Հարություն Մինասյան (իրանահայ դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մինասյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1910(1910-12-09)
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մահացել էհուլիսի 29, 2002(2002-07-29) (91 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան[1]
Մասնագիտություննկարիչ, դերասան և թատերական քննադատ

Հարություն Մինասյան (դեկտեմբերի 9, 1910(1910-12-09), Ռաշթ, Իրան - հուլիսի 29, 2002(2002-07-29), Թեհրան, Իրան[1]), հայ գեղանկարիչ, դերասան, թատերական քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 9-ին, Իրանի Ռաշթ քաղաքում։ Ուսումը ստացել է տեղի Հորդանանյան դպրոցում, իսկ 1931 թվականին ավարտել է Թավրիզի Թեմական կենտրոնական դպրոցը[2]։ Հարություն Մինասյանը նկարել սկսել է վաղ տարիքից։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների և մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Եվրոպայում։ Սիրել է իր բնանկարներում պատկերել տաք գույներ։ 1964 թվականին, Շեքսպիրի 400-ամյակին նվիրված տոնակատարությանը Մինասյանը ցուցադրել է շեքսպիրյան թեմատիկայով արած իր նկարները։ Այդ կտավներում նա պատկերել է Շեքսպիրի ստեղծագործությունների հայտնի կերպարների, ինչպիսիք են Համլետը, Շայլոկը, Լեդի Մակբեթը, Ռոմեոն և Ջուլիետը և այլն։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական առաջին փորձերն արել է Արմեն Արմենյանի և Հ. Բերոյանի բեմադրություններում։ 1935-1936 թվականներին խաղացել է Մ. Թաշճյանի խմբում` կատարելով տարբեր դերեր։ 1944-1982 թվականներին, երբ թատրոնը վերաբացվել է, խաղացել է որպես դրամատիկ դերասան[3]։ Դերերը կատարել է շատ զգացմունքային և անմիջական։ Նաև 1961-1962 թվականներին նկարահանվել է Ս. Խաչիկյանի և Ա. Աղամալյանի կինոֆիլմերում։

Հարություն Մինասյանը եղել է Թեհրանի «Հայ ժողովրդական թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Բեմադրել է մի քանի ներկայացում, որոնցից են «Ադամ և Եվա», «Անգլերեն խոսելու եղանակը» և այլն։ Մինասյանը նաև աշխատել է «Ալիք» օրաթերթում, որտեղ հիմնական հոդվածները եղել են թատերախոսականներ մշակութային գործիչների, դրամատիկ և օպերային թատրոնների բեմադրությունների մասին։ Ամենաարժեքավոր ուսումնասիրություններից են Ռաշտի և Անզալի թատրոնների մասին ուսումնասիրությունները, որոնք 1985 թվականին տպագրվել են «Իրանահայ վերջին 50-ամյա թատրոնի վաստակավորները» գրքում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոճրագործի ընտանիքը»` Պալմիերի
  • «Ապահարզանի սյուրպրիզները»` Շամբո
  • «Սեր և խարդանք»` Վուրմ
  • «Պատվի համար»` Օթարյան
  • «Գարնանային հեղեղ»` Վոլոդիա
  • «Մեռնիլը որքա՜ն դժվար է»` Դոկտ. Հարիսըն
  • «Մուսա լեռան 40 օրերը»` Լեփսիուս
  • «Մոնսերրա»` Դերասան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Iranian Armenian Artist Minasian Passes Away
  2. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2010, էջ 71-72
  3. Նույն տեղում