Հայոց մեծ թվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց մեծ թվական (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև՝ թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է մ.թ. 552 թվականի հուլիսի 11-ից։ Հայոց առաջին ամսի՝ Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին։ Հայոց մեծ թվականի հիմնադրման հարցը 554 թվականին քննվել է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584 թվականին։ Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը, զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց ազդեցություններից (եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում)։ Ըստ ձեռագիր տեղեկությունների՝ մի քանի տարի զատկական հաշիվները շփոթելուց հետո Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած զատկացանկի գործածության հետ մեկտեղ սկիզբ է առել Հայոց մեծ թվականը։ Ընդ որում, առաջին տարվա հիմնական եկեղեցական տոները՝ Սուրբ Ծնունդը և Զատիկը, համընկել են, համապատասխանաբար՝ 553 թվականի հունվարի 6-ի և ապրիլի 20-ի հետ։ Հայոց մեծ թվականի առաջին տարին կապվել է եգիպտացի տոմարագետ Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած 532-ամյա զատկացանկի գործածության հետ։ Եթե հարևան քրիստոնյա ժողովուրդների տոմարների հիմքում ընկած էր նույն հուլյան տարին, և հուլյան տոմարից դրանք տարբերվել են միայն ամսանուններով ու տարեսկզբով (որոնց նահանջի հաշվարկը կատարվել է 4 տարին մեկ), ապա հայոց տոմարում տարին մշտապես 365 օր հաշվելու հետևանքով հայոց և հռոմեական (և ոչ միայն հռոմեական) ամիսների համապատասխանությունը խախտվել է 4 տարում 1 օրով։ Այդ է պատճառը, որ Հայոց մեծ թվականը անվանել են շարժական տոմար։

Հայոց շարժական և հուլյան անշարժ տոմարների միջև, մինչև 532-ամյա պարբերաշրջանի ավարտը, առաջացել է 1 տարվա շեղում, որը Հովհաննես Սարկավագը առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ։ Հայոց մեծ թվականի և Քրիստոսի ծննդյան թվականի միջև զուգահեռ հաշվումներ կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1317–1320 թվականներին Նավասարդի 1-ը համընկել է հունվարի 1-ին։ Ուստի հայոց տարեսկզբի համար հաշվումներ կատարելիս Հայոց մեծ թվականը ստանալու համար մինչև 1320 թվականը պետք է հանել 551, իսկ 1320 թվականից հետո՝ 550։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, 2, Երևան, 1964, 1968։
  • Թումանյան Բ.,, Տոմարի պատմություն, Երևան, 1972։
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
  • Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 200