Jump to content

Հնարամիտ Գրետելը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնարամիտ Գրետելը
գերմ.՝ Das kluge Gretel
Տեսակհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
 Clever Gretel

«Հնարամիտ Գրետելը» (գերմ.՝ Das kluge Gretel), գերմանական հեքիաթ, որը Գրիմ եղբայրները ներառել են իրենց հեքիաթների ժողովածուում 195 համարի ներքո։ Այն առաջին անգամ լույս է տեսել 1819 թվականին՝ դրա երկրորդ հրատարակությամբ։ Ըստ Աարռնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման համակարգի այն ունի 1741 համարը («խաբեբա կանայք և աղախիններ«»)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

րետելը պատրաստում է ավերը, Ուոլթեր Քրեյնի նկարազարդում, շուրջ 1890 թվական

Գրետել անունով մի խոհարարուհի հագնում էր կարմիր կրունկներով կոշիկներ, որոնցով նա շատ հպարտ էր և իրեն համարում էր գեղեցիկ աղջիկ։ Այդ գիտակցումից նրա տրամադրությունը բարձրանում էր, և նա խմում էր տիրոջ գինին։ Դրանից Գրետելի ախորժակը բացվում էր, և նա համտեսում էր այն ամենը, ինչ պատրաստում էր, մինչև որ հագեցնում էր իր քաղցը ։

Մի անգամ տերը նրան պատվիրում է երեկոյան երկու հավ պատրաստիել, քանի որ հյուր էին ընդունելու։ Գրետելը կատարում է նրա հրամանը, բայց հյուրը ուշանում էր։ Գրետելը տիրոջն ասում է, թե լավ եփած հավերը կարող են փչանալ, եթե շուտ չուտեն։ Տերը համաձայնում է Գրետելի փաստարկի հետ և գնում է հյուրի հետևից։

Գրետելը գինուց մի մեծ կում է անում, Ուոլթեր Քրեյնի նկարազարդում (1890)

Հենց որ նա հեռանում է, Գրետելը, հավերը մի կողմ դնելով, որոշում է, որ աշխատելուց բավականին հոգնած լինելով, կարող է իրեն թույլ տալ մի կում գինի խմել։ Նա իջնում է նկուղ, որտեղ գինու սափորից մի մեծ կում խմում է։ Վերադառնալով՝ նա նորից շամփուրը դնում է կրակի վրա՝ նախապես հավերի վրա յուղ քսելով։ Արդյունքում, Գրետելը չի կարողանում զսպել իրեն և սկսում է քիչ-քիչ ուտել դրանք, քանի որ տերը ուշանում էր։

Գրետելը ուտում է հավերը

Հենց նա վերջացնում է ուտելը, լսվում է վերադարձած Տիրոջ ձայնը, որը նրան հարցնում է հավերի մասին։ Գրետելը պատասխանում է, որ դրանք պատրաստ են, և տերը սկսում է սրել մի մեծ դանակ, որով պատրաստվում էր կտրել հավերը։ Այդ ժամանակ դուռը թակում է հյուրը։ Գրետելը բացում է դուռն ու հյուրին շշուկով խորհուրդ է տալիս փախչել այնտեղից, քանի որ տերը խաբեությամբ նրան հրավիրել է իր տուն, որպեսզի կտրի ականջները։ Հյուրը հավատում է նրան՝ տան խորքում նկատելով դանակը սրող տանտիրոջը, և ամբողջ ուժով փախչում է։ Գրետելը վազում է իր տիրոջ մոտ և հայտնում, թե հյուրը վերցրել է երկու հավերին, որոնք ինքը պատրաստվում էր մատուցել, և փախել է։

«Միայն մեկը, գոնե մեկը», Ուոլթեր Քրեյնի նկարազարդում (1890)

