Հայերը Պիզայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիզայում հայերի գոյության մասին հնագույն հիշատակությունները 12-րդ դարից են։ 1115 թվականին քաղաքի բնակիչների մեջ հիշատակվում են արևելցի քրիստոնյաներ, ենթադրվում է, որ մեծ մասամբ հայեր էին։ 1320 թվականին Պիզայում հիմնադրվել է վանք, որն ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին (վկայում է դամբանական մի արձանագրություն)։ Վանքում օրինակվել են ձեռագրեր, հայ արքեպիսկոպոս Գրիգորն անձամբ արտագրել է բազմաթիվ ձեռագրեր։ Օրինակված ձեռագրերը պահպանվել են Վիեննայի Ազգային և Միլանի Ամբրոսյան գրադարաններում։ 1366 թվականին Պիզայում կառուցված մենաստանի վիմագիր արձանագրությունը վկայում է, որ այդ մենաստանի հիմնադիրը Պետրոս անունով մի հայ վաճառական էր։ Պիզան, ինչպես Վենետիկն ու Ջենովան, առևտրական հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Պիզացի վաճառականները, որոնք հաստատված էին Այասում, այնտեղ ունեցել են իրենց հյուպատոսը (13-14–րդ դարերում)։ Հայ առևտրականներ Պիզայում երևացել են մինչև 18-րդ դարի վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։