Հյուսիսային Ամերիկայի կլիմայական գոտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային Ամերիկայի կլիմայական գոտիները վեցն են.

Արկտիկական գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական կլիմայական գոտում գտնվում են մայրցամաքի ծայր հյուսիսային շրջանները, Կանադական Արկտիկական կղզեխումբը ու Գրենլանդիա կղզին։ Այստեղ ամբողջ տարին գերիշխում են արկտիկական օդային զանգվածները։ Ձմեռն այստեղ խիստ է, սառնամանիքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 30 -35 °C է, իսկ Գրենլանդիայի ներքին շրջաններում հասնում է մինչև - 70 °C։ Ձմեռը երկարատև է, բնորոշ բևեռային գիշերներով։ Ամառը կարճ է, ոչ տաք։ Հուլիսին օդի ջերմաստիճանը մոտ է 0 °C-ի։

Մերձարկտիկական գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարկտիկական կլիմայական գոտին տարածվում է Ալյասկայից մինչև Լաբրադորյան թերակղզի։ Ձմռանը այստեղ նույնպես ցուրտ է, երկարատև, ջերմաստիճանը՝ -16 -30 °C։ Ամառը կարճ է, զով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +5 +10 °C է։

Բարեխառն գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն կլիմայական գոտին զբաղեցնում է մայրցամաքի միջին մասը՝ մինչև 40 - 45° լայնությունները։ Բարեխառն գոտին բաժանվում է կլիմայական երեք մարզերի. բարեխառն չափավոր ցամաքային, բարեխառն ցամաքային և բարեխառն ծովային։

Չափավոր ցամաքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքում կլիման բարեխառն չափավոր ցամաքային է։ Լաբրադորյան սառը ծովային հոսանքի ազդեցության հետևանքով՝ ձմեռը ցուրտ է՝ -8 -10 °C, ամռանը՝ զով է, մառախլապատ և խոնավ։ Ամռան միջին ջերմաստիճանը +10 +20 °C է, տարեկան տեղումների քանակը՝ 500 - 1000 մմ.։

Ցամաքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին մասերում, որտեղ օվկիանոսի ազդեցությունը թուլանում է, կլիման բարեխառն ցամաքային է։ Ձմեռանը գրանցվող ջերմաստիճանները ավելի ցածր են, քան արևելքում (-15 - 22 °C), իսկ ամառային ջերմաստիճանները՝ ավելի բարձր (+20 +24 °C, առավելագույնը մինչև +45 °C)։ Տեղումների քանակը արևելքից արևմուտք նվազում է (800 - 500 մմ.)։ Ձմռանը դեպի մայրցամաքի ներքին շրջաններ են ներթափանցում արկտիկական ցուրտ, իսկ ձմռանը՝ արևադարձային չոր օդային զանգվածները։

Ծովային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում (Ալյասկայի ծոցի շրջանում) Ալյասկայի տաք հոսանքի շնորհիվ կլիման բարեխառն ծովային է։ Ձմեռը մեղմ է (մոտ 0 °C) ու շատ խոնավ, ամառը՝ զով (+16 °C)։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1500 - 3000 մմ.։

Մերձարևադարձային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային կլիմայական գոտին բաժանվում է երեք մարզերի. միջերկրածովային, մերձարևադարձային ցամաքային, մերձարևադարձային խոնավ։

Խաղաղ օվկիանոսի առափնյա շրջանները ունեն միջերկրածովային կլիմա։ Այստեղ ձմեռը մեղմ է (+7 +8 °C), ամառը՝ (Կալիֆորնիական սառը հոսանքի ազդեցության հետևանքով) զով (հուլիսին միջին ջերմաստիճանը +20-ից չի անցնում)։

Ներքին շրջաններում, հատկապես միջլեռնային սարահարթերում, կլիման մերձարևադարձային ցամաքային է։

Ատլանտյան օվկիանոսի ափին (Գոլֆստրիմ տաք հոսանքի ազդեցության շնորհիվ) ձմեռը մաղմ է (+8 +10 °C), ամառը՝ շոգ։ Այստեղ կլիման խոնավ մերձարևադարձային է։

Արևադարձային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային կլիմայական գոտու արևմտյան մասում (Կալիֆորնիայի հարավը ու Մեքսիկական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը) կլիման անապատային է։ Արևելյան շրջանին (ներառյալ Անտիլյան կղզիները) բնորոշ է տաք ամառը (+25 °C) և տաք ձմեռը (+20 °C-ից բարձր)։

Մերձհասարակածային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձհասարակածային կլիմայական գոտում միշտ տաք է և տարվա եղանակները գրեթե չեն արտահայտվում։