Հիվանդանոց (Գուրգեն Խանջյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիվանդանոց (այլ կիրառումներ)
Հիվանդանոց
Գրքի երկրորդ հրատարակության շապիկը (2012)
ՀեղինակԳուրգեն Խանջյան
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Գրիգոր
Էջեր208 էջ
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ1994, 2012
ԳՄՍՀ978-9939-51-313-3
ՀՏԴ891.981-3
ԳՄԴ84Հ-4

«Հիվանդանոց», Գուրգեն Խանջյանի առաջին վեպը, որը հրատարակվել է 1994 թվականին «Ազգ» օրաթերթի հրատարակչությունում։ Խմբագիր՝ Գրիգոր Խաչատրյան։

Վեպի ստեղծման պատմության մասին հեղինակն ասել է. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց։ Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»[1]։

Երկրորդ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը երկրորդ անգամ հրատարակվել է 2012 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, շապիկի ձևավորումը՝ Գագիկ Սարոյանի։ 208 էջ։

Երկրորդ հրատարակության շարժառիթ ըստ հեղինակի այն է, որ «Հիվանդանոցը» լինելով իր առաջին վեպը, կարիք է ունեցել որոշ խմբագրումների։ Սակայն վերահրատարակելու կարևոր հանգամանքներից մեկն էլ եղել է այն, որ նախկինում հրատարակված գիրքը տեխնիկապես լուրջ խնդիրներ է ունեցել։ Երկրորդ հրատարակության շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 28-ին[2]։

Կարծիքներ վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության մեջ Խանջյանի «Հիվանդանոցն» ունի ուրույն դերակատարում, որովհետև իսկապես առաջին վեպն էր, որ եկավ քանդելու այն բոլոր կաղապարները, տաբուները, որ գերիշխում էին հայ վիպագրության մեջ, և կարճ ժամանակում կարողացավ ունենալ հետևորդների մի բանակ` նպաստելով արդի վիպագրության զարգացմանը[1]։
- Արքմենիկ Նիկողոսյան
Խանջյանի առաջին վեպը` «Հիվանդանոցը», երեք մասից է բաղկացած` երեք տետր։ Առաջին մասը պատմվում է երրորդ դեմքով, երկրորդ ու երրորդ մասերը` առաջին դեմքով։ Երկրորդ մասում հիշատակվում է հեղինակ-պատմողի օրագրի մասին ու կարելի է ենթադրել, որ օրագրային գրառումների պոետիկայի ուղղորդմամբ է պայմանավորված երրորդից առաջին դեմքի անցումը, սակայն ներժանրային այս խաղարկումը խիստ պայմանական է։ Պարզապես, գրելու ընթացքում հեղինակը դուրս է գալիս միջնորդավորված պատումի սահմաններից և ինքնանալու, շարունակելու ու ավարտելու համար հրաժարվում է պայմանական երրորդ դեմքի ծառայություններից[3]։
- Վահրամ Դանիելյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]