Հայկական վիրտուալ համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան, (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն, որ հայագիտական առարկաներ է դասավանդում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Չնայած համալսարանը հիմնված է Երևանում, այն հիմնականում ծառայում է հայկական սփյուռքին, ուր հայոց լեզու սովորելու հնարավորությունները համայնքից համայնք տարբեր են։ ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից։ ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում։ Ներկայումս ՀՎՀ-ն իր ծառայություններ է մատուցել մոր 4000 ուսանողի[1] աշխարհի 75 երկրներից։ ՀՎՀ ուսանողները կարող են յուրաքանչյուր ավարտած դասընթացից կուտակել կրեդիտներ՝ արդյունքում ստանալով վկայական, դիպլոմ և/կամ մագիստրոսի կոչում։ Ուսանողները նաև կարող են փոխանցել ՀՎՀ դասընթացների կրեդիտները աշխարհի տարբեր համալսարաններ և ուսումնական հաստատություններ։

Անդրանիկ ուսումնական շրջանը մեկնարկեց 2009 թվականին հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացնեով։ Այսօր ՀՎՀ դասընթացները հասանելի են տարբեր մակարդակներով և դասավանդման 7 լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական վիրտուալ համալսարանի գաղափարը ծնվեց և ծրագիրը նախագծվեց 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանի կողմից։ Ծրագրի նպատակն էր ապահովել այն ուսանողների կրթական պահանջները, ովքեր ցանկանում են սովորել հայոց լեզու, հայոց պատմություն ու մշակույթ, բայց հնարավորություն չունեն սովորելու իրենց համայնքներում դպրոցների բացակայության պատճառով։ Նախագծի նպատակն էր նաև հայագիտության ոլորտում առաջարկել նորարարական մոտեցմամբ և նոր տեխնոլոգիաներով մատուցվող մի ծրագիր, որը կգրավեր այսօրվա ուսանողին։

2013 թվականին Գրանադայի համալսարանի հետ սկսված համագործակցության[2] արդյունքում ՀՎՀ-ի արևելահայերեն լեզվի դասընթացները առաջակվեցին Գրանադայի համալսարանի ուսանողների՝ որպես երրորդ օտար լեզու։
2014 թվականին ՀՎՀ-ն վերաիմաստավորեց հայկական փորձը՝ ներկայացնելով նոր բազմահարթակ մեդիա արտադրանք՝ ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը Արխիվացված 2021-05-12 Wayback Machine, որն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, ինչպես նաև արդի թեմաներ։ ‹‹Հայկական լեռնաշխարհ›› խորագրով էլեկտրոնային գիրքի թողարկմամբ[3], որն առաջինն է ինտերակտիվ թվային գրքերի շարքում, սկիզբ դրվեց ՀՎՀ-ի ընդլայնմանը նոր և հետաքրքիր ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիրտուալ համալսարան. աշխարհասփյուռ հայերի համար ՀԲԸՄ ծրագիրը գործունեության երկու տարում ապացուցեց իր արդյունավետությունը - Կրթություն | ArmeniaNow.com». www.armenianow.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Հայկական վիրտուալ համալսարանի և Գրանադա համալսարանի համագործակցությունը». www.avc-agbu.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Հայկական վիրտուալ համալսարանը ներկայացրել է առաջին էլ. գիրքը Հայկական լեռնաշխարհի մասին». mediamax.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.