Հովհաննես Թումանյան և որբեր (լուսանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Թումանյան և որբեր, 1915 թվականին Էջմիածնում Հովհաննես Թումանյանի և գաղթական որբ երեխաների հետ հանդիպումը վավերացնող լուսանկար։ Այն պահվում է Դսեղի Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանի ցուցադրության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915թվի ամռանն Արևմտյան Հայաստանից գաղթածները Երևանից Էջմիածին տանող ճանապարհին մեռնում էին, հատկապես երեխաները։ Այդ մասին լսելով, Թումանյանը գալիս է Էջմիածին, որի մասին Զորավար Անդրանիկը գրում է. «Կրնար կեղծ բառերով և փուճ արցունքներով, նստած և ընկողմանած ճոխություններու մեջ, հայրենիքի վիշտը երգել թուղթի վրայ… կրնար ամառանոցներ և հանքային ջուրերու հեշտանքը վայելել…կրնար հարստանալ և փողերու տիրանալ, բայց այս բոլորը իր ցեղին բեկորներու համար»։ Այն ինչ տեսնում է Էջմիածնում ցնցում է բանաստեղծին[1]։

Էջմիածնից ընտանիքին գրում է. «Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որի ականատեսն եմ ես։ Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունները լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով։ Երեխանե՛ր, երեխանե՛ր, երեխանե՛ր…անտեր, սոված, հիվանդ։ Այժմ էլ ինձ է վիճակվել այդ երեխաների խնամատարության գործը»[1]։ Չնայած մոլեգնում էր համաճարակը, բայց Թումանյանը հաշվի չէր առնում իր անձը, կազմակերպում էր սնունդ, դեղորայք հայթայթելու գործը, շրջում էր հիվանդների մեջ, շոյում, գուրգուրում, մխիթարում։ Այդ թվին Թումանյանը գրեց «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը բոլոր նրանց համար ովքեր կոտորվում էին գաղթի ճամփաներին ու ցրված էին «մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև ծովն հայոց, մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ»[2]։ Հետագայում Թումանյանը կոչվեց հայոց որբերի հայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նվարդ Թումանյան, «Հուշեր և զրույցներ», Էդիթպրինտ, էջ 161, 2009
  2. Թումանյանի երկերի ժողովածու, Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, էջ 298