Հայ արվեստ (թատերախումբ)
«Հայ արվեստ» թատերախումբ, թատերախումբ, որը ձևավորվել է Նյու Յորքում, գլխավորապես դերասան Հովհաննես Զարիֆյանի շուրջ[1]: Կարծիք կա, որ թատերախումբն ստեղծել են Մկրտիչ Թոփալյանը և Արտավազդ Գույումճյանը[2], որոնք թատերախումբ ստեղծելու միտք ունեցել են 1930 թվականի ամռանը: Նրանք հոգացել են թատերախմբի նյութական որոշ հարցեր և ղեկավարումը հանձնել Հովհաննես Զարիֆյանին:
Ամերիկահայ թերթերից մեկը, անդրադառնալով խմբի ստեղծման փաստին, գրել է.
![]() |
Ասկե քանի մը ամիս առաջ հանգամանորեն ներկայացնելով ամերիկահայ թատերական բեմի ոչ մխիթարական վիճակը, զայն իր կոչումին բարձրության հասցնելու համար պետքը շեշտած էինք թատերասիրաց միության մը կազմության: Այժմ ուրախությամբ կլսենք որ կարգ մը թատերասերներ սրտացավ հետաքրքրությամբ իրարու մոտ եկած ու համակամ որոշումով կազմած են «Հայ արվեստի թատերախումբը», ղեկավարությամբ Հ. Զարիֆյանի»[3]: | ![]() |
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատերախմբի բեմադրած առաջին ներկայացումը եղել է Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ստեղծագործությունը: Ըստ ժամանակակիցների վկայությունների` բեմադրությունը դրական արձագանք է ունեցել, արժանացել մի շարք թատերախոսականների: Չնայած այս ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ բեմադրված է եղել ամերիկահայ գաղութում, սակայն դրա դրական ընդունելությունն առավելապես նպատակ է ունեցել քաջալերել նորաստեղծ թատերախմբին:
Թատերախմբի երկրորդ ներկայացումը Ժանին Մեյի «Արկածախնդրություն» դրաման էր, որին ժամանակի մամուլն արձագանքել է իբրև «Զարիֆյանի կողմից հիմնականում հայ կյանքը ներկայացնող ինքնուրույն գործեր բեմադրելու փորձ»:
Խումբը իր երրորդ ներկայացումը տվել է նոյեմբերի 16-ին, որը եղել է Անիթա Լուսի «Բամբասանք» կատակերգության բեմադրությունը, որը մամուլի կողմից համարվել է խմբի ամենահաջողված ներկայացումը: Այս բեմադրությանը մասնակցել են Զարիֆյան ամուսինները[4]:
Ֆինանսական խնդիրներ և փակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակի մամուլի վկայություններից պարզ է դառնում, որ թատերախումբն ունեցել է ֆինանսական խնդիրներ և կարիք է ունեցել աջակցության:
![]() |
Որքան լավ կլիներ, եթե «Հայ արվեստ» թատերախումբը իր թիկունքում ունենար նյութապես ապահով մի հովանավորող մարմին: Ժամանակն է, որ ստեղծվի նման մի մարմին և հնարավորություն տա վարձատրելու խաղացողներին: Վարձատրել և նոր միայն պահանջել լավագույն դերակատարում, մի իրավիճակ, ուր գտնված է կովկասահայ բեմը, հայության տալով Աբելյանի, Զարիֆյանի, Արմենյանի, Սևումյանի և անոնց նման սիրված դերասաններ[5]: | ![]() |
«Հայ արվեստ» թատերախումբը գործել է երեք ամիս միայն` 1930 թվականի սեպտեմբերից մինչև նույն թվականի նոյեմբերի վերջ: Ըստ Զարիֆյանի` թատերախումբը 1930 թվականի դեկտեմբերից արդեն գոյություն չի ունեցել[6]:
Այս թատերախմբի քայքայումից հետո Հովհաննես Զարիֆյանը համագործակցություն է փնտրել Ամերիկայում գործող մի շարք այլ թատերախմբերի հետ: