Հմայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հմայություն կախարդություն, դյութություն, մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհի, բնության երևույթների, երևակայական ոգիների ու աստվածների վրա գերբնականորեն ազդելու հավատի հետ կապված արարողությունների ամբողջություն։ Առաջացել է, երբ մարդը դեռևս անկարող էր մեկնաբանել բնության երևույթները և պայքարել դրանց դեմ։ Հմայության ծեսերը բազմազան են և տարածված աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Հանրահայտ են աղոթած ըմպելիքով «վնասելու» կամ <բուժելու» ծեսերը, ծիսական լվացումները, սրբազան յուղերով օծումները, թալիսմանները ևն։ Հմայական մի շարք գործողություններ կատարվել են բնության երևույթները, անբարենպաստ եղանակը կարգավորելու նպատակով։ Մարդկանց, կենդանիների վրա ազդելու համար hմայության միջոցներ են ծառայել նրանց հետ առնչվող առարկաները (հմայիլ, հագուստի մաս են), նրանց մազերը, եղունգները, թուքը, որոնց միջոցով իբրև թե ներգործելու էր կախարդական ուժը։ Դասակարգային հասարակության մեջ հմայական արարողությունները կրոնի առավել բարդ ձևերի առկայությամբ մղվում են ետին պլան՝ միաժամանակ մնալով դրանց բաղադրիչներ։ Քրիստոնեության մեջ Հմայության կարևոր ծեսերից են օծումը, ուխտագնացությունը ևն; Տարածված են եղել, այսպես կոչված, սև (չար ոգիներին դիմելու) և սպիտակ (սրբերին, հրեշտակներին դիմելու) հմայական ծեսերը։ Աշխարհի կախարդական ընկալումը, մասնավորապես իրերի համընդհանուր նմանության և փոխներգործման վերաբերյալ պատկերացումները ընկած էին հնագույն բնափիլիսոփայական ուսմունքների և անտիկ շրջանի վերջում ու միջին դարերում տարածված «գաղտնի գիտությունների» (ալքիմիա, աստղագուշակություն ևն) հիմքում։ Բնագիտության սաղմերը զարգանում էին՝ զգալիորեն կապված hմայության հետ, որը և արտացոլվել է Վերածնության դարաշրջանի գիտնականների շատ գործերում։ Գիտության հետագա զարգացմամբ նրանից դուրս մղվեցին hմայության տարրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 437 CC-BY-SA-icon-80x15.png