Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ՏեսակՆվագախումբ
Երկիր Հայաստան
Հիմնադրված է2005
Պաշտոնական կայք
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգ
«Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգ
Սերգեյ Սմբատյան, Քշիշտոֆ Պենդերեցկի

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է Սերգեյ Սմբատյանի կողմից, որը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մինչ օրս[1]։ Իր գոյության սկզբից ի վեր` նվագախումբը մեկ հարկի տակ հավաքել է դասական երաժշտության նվիրյալների, որոնց մշտապես միավորել է Հայաստանում մշակութային իրազեկության ընդլայնման և դասական երաժշտության զորությամբ մարդկանց ներաշխարհի հոգևոր կատարելագործման առաքելությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս հարուստ ու բազմազան երկացանկով, ինչպես նաև տարբեր ժանրեր ու կատարողական ձևաչափեր ընդգրկող տարեկան ավելի քան 50 համերգով։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախումբը բազմաթիվ առիթներով համագործակցել է աշխարհահռչակ կոմպո-զիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու[2], Սըր Կառլ Ջենքինսի, Գիյա Կանչելիի, Տիգրան Մանսուրյանի[3], ինչպես նաև շատ մեծանուն մենակատարների հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բազմամյա բարեկամական հարաբերություններ ունի համաշխարհային մեծության երաժիշտների հետ, որոնց թվում՝ Վալերի Գերգիևը, Վլադիմիր Սպիվակովը, Մաքսիմ Վենգերովը[4], Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Վահագն Պապյանը, Բորիս Բերեզովսկին, Զախար Բրոնը և ուրիշներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հյուրընկալվել է շատ հեղինակավոր համերգասրահներում, որոնց թվում՝ Փարիզի «Օպերա Գարնիեում», Բեռլինի «Կոնցերտհաուզում», Հաագայի «Դոկտոր Անտոն Ֆիլիփսզալում», Մոսկվայի «Չայկովսկու համերգասրահում» և Կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Բրյուսելի «Գեղեցիկ արվեստների պալատում», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիում», Մադրիդի թագավորական թատրոնում, Դուբայի օպերայում[5] և այլուր։

2020 թվականը առանձնահատուկ էջ դարձավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատմության մեջ՝  հանրահայտ ջութակահար և նվագախմբի ռեզիդենտ արտիստ Մաքսիմ Վենգերովի հետ ունեցած Եվրոպական համերգային տուրի շնորհիվ, որի ընթացքում նրանք փայլուն ելույթներ են ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի, Վիեննայի «Մուզիքֆեղայնի», Լոնդոնի «Բարբիքան սենթրի», Պրահայի «Դվորժակի համերգասրահի», Զալցբուրգի Փառատոնային մեծ համերգասրահի, Մյունխենի «Ֆիլարմոնի Գասթայգի», Շտուտգարտի «Լիդեհալլեի», Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահի բեմերում։

Հայաստանում և արտերկրում ունեցած համերգային լայնածավալ գործունեությունից զատ՝ ՀՊՍ նվագախումբը նաև մեծապես ճանաչված և գնահատված է Հայաստանի երիտասարդների կրթության գործում իր աստիճանաբար ընդլայնվող դերի համար։ 2018 թվականից սկսած՝ «ԴասA»[6] կրթամշակութային ծրագրի շրջանակում ՀՊՍ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն և համակրանք է բռնկում Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների մեջ։ Սա նպատակ ունի խթանել առավել ընդարձակ մի շարժում՝ ուղղված երիտասարդ սերնդի շրջանում դասական երաժշտության մասին վեհ պատկերացումների և երաժշտական բարձր ճաշակի ձևավորմանը։

ՀՊՍ նվագախմբի մի շարք ելույթներ հեռարձակվել են Medici.tv, Euronews, and Classic.fm մեդիահարթակներում։ 2019թ. «Mezzo» հեռուստաընկերության կողմից թողարկվել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին և նվագախմբի պատմությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային երաժշտասերների լայն շրջանակներին ներկայացված է Only Stage ընկերության կողմից։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սմբատյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  2. «Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  3. LLC, Helix Consulting. «Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կներկայացվի տեսանյութերի հետ գեղեցիկ համադրմամբ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  4. «Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  5. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Դուբայում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը».
  6. ««ԴասԱ» կրթամշակութային ծրագիր».