Հայկական չափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական չափ, պայմանական հասկացություն, որը ցույց է տալիս հայ բանաստեղծության մեջ կիրառված ձևերից մեկը։ «Հայկական չափը» ստեղծել և տեսականորեն հիմնավորել է հայ կլասիցիզմի խոշորագույն բանաստեղծ Արսեն Բագրատունին նախ` Վերգիլիոսի «Մշակականք» գրքի թարգմանության և առաջաբանի մեջ, ապա նշանավոր «Հայկ դյուցազն» պոեմում։ «Հայկական չափ» տողն ունենում է 13-16 վանկ, բայց միշտ բաղկացած է չորս անդամից։ Առավելագույն` 16 վանկից կազմված լինելու դեպքում տողն ունի չորս քառավանկ անդամ(4-4-4-4)։ Վանկերի թվի կրճատումը կապված է այն հանգամանքից, որ առաջին անդամը կարող է ունենալ ոչ միայն չորս, այլև երեք, երկու, նույնիսկ մեկ վանկ, իսկ երկրորդ անդամը երբեմն չորսի փոխարեն ունենում է երեք վանկ։ Երրորդ անդամը միշտ քառավանկ է, իսկ չորրորդը առանձին դեպքերում կարող է լինել եռավանկ։

Մթացան /երկինք և հողմք/ /չորից ծագաց/ ոստեան ի կռիւ/

Քարանձաւք /հեծէին/ճարճատէին/ լերանց մայրիք,
Եվ անդունք / Վասպուրական/ ամեհաբար/ գազանացեալ
Գոչեր /վիշապաձայն/, և մինչ ի գլլուխս / պարեխաց
Իբրև զունգ /յարդի մղեղեալ/ հոսեալ զփրփուր / ծովուն սրսկէր։
Գոռաց երկինք/որոտիւք / ծոց ամպոց ահագնացայտ,
Եւ ճայթոմունք /փայլատականաց/ ծագաց մինչև /ի ծագս երկնից
Պատառեալ /զխոր աղփամուղջ/ խաւարին զաչս/ շլացուցին։

Կիրառելով «Հայկական չափը»` Բագրատունին և նրա հետևորդները ուզում էին օգտագործել բանաստեղծության մեջ կիրառվող այնպիսի ձև, ինչպիսին օգտագործվում էր հին հունական և հին հռոմեական բանաստեղծության մեջ, ուր կային արտասանությամբ երկար ու կարճ վանկեր։ Հետևաբար վանկերի թվի կրճատումը պետք է հատուցվեր որոշ վանկերի երկարուձիգ արտասանությամբ։ Ելնելով իմաստից` վանկերն արտասանվում էին «արագաշարժ» կամ «ծանրաքայլ», որով պետք է հավասարակշռվեր տողերի արտասանության ժամանակամիջոցը։ Բայց սա չէր համապատասխանում հայկական տաղաչափության բնույթին. ահա թե ինչու XIX դարի վերջին «հայկական չափը» լրիվ հանվում է գործածությունից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան,Հ.Մախչանյան,Գրականագիտական բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 189