Տանտերը վրդովվում է, քանի որ շատ քաղցած էր։ «Միայն մեկը, գոնե մեկը» գոռալով ու դանակը թափահարելով՝ նա վազում է հյուրի հետևից։ Վերջինիս լսում է նրա ձայնն ու մտածում, թե տանտերը նկատի ունի իր մեկ ականջը, ու սկսում է ավելի արագ վազել[1]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հնարամիտ Գրետելը» հեքիաթ է, որում ագահ, բայց խորամանկ աղախինը խաբում է իր տիրոջը։ Այն առաջին անգամ տպագրվել է «Գրիմ եղբայրների հեքիաթները» գրքի երկրորդ հրատարակությունում, որը լույս է տեսել 1819 թվականին։ Ավելի ուշ շրջանի հրատարակություններում այն ենթարկվվել է միայն փոքր ոճական փոփոխությունների և վերջնական տարբերակով տպագրվել է 1857 թվականին Բեռլինում լույս տեսած ժողովածուում (77 համարի ներքո)։ Այս պատմության հերոսուհին ոչ մի կապ չունի Գրիմ եղբայրների մեկ այլ՝ «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի համանուն կերպարի հետ։

Գրիմ եղբայրների համար այս հեքիաթի աղբյուրը Անդրեաս Շտրոբլի «Ovum paschale oder neugefärbte Oster-Ayr» գիրքն է, որը լույս է տեսել Զալցբուրգում 1700 թվականին, ինչպես նաև այլ տպագիր և բանավոր տարբեր աղբյուրներ[1]։ «Հնարամիտ Գրետելը» Գրիմ եղբայրների ժողովածուի երկու հեքիաթներից մեկն է, որն անվանվել է խելացի գլխավոր հերոսի պատվին. մյուսը «Խելոք Էլզան» հեքիաթն է։ Այս երկու պատմություններն էլ զավեշտական բնույթ ունեն, բայց միայն «Հնարամիտ Գրետելը» հեքիաթի մեջ է կինը հասնում իր ուզածին։ Պատմությունը շեշտը դնում է ծառաներ վարձողների այն վախերի վրա, թե ինչ են անում այդ սպասուհիներն ու խոհարարները, երբ նրանց չեն վերահսկում[2]։ Խելացի կնոջ մասին նմանատիպ այլ պատմություններում խաբված տղամարդու դերում հանդես է գալիս կամ նրա ամուսինը, կամ քահանան, իսկ «Հնարամիտ Գրետելի» նման հեքիաթներում սպառնում են կտրել ոչ թե հյուրի ականջները, այլ նրա ամորձիները[3]։

Հեքիաթը սկսվում է նրանով, որ Գրետելը բավականին տարբերվում է ժամանակի մյուս աղախիններից, քանի որ նա հիանում է իր արտաքինով և ուրախ պտտվում է կարմիր կոշիկներով փողոցում, նախքան տուն գնալը՝ տիրոջ գինին խմելու։ «Հնարամիտ Գրետելը» հեքիաթը ոչ բարոյախրատական մաս ունի, ոչ էլ դաս ընթերցողի համար, քանի որ Գրետելը չի բռնվում և, հետևաբար, որևէ պատասխանատվություն չի կրում իր ստերի և գողության, ինչպես նաև ալկոհոլամոլության համար։ Շտրոբլի սկզբնական տարբերակում Գրետելը բռնվում և տանտիրոջ տնից վռնդվելուց հետո սկսում է խղճուկ գոյություն քարշ տալ։ Գրիմ եղբայրները վերաշարադրել են այս հեքիաթը՝ փոխելով բարոյախոսական վերջաբանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Clever Gretel — The Brothers Grimm Project — University of Pittsburgh». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Kay Turner and Pauline Greenhill (eds) Transgressive Tales: Queering the Grimms, Wayne State University Press, Detroit (2012)- Google Books p. 29
  3. Turner and Greenhill, p. 34
  4. Turner and Greenhill, p. 29
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնարամիտ Գրետելը» հոդվածին։