Հովհաննես Բաչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Բաչկով
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 2, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
Քաշային կարգ64 կգ
ՄարզիչՌուդիկ Մկրտչյան Կարեն Ղազարյան

Հովհաննես Սերգեյի Բաչկով (դեկտեմբերի 2, 1992(1992-12-02), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն[1][2][3][4][5][6][7]։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։ 1998 թվականից կրթություն է ստացել նախ Գյումրու թիվ 12, ապա՝ թիվ 4 դպրոցներում։ 2 տարի սովորել է Ռուսաստանի Դաշնության Ադլեր քաղաքի դպրոցում։ Ավարտել է Գյումրու «Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը»։ 2 տարի անցել է մասնագիտական կուրսեր և ստացել է մարզիչ-մանկավարժի որակավորում։ 2013 թվականին ընդունվել է Գյումրու պետական համալսարանի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինը, որն ավարտել է 2016-2017 ուսումնական տարում։ Ամուսնացած է, ունի որդի՝ Սերգեյ Բաչկովը։ Սիրած բռնցքամարտիկներն են Մուհամմեդ Ալին, Ռոբերտո Դուրանը, Շուգար Ռայ Լեոնարդը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում՝ 1999 թվականից։ Բռնցքամարտի հանդեպ սերը փոխանցվել է մորեղբորից։ Մարզումները սկսել է հարազատ քաղաքում մարզիչ Վարուժան Դավթյանի գլխավորությամբ «Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի» բռնցքամարտի դահլիճում։ 1 տարի հետո սկսել է մարզվել նրա սան Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ նույն դահլիճում։ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելուց հետո մարզումները շարունակել է Ադլեր քաղաքում։ Հայրենիք վերադառնալուց հետո մինչ օրս մարզումները շարունակում է Գյումրիում՝ մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի ղեկավարությամբ։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, տարբեր տարիների մի շարք տարիքային խմբերում Հայաստանում չի ունեցել հավասարը։ 2008 թվականին դարձել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ 2011 թվականին մասնակցել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարին, որտեղ կրկին չուներ հավասարը։ Հ. Բաչկովի մարզական կարիերան հարթ չի ընթացել։ Բացի այն, որ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեծ մասը անց էր կացվում Թուրքիայում և Ադրբեջանում, ինչը, բնականաբար, հավելյալ լարում էր առաջացնում, Բաչկովը դառնում է մրցավարական կողմնապահության զոհ։ Տարբեր մրցաշարերում Բաչկովի ձեռքից հաղթանակը կորզել են կողմնապահահության հետևանքով։ 2016 թվականի հուլիսի 3-8-ը մասնակցել է Վենեսուելայի Վարգաս քաղաքում APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքմարտիկների համար կազմակերպված մրցաշարին, որտեղ աշխարհի 40 երկրների 79 բռնցքամարտիկներ պայքարում էին օլիմպիական խաղերի 26 վարկանիշների համար։ Բաչկովը մրցաշարի եզրափակչի 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Քաթարը ներկայացնող Տուլասի Թարումալինգամին, դարձավ մրցաշարի հաղթող և Հայաստանի համար նվաճեց օլիմպիական խաղերի մասնակցության 5-րդ ուղեգիրը։ 2016 թվականի օգոստոսի 5-21-ը մասնակցել է Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերին։ 2017 թվականի փետրվարի 20-27-ը մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող «Ստրանջա-2017» միջազգային հեղինակավոր մրցաշարին, որտեղ աշխարհի 35 երկրների 172 մարզիկներ պայքարում էին 10 ոսկե մեդալների համար։ Բաչկովը, եզրափակչում առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Այրին Իսմիթովի նկատմամբ, դարձավ մրցաշարի հաղթող։ 2017 թվականի ապրիլի 10-15-ը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին, որտեղ, հաղթելով վրացի մարզիկին, դարձել է մրցաշարի հաղթող։ 2017 թվականի հունիսի 16-24-ը մասնակցել է Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ 10 ոսկե մեդալների համար պայքարում էին 40 երկրների 258 մարզիկներ։ Բաչկովը եզրափակչում առավելության հասավ Անգլիան ներկայացնող Լյուկ Մըկկորմակի նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի առաջնությունում Բաչկովը կարողացավ նվաճել աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր և դարձավ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019 թվականի Մինսկում կայացած Եվրոպական խաղերում հաղթելով դարձել է Եվրոպական խաղերի հաղթող և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
  2. Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
  3. Հովհաննես Բաչկովը եւ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոններ
  4. Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը ևս նվաճեց ոսկե մեդալ
  5. «Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպական խաղերի ոսկին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  6. ԵԽ-2019․ Հովհաննես Բաչկովը՝ չեմպիոն
  7. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  8. «Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բաչկով» հոդվածին։