Հանքային օդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքային օդաբանություն, գիտական դիսցիպլին, որն ուսումնասիրում է հանքային մթնոլորտի հատկությունները՝ հանքային օդի շարժման օրենքները, հանքափորվածքներում և դրանց հարող ապարի զանգվածում գազանման խառնուկների, փոշու ու ջերմության տեղափոխումը։ Հանքային օդաբանության խնդիրներն են. հանքահորերի ապագազացման արդյունավետության բարձրացումը, փորվածքների աերոդինամիկական դիմադրության փոքրացումը, հանքահորերի օդափոխման ցանցերի հաշվարկման եղանակների կատարելագործումը, օդափոխման ավտոմատ կառավարման գիտական հիմունքների մշակումը, օդավախման համակարգերի հուսալիության բարձրացումը և այլն։ Հանքային օդաբանությունն ընդգրկում է հանքային մթնոլորտ, հանքային աերոդինամիկա, հանքային գազադինամիկա, հանքային աերոզոլների դինամիկա և հանքային ջերմադինամիկա բաժինները։

Հանքային մթնոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային մթնոլորտ բաժինն ուսումնասիրում է հանքային օդի քիմական կազմն ու ֆիզիկական հատկությունները՝ խոնավությունը, ջերմաստիճանը, գազերով, գոլորշիներով և փոշով աղտոտվածությունը, ելնելով անվտանգության տեխնիկայից և սանիտարա-հիգիենիկ պայմաններից, որոշում հանքային օդի կոնդիցիաները, ուսումնասիրում ու կատարելագործում հանքային մթնոլորտի վերահսկման եղանակներն ու միջոցները։

Հանքային աերոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային աերոդինամիկան ուսումնասիրում է փորվածքներով օդահոսքի շարժման կանոնները, որոշում օդատար խողովակների աերոդինամիկական դիմադրությունը, զբաղվում վնասակար խառնուկների նոսրացմամբ և արտամղմամբ, փորվածքների ցանցով օդի բաշխմամբ և այլն։

Հանքային գազադինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային գազադինամիկան ուսումնասիրում է հանքավայրերում և հանքափորվածքներում հանքագազերի առաջացման, շարժման և բաշխման օրենքները, բնական ու տեխնոլոգիական գազերի երևակման ձևերն ու չափերը, մշակում հանքահորի օդափոխման համար անհրաժեշտ օդի քանակի հաշվման և օդափոխման կառավարման գազադինամիկայի գիտական հիմունքները։

Հանքային աերոզոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային աերոզոլների դինամիկան ուսումնասիրում է հանքափորվածքներում օդային հոսքերով պինդ ու հեղուկ մեխանիկական խառնուկների տեղաշարժման օրենքները, մշակում փոշեզերծող օդափոխման հիմունքները։

Հանքային ջերմադինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային ջերմադինամիկան ուսումնասիրում է հանքափորվածքներում օդային հոսքերի և հարակից ապարների զանգվածների ու հանքավայրերում ջերմային աղբյուրների միջև տեղի ունեցող ջերմափոխանակման պրոցեսները, ջերմային պայմանների կանխագուշակման մեթոդները, հանքային օդի ջերմային կոնդիցիոնման միջոցներն ու եղանակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 234