարհին տիրելու գայիսոն է»։ Իսկ Լոնդոնում նույնիսկ բացվել էր «Հովհար կիրառելու շարժուձևի ուսուցման ակադեմիա»։

Ռուսաստանում Պետրոս Մեծի թագավորման դարաշրջանում հովհարը կանացի կոկետության պարտադիր բաղադրիչն էր։ Ռուսերենում անգամ հայտնվել էր «махаться» (թափահարել) արտահայտությունը՝ «կոտրատվել» նշանակությամբ։

1911 թվականին Մոսկվայում լույս է ընծայվել լավ վարքագծի կանոնների հավաքածու, որտեղ մի քանի էջ նվիրված էր հովհարի տիրապետման արվեստին. «Լավ վարք։ Կանոնների, խրատների և խորհուրդների ժողովածու, ինչպես պետք է պահել տնային և հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում»՝ կազմված «Ա. Կոմիլֆոյի լավագույն ռուս և արտասահմանյան աղբյուրների հիման վրա»։

Գոյություն ունի նաև հովհարի լեզվի հանդեպ հակադիր հայացք, ըստ որի՝ այդպիսի լեզու գոյություն չի ունեցել մինչև 19-րդ դարի վերջը, և միայն այդ ժամանակ է մտածել և հրատարակել Ժյուլ Դյուվերույը (Duvelleroy ընկերության հիմնադրի որդին)[2]։ Հօգուտ այս տեսակետին՝ անցկացվել են ուսումնասիրություններ, որոնք տպագրվել են «FANA Journal» ամսագրում 2004 թվականի գարնանը «Fact & Fiction about the language of the fan» վերնագրով հոդվածում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга Le livre de quatre couleur
  2. «Язык веера. Правда и вымысел. | Искусство Веера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]