Հնէաաշխարհագրություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հնէաաշխարհագրություն, հնաշխարհագրություն, պատմական երկրագիտություն, ֆիզիկաաշխարհագրական գիտության ուղղություն։ Ուսումնասիրում է ժամանակակից միասնական աշխարհագրական թաղանթի և լանդշաֆտների զարգացման պատմության օրինաչափությունները։ Երկրագնդի այժմյան աշխարհագրական միջավայրում ամենից լավ պահպանվել են անթրոպոգենի հետքերը (սառցապատումներ, հրաբխականություն և այլն)։ Այդ դարաշրջանի հնէաաշխարհագրությանն առավել զարգացած է և ունի կարևոր նշանակություն։ Հնէաաշխարհագրությունը միաժամանակ երկրաբանական գիտություն է, հանդիսանում է պատմական երկրաբանության մասը և ուսումնասիրում է երկրի մակերևույթի ֆիզիկաաշխարհագրական պայմանները։ Պատմաերկրաբանական տեսանկյունից հնէաաշխարհագրությունը ուսումնասիրում է այն երևույթները, որոնք անմիջականորեն արտահայտվում են երկրաբանական տարեգրության մեջ։ Հնէաաշխարհագրությունը կապված է ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական գիտությունների, ինչպես նաև ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանության և այլ գիտությունների հետ, որոնց վրա հենվելով մշակել է ուսումնասիրությունների իր մեթոդները՝ ժամանակի և ջերմաստիճանների իզոտոպային որոշման, հնէամագնիսական, փոշեհատիկային վերլուծության, մատրիցաների, ինչպես նաև հնէալիթոլոգիական և հնէակենսաբանական մի շարք մեթոդներ։
Հնէաաշխարհագրությունը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին։ Հնէաաշխարհագրության զարգացման գործում մեծ ներդրում ունեն Ա. Պ. Կարպինսկին, Ա. Պ. Կրոպոտկինը, Ս. Ա. Գրիգորևը, Ն. Մ. Ստրախովը, Դ. Վ. Նալիվկինը, Լ. Բ. Ոուխինը, Բ. Պ. Ժիժչենկոն, Կ. Կ. Մարկովը և ուրիշներ։ Հայաստանում ուսումնասիրված են հնէաաշխարհագրության առանձին հարցեր (սառցապատումներ, հրաբխականություն և այլն), կան նախնական հնէաաշխարհագրական ամփոփումներ և առանձին հենակայանային կարվածքների ուսումնասիրություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Blakey, Ron. «Paleogeography and Geologic Evolution of North America». Global Plate Tectonics and Paleogeography. Northern Arizona University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 492)։ |