Հողի օդային ռեժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի օդային ռեժիմ, հողում օդի քանակի ու բաղադրության պարբերական փոփոխությունը որոշակի ժամանակամիջոցում։ Այն հողի բերրիության կարևոր գործոններից է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ նշանակություն ունի մանրէների կենսագործունեության, բույսերի աճի ու զարգացման համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողում օդը գտնվում է առավելապես գազային վիճակում, միայն դրա փոքր մասն է լուծված հողի խոնավության մեջ և կլանված պինդ մասնիկներում։ Հողում օդը կարող է լինել

  • ազատ (ջրով չլցված դատարկություններում)
  • կլանված (մանր ծակոտիներում)
  • մակակլանված (հողի մասնիկների մակերևույթին)
  • հողի լուծույթում։

Բույսերի համար առավել կարևոր է հողի ազատ օդը, որի պարունակությունը կախված է ծակոտկենությունից և խոնավությունից։ Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի համար հողում ջրի և օդի ամենանպաստավոր հարաբերությունն է, երբ հողի ծակոտիների 60 %-ը լցված է ջրով, իսկ 40 %-ը՝ օդով։

Հողի օդն իր բաղադրությամբ տարբերվում է մթնոլորտայինից և հաստատուն չէ. այդտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի մասնաբաժինը վերին շերտերում 0,5-1,5%-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ցնդող կամ գազանման այլ օրգանական նյութեր։ Հողի թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար, ածխաթթու գազը (առաջանում է մանրէների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից) բարձրացնում է որոշ հողային միացությունների լուծելիությունը և բույսերի լուսասինթեզի համար ածխաթթվային սնուցման աղբյուր է։ Սակայն հողում ածխաթթու գազի մեծ պարունակությունը դժվարացնում է արմատների շնչառությունը։ Կենսաբանական շարժընթացների բնականոն ընթացքը կախված է հողի օդառությունից՝ հողի և մթնոլորտային օդի գազափոխանակությունից. Վատ օդառությունը (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության ու բույսերի աճի վրա, նպաստում է ախտածին մանրէների զարգացմանը։

Հողի տարբեր տիպերի օդային ռեժիմը տարբեր է. օրինակ՝ լավ ծակոտկենությամբ սևահողերը շատ օդ են պարունակում, իսկ ծանր մեխանիկական կազմով ճմապոդզոլային և պոդզոլային հողերը ոչ հավասարաչափ և ավելցուկային խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից։

Բարելավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի օդային ռեժիմի բարելավման հիմնական միջոցառումներն են

  • հողի ճիշտ մշակումը
  • օրգանական նյութերով պարարտացումը
  • կնձիկանման կառուցվածքի ստեղծումը
  • խոր վարը
  • միջշարքային փխրեցումը
  • ցանքերի փոցխումը
  • ցամաքուրդի
  • չորացնող առուների անցկացումը։

Հողի օդային ռեժիմը սերտորեն կապված է հողի ջրային ռեժիմի, ջերմային և բույսերի սնուցման ռեժիմների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 